Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։
Անհաս նորածին է համարվում հղիության 20-րդ շաբաթից մինչև 37-ն ընկած ժամանակահատվածում ծնված, նախքան զարգացման լիարժեք ավարտը լույս աշխարհ եկած երեխան: Ի տարբերություն հասուն ծնվածների` անհասներն ունենում են արտաքին տեսքի, վարքագծի, սնուցման ու քնի բոլորովին այլ դրսևորումներ, որի արտահայտվածության աստիճանը կախված է հղիության այն ժամկետից, որում ծնվել է բալիկը: Անհաս երեխաները չափերով փոքրիկ են, նրանց գլուխը անհամեմատ մեծ է մարմնից, իսկ վերջույթները կարճ են և բարակ: Ենթամաշկային ճարպային շերտի բացակայության պայմաններում, չկարողանալով ապահովել սեփական մարմնի ջերմաստիճանը, կարիք են ունենում ժամանակավոր կյուվեզի (ինկուբատոր) մեջ ապրելու։ Այս երեխաների մաշկային ծածկույթը խիստ բարակ է, թափանցիկ, ինչը հաճախ թույլ է տալիս տեսնել լավ արտահայտված ենթամաշկային անոթային ցանցը։ Արտաքինից այն հաճախ պատված է լինում առատ աղվամազով (լանուգո)։
Վաղաժամ ծնված երեխաների մեծ մասն ունենում է սնուցման խնդիրներ և կերակրվում է քթից դեպի ստամոքս անցկացվող հատուկ զոնդերի միջոցով։ Փոքրիկները պահանջում են ավելի հաճախակի կերակրումներ՝ յուրաքանչյուր ժամ կամ ժամուկեսը մեկ անգամ։ Ոչ լիարժեք զարգացած մկանների ու նյարդերի հետևանքով անհասների մոտ բացակայում են որոշ ռեֆլեքսները՝ ծծման, պտուկի որոնման, հափշտակման։ Նրանք լինում են չափազանց զգայուն վարակների նկատմամբ։ Ուստի անհրաժեշտ է հիգիենայի լիարժեք ապահովում, խուսափում մարդաշատ վայրերից և համառ տեսակցողներից։ Անհասներին կարելի է համարել «քնկոտ» (մինչև 22 ժամ/օր), քունը մակերեսային է, միանվագ տևողությունը չի գերազանցում մեկ ժամը` ներառելով 20 րոպեանոց իրար հաջորդող քնի և արթնացման կարճ փուլեր։ Սա նշանակում է, որ պետք չէ շտապել որոշակի ռեժիմ սահմանելու հարցում։ Քնի լավագույն դիրքը բալիկի պարագայում մեջքի վրա պառկած ձևն է, դրա շնորհիվ նվազեցվում է մանկական հանկարծամահության համախտանիշի բարձր ռիսկը։ Երեխայի օրորոցը պետք է լինի ազատ ծածկոցներից, բարձերից, խաղալիքներից և մոբիլից։ Սենյակի ջերմաստիճանը հարկավոր է պահպանել 20-24° C։
Անհաս բալիկների լացը հազիվ լսելի է` պայմանավորված ոչ լիարժեք ձևավորված շնչառական համակարգով։ Երբեմն ունենում են շնչառության կանգի` ապնոէի երևույթներ, ինչի համար միացվում են հատուկ օժանդակող շնչառական ապարատներին։ Որոշ անհասներ կարող են պահանջել շարունակական ինտենսիվ հսկողություն անգամ տան պայմաններում, օրինակ` թթվածնի մակարդակի պարբերական գրանցում։ Դա շատ պարզ ու հասարակ գործողություն է, պետք է միայն ուշադիր լինել թվերին, 93 և ցածր սատուրացիայի (թթվածնի մակարդակ) պայմաններում կապվել բժշկի հետ։
Ծնողները չպետք է սպասեն, թե փոքրիկն իր զարգացման աստիճանով համապատասխանելու է ծնված տարիքին։ Օրինակ` եթե բալիկը ծնվել է 8 շաբաթ շուտ, նա չի համարվի նորածին և չի ունենա նորածնին բնորոշ վարքագիծ մինչև չլրանա 2 ամսականը։ Նա նաև դանդաղ է քաշ ավելացնելու։ Կարիք չկա ավելորդ համեմատությունների անցկացման հարևան հասուն ծնված երեխաների հետ։ Երեխան ծնվել է վաղաժամ ու պարզապես պետք է սպասել մինչև կհասնի իր տարեկիցներին։
Աղբյուրը՝ Աննա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջ