Կնոջ հղիության ընթացքում ինֆեկցիաների զարգացումը, դեղորայքի (մանավանդ՝ հորմոնալ հակաբեղմնավորիչների) օգտագործումը, որոշ գենետիկական գործոնները կարող են պատճառ դառնալ փոքրիկի մոտ արատների առաջացման, որոնցից հաճախ հանդիպողներից մեկը հիպոսպադիան է:
Հիպոսպադիան առնանդամի ու միզուկի բնածին արատ է, և բաղկացած է լինում երեք բաղադրիչից՝ թլիպի ճեղքվածություն, առնանդամի ծռվածություն, միզուկի արտաքին բացվածքի ստորադիր տեղակայություն: «Հաշվի առնելով միզուկի բացվածքի տեղակայման չափը՝ տարբերակում ենք խնդրի դիստալ, միջին ու խորը ձևեր: Եթե այն գլխիկի և ցողունի միջև ակոսի շրջակայքում է, ապա դրսևորվում է դիստալ ձևը: Երբ միզուկի բացվածքը տեղակայված է ցողունի վրա, գործ ունենք ցողունային կամ միջին ձևի հետ: Իսկ եթե գտնվում է ցողունից ներքև, ունի փոշտային, շեքային տեղակայություն, ապա արտահայտվում է արատի խորը տարբերակը»,- նկարագրում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկական և նորածնային վիրաբուժության ծառայության ղեկավար, մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը: Նա ընդգծում է՝ արատն ախտորոշվում է երեխայի ծննդից անմիջապես հետո: Հաջորդիվ մանկական ուրոլոգի զննումն էական է այնքանով, որ բացի ախտորոշումը հաստատելը, նաև ժխտվեն համակցված հիվանդությունները՝ կրիպտորխիզմ, մեատոստենոզ, մակերիկամների բնածին հիպերպլազիա, ճողվածք և այլն:
Հիպոսպադիայի բուժման նպատակով կատարվում է վիրահատական միջամտություն: Վիրահատության համար բացարձակ ցուցումներ են համարվում միզանցքի տեղակայությունը գլխիկի ակոսի մակարդակին ու ավելի վար, միզանցքի նեղ լինելը, մեզի շիթի շեղումը դեպի ներքև, ցնցուղի նման միզարձակությունը, առնանդամի ծռվածությունը: Հարաբերական ցուցումներից են միզանցքի ոչ տիպիկ դիրքը, առնանդամի չափավոր պտտվածությունը, արտաքին տեսքի հետ կապված ծնողի կամ երեխայի հոգեսեքսուալ բարդույթները: Վիրահատության արդյունքում հնարավոր է լինում ապահովել առնանդամի ուղիղ ցողուն, միզուկի չզարգացած տեղամասի ձևավորում և միզանցքի տեղակայում գլխիկի գագաթին:
«Արատի շտկումը կատարվում է 1-2 տարեկանում: Ավելի վաղ միջամտությունը չի իրականացվում, քանի որ հյուսվածքները դեռևս գտնվում են ձևավորման փուլում: Վիրահատությունն առավել ուշ իրականացնելը ևս նպատակահարմար չէ, քանի որ առաջ է բերում լրացուցիչ խնդիրներ: Սկսվում է բալիկի սոցիալիզացիայի պրոցեսը, փոքրիկը հայտնվում է զանազան նոր միջավայրերում և շփվում այլ երեխաների հետ, նկատում նրանց համեմատ ունեցած տարբերությունները, որոնք էլ հենց տանում են հոգեսեքսուալ խնդիրների առաջացման: Որքան մեծ տարիքում է արվում շտկումը, այնքան բարդությունների ծագման հավանականությունը տոկոսային առումով աճում է»,- ասում է մասնագետը և հավելում՝ բացարձակ ցուցումների առկայության դեպքում չվիրահատելը կարող է բերել ապագայում անպտղության, սեռական հարաբերությունների անհնարինության, դիսկոմֆորտի, միզային համակարգի ախտահարման: Այս ամենը պետք է հստակաբար գիտակցեն ծնողները, ինքնահոսի չթողնեն ու ճիշտ ժամանակին կազմակերպեն փոքրիկի առողջական խնդրի լուծումը՝ իհարկե ընտրելով վստահելի, փորձառու մասնագետներ:
Մանկական վիրաբույժի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 50 75 47
Ֆեյսբուքյան էջ՝ Dr Ashot Hovsepyan
Ինստագրամյան էջ՝ dr.ashot_hovsepyan