Ի՞նչ բաղադրություն ունի կրծքի կաթը և ինչո՞վ է օգտակար երեխայի համար

0-3ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։ 

 

Կրծքի կաթը ոչ այլ ինչ է, քան  իդեալական սնունդ նորածնի համար: Այն, նախևառաջ, անվտանգ է, մաքուր և տրամադրում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու կալորիաները, աջակցում ուղեղի զարգացմանը և աճին, դյուրին կերպով մարսվում օրգանիզմի կողմից: Կրծքի կաթը փոխանցում է հակամարմիններ, ինչի շնորհիվ բարձրանում է իմունիտետը, բալիկը կարողանում է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ՝ սովորական մրսածությունից մինչև ավելի լուրջ վիճակներ: Հետազոտությունները փաստում են, որ կրծքի կաթը նվազեցնում է ասթմայի, էկզեմայի, շաքարախտի, լեյկոզի, ատամների քայքայման, ականջի վարակների, մշտական ​​փորլուծության զարգացման ռիսկը: Նաև կրծքով կերակրումը էականորեն իջեցնում է երեխայի հանկարծակի մահվան համախտանիշի ռիսկը։

 

 

 

Կաթնախեժ և հասուն կաթ  

Կաթնախեժը՝ կրծքի կաթի սկզբնական ձևը, որ երեխան ստանում է լույս աշխարհ գալուց հետո, դառնում է նրա առաջին իմունիզացիան։ Կաթնախեժը հիմնականում դեղնավուն երանգ ունի և խիտ է։  Արտադրվում է որոշակի քանակությամբ, ներթափանցում է փոքրիկի մարսողական համակարգն ու «ծածկում» աղիները, որպեսզի հեռու վանի ախտածին բակտերիաներին և նպաստի միկրոֆլորայի հավասարակշռմանը։ Կաթնախեժը հարուստ է լեյկոցիտներով ու օժանդակում է առաջին կղանքի՝ մեկոնիումի դուրսբերմանը։ 

Ծննդաբերությունից մի քանի օր հետո սկսում է արտադրվել արդեն հասուն կաթը։  Դա նույնպես առանձնանում է իր բաղադրությամբ․ պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ, հանքային տարրեր և ջուր այնքան, որքան երեխային անհրաժեշտ է։ Ժամանակի ընթացքում կրծքի կաթը քիչ-քիչ փոխվում է, ստանում է հստակ սպիտակ երանգ ու բնորոշվում ճարպերի մեծ քանակությամբ։

 

 

 

Կրծքով կերակրումը մայրիկի համար ևս օգտակար է

Կրծքով կերակրումն օգուտ է բերում թե՛ երեխային, թե՛ մայրիկին: Այդ պրոցեսի ազդեցությամբ, նախ, կինն առավել արագ և հեշտությամբ է վերականգնվում ծննդաբերությունից հետո: Կրծքով կերակրման ընթացքում արտազատվող հորմոններն օգնում են արգանդին  նկատելի տեմպերով ստանալ իր նախկին, սովորական չափերը և նվազեցնում է հետծննդաբերական արյունահոսության հավանականությունը: Կրծքով կերակրումը որոշակի դեր է խաղում կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղից, արյան բարձր ճնշումից խուսափելու հարցում: Կրծքով կերակրման ժամանակ կնոջ օրգանիզմը հատկապես լավ է կլանում կալցիումը, որն էլ բերում է ոսկրերի ամրացմանը:

Ընդհանուր գործընթացի արդյունքում հրահրվում է օքսիտոցինի արտազատումը: Օքսիտոցինը կապվում է սիրո, հանգստության և դրական հաղորդակցության զգացումների հետ: Շեշտենք, որ կրծքով կերակրումն ամրապնդում է ծնող-երեխա փոխհարաբերությունները, մաշկ-մաշկ շփումը ձևավորում է յուրահատուկ կապ մայրիկի և բալիկի միջև: Երեխային դուր է գալիս ծնողի մաշկի բույրը, սրտի զարկերի ձայնն ու կաթի համը: Ի դեպ, կրծքի կաթն ունի քաղցր համ, սակայն  կարող է փոխել համը՝ կախված նրանից, թե ինչ է ուտում մայրիկը:

Կրծքով կերակրման դեպքում մայրիկը նաև ժամանակ է խնայում, քանի որ, ի տարբերություն կաթնախառնուրդի, կրծքի կաթը գնում կամ պատրաստում չի պահանջում: Հրաշալի է, երբ կարելի է երեխային վերցնել ու դուրս գալ կարճաժամկետ զբոսանքի կամ գնալ երկար ճանապարհ՝ առանց փաթեթներով և կերակրման սարքավորումներով լի պայուսակի:

 

 

 

 

Կրծքով կերակրման տեխնիկան

Գործընթացը սկսելիս մայրիկը երեխային մոտեցնում է իր մարմնին, ձեռքով գրկում նրա  մարմինը (ոչ միայն ուսերը)։ Կրծքին մոտենալիս երեխայի բերանը պետք է լայն բացված լինի և շուրթերը հետ ձգված, պտուկը արեոլայի (հարպտուկային մուգ շրջանը) հետ տեղավորվում է փոքրիկի բերանում, իսկ կզակը հպվում է կրծքին։ Կերակրման ճիշտ տեխնիկայի պարագայում կրծքով կերակրումը չի լինում ցավոտ։ Եթե կերակրման ժամանակ լինում է ցավ, նշանակում է, որ երեխան մակերեսորեն է վերցրել կուրծքը, միայն պտուկը։ Դա կարող է հանգեցնել պտուկի ճաքի։ Այդ դեպքում հարկավոր է  ընդհատել կերակրումը և կրկնել կրծքին մոտեցնելն այնպես, որ երեխան վերցնի պտուկն ու արեոլայի մեծ մասը։

Մայրը երեխային կարող է կերակրել տարբեր դիրքերով: Կարևորն այն է, որ մոր դիրքը լինի հարմարավետ, ու փոքրիկը կարողանա բերանով ընդգրկել կրծքի հնարավորին չափ հատված, որպեսզի ստանա բավականաչափ կաթ։ Բալիկին կարելի է կերակրել, օրինակ, նստած վիճակում՝ օգտագործելով հակառակ ձեռքի դիրքը։ Դա այն է, երբ մայրիկը երեխայի մարմինը ողջ երկարությամբ պահում է ձեռքի վրա, որը կերակրող կրծքի հակառակ կողմում է։ Տվյալ ձեռքով նա կարող է կարգավորել բալիկի գլխի շարժումները և մի կրծքից տեղափոխել դեպի մյուսը՝ չփոխելով սեփական դիրքը։

 

 

 

 

Որքա՞ն ժամանակ կերակրել երեխային կրծքի կաթով  

Պետք է արձանագրել, որ ինտերվալը կրծքով կերակրումների միջև կանոնավոր չէ։ Փոքրիկը մեկ օրում կարող է կերակրվել 6-12, նույնիսկ՝ 18 անգամ։ Հաճախակի կերակրումներով այս վաղ փուլը աստիճանաբար փոխարինվում է առավել կանոնավոր ռեժիմով։ Ընդ որում, լակտացիան հաստատվում է ավելի արագ, եթե մայրը երեխային կերակրում է պարբերաբար ու տևական։

Խորհուրդ է տրվում կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում փոքրիկին կերակրել բացառապես կրծքի կաթով, չտրամադրել այլ սննդամթերք կամ ջուր: Վեց ամսականից հետո միայն երեխաները պետք է սկսեն ուտել համապատասխան լրացուցիչ սնունդ: Հավելյալ սնուցմանը զուգահեռ կրծքով կերակրումը շարունակվում է մինչև երկու տարեկանը և երբեմն ավելի երկար։ Նկատի ունեցեք, որ նորածիններին հարկավոր է կրծքով կերակրել ըստ պահանջի, այսինքն՝ այնքան հաճախ, որքան երեխան է ուզում: Ցանկալի չէ օգտագործել շիշ կամ ծծակ: