Կնոջ մոտ սկզբնական շրջանում արտադրվող կաթնախեժը քանակով քիչ է, սակայն խիստ սննդարար է և կարող է նորածնի պահանջները լիովին բավարարել: Կաթնախեժի անգամ մեկ կաթիլն ի զորու է կշտացնել փոքրիկին:
Հաջորդող շաբաթների ընթացքում երեխան կշտանում է, թե ոչ, հնարավոր է հասկանալ նրա քաշը պարբերաբար ստուգելով: Երեխայի կշտանալու հավաստի ցուցիչը հենց հավաքած քաշն է: Այդ նպատակով կարելի է տանը կշռել փոքրիկին 2-3 օրը մեկ նույն ժամին: Օրական նվազագույնը 20 գ ավելացում պետք է լինի: Եթե երեխայի զանգվածը նորմալ ավելանում է, ապա կրծքի կաթը նույնպես բավարարում է: Այն, որ փոքրիկը հաճախ լաց է լինում, չի նշանակում՝ քաղցած է և կաթը չի հերիքում: Լացն ու անհանգիստ լինելը միայն քաղցի հետ չէ, որ կապված են:
Իմիջիայլոց, կա տարածված կարծիք՝ եթե բալիկը քաշ չի հավաքում, ապա կրծքի կաթը բավարար սննդարար կամ յուղոտ չէ: Յուրաքանչյուր կնոջ կաթ իդեալական բաղադրություն ունի տվյալ պահին երեխայի համար: Երբ կերակրող մայրը նույնիսկ հիվանդանում է, մարմինն անմիջապես սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք անցնում են կաթի մեջ և դրանով իսկ պաշտպանում բալիկին հիվանդությունից կամ օգնում առավելագույնս հեշտ տանել հիվանդությունը՝ ապահովելով իմուն համակարգին աջակցություն: Ինչ կապված է յուղայնության հետ, միջինում բոլոր կանանց կաթի յուղայնությունը 4 % է: Նայելով կթած կաթին՝ ոչ ոք չի կարող դատել կաթի յուղոտ կամ անյուղ լինելու մասին:
Աղբյուր՝ կրծքով կերակրման խորհրդատու Անուշ Սաքանյանի ֆեյսբուքյան վիդեոհոլովակ