Փոքրիկի՝ մայրիկի մարմնից դուրս գալուց հետո միանգամից նկատվում է, որ նրա մաշկը պատված է սպիտակավուն, յուրօրինակ շերտով: Տվյալ «տարօրինակ» ծածկույթը կոչվում է «Վերնիքս» ու հանդիսանում է բավականին օգտակար բալիկի համար: Դա յուղոտ, պանրի նմանվող շերտ է, որը պատում է նորածնի մաշկն արգանդում գտնվելու ընթացքում: Կազմվում է մաշկային բջիջներից և ճարպային արտազատուկներից, պաշտպանում է փոքրիկի մաշկն արգանդում ամնիոտիկ հեղուկի թթուներից:
Վերնիքսը սովորաբար ձևավորվում է հղիության 19-րդ շաբաթում ու շարունակում է խտանալ մինչև 34-րդ շաբաթը: Ավելի վաղ ծնված երեխաները հակված են առավել շատ վերնիքս ունենալուն, քան ուշ ծնվածները: Եթե երեխան լույս աշխարհ է եկել ժամանակին, ապա նրա մաշկի ծալքերում կամ եղունգների տակ կարող է մնալ քիչ քանակով: Եթե ուշ է ծնվել, կարող է ընդհանրապես վերնիքս չմնալ, ինչի հետևանքով մաշկը միգուցե կնճռոտվի կամ թեփոտվի: Սակայն անհանգստանալու կարիք չկա, վերջինս ժամանակավոր է:
Վերնիքսի առավելություններից մեկն էլ այն է, որ հեշտացնում է ծննդաբերական ուղով բալիկի տեղաշարժը: Ծննդաբերությունից հետո վերնիքսը կարող է շարունակել պաշտպանել բալիկի մաշկը՝ օգնելով պահպանել խոնավությունը և կանխել բակտերիալ վարակները: Այն պարունակում է նաև միացություններ, որոնք նպաստում են բնական ծննդաբերության հետևանքով առաջացած վերքերի ապաքինմանը։ Առաջին հայացքից անհարմար թվացող շերտը, որն իրականում միայն օգուտ է ապահովում, խորհուրդ է տրվում թողնել երեխայի վրա առնվազն վեց ժամ:
Աղբյուրը՝ մանկաբույժ Արփինե Հովակիմյանի ինստագրամյան էջ