Ինչպե՞ս վարվել, եթե երեխայի ջերմությունը բարձրացել է, ու դուք, որպես ծնող, խստորեն անհանգստացած եք:
Մանկաբույժ Արփինե Հովակիմյանը խորհուրդ է տալիս առաջնահերթ ուշադրություն դարձնել երեխայի ինքնազգացողությանը: Այն դեպքում, երբ երեխայի ջերմությունը հասնում է 38°C-ի, սակայն նա զգում է իրեն շատ լավ, ակտիվ է, հանգիստ խաղում է ու ուտում, բավական է հետևել բալիկի ինքնազգացողությանը՝ առանց որևէ ջերմիջեցնող խմեցնելու: Սակայն, երբ երեխայի ջերմությունը նույնքան է, և նա թույլ է, ցուցաբերում է անհանգիստ վարք ու հրաժարվում է սննդից, ջերմիջեցնող տալ կարելի է:
Բալիկի ջերմությունը նվազեցնելու համար կարող եք օգտագործել կա՛մ «Պարացետամոլ», կա՛մ «Իբուպրոֆեն», քանի որ այլ դեղամիջոցների համեմատ սրանք առավել անվտանգ են: Դեղաչափը հաշվարկվելիս հաշվի է առնվում բալիկի մարմնի զանգվածը: «Պարացետամոլ»-ն ընտրելիս հաշվարկ կատարում են 10-15 միլիգրամը 1 կգ-ին ցուցանիշով: Ազդեցությունը դրսևորում է խմելուց 30-40 րոպե անց: «Իբուպրոֆեն»-ի դոզան հաշվարկում են 10 միլիգրամը 1 կգ-ին ցուցանիշով: Նրա ազդեցությունը նկատվում է 1-2 ժամ հետո: Երեխային ջերմիջեցնող տալուց հետո անհրաժեշտ է հանգիստ սպասել արդյունքին: Եթե ջերմությունը վատ է իջնում կամ ընդհանրապես չի իջնում, կարելի է օգտագործել մյուս հակաջերմային դեղամիջոցը: Օրինակ՝ սկզբում տվել եք «Իբուպրոֆեն» ու չորս ժամ հետո նորից ջերմում է երեխան, տվեք արդեն «Պարացետամոլ» և հիշե՛ք՝ «Պարացետամոլ»-ի ընդունման միջակայքն է 4-6 ժամը մեկ, իսկ «Իբուպրոֆենինը»՝ 6-8 ժամ:
Մանկաբույժին շտապ դիմել անհրաժեշտ է հետևյալ իրավիճակներում՝
◾ Ջերմում է 0-3 ամսական երեխան՝ հատելով 37․5°C-ի սահմանն ու մոտենալով 38°C-ին: Երեքից վեց ամսական փոքրիկներն այդ առումով նույնպես խոցելի են, այնպես որ բժշկի հետ կապի մեջ լինելը կարևոր է:
◾ Երեխային տվել եք թույլատրելի հակաջերմային միջոցները, սակայն ջերմությունն այդպես էլ չի իջնում (ֆիքսեք, որ «Իբուպրոֆեն»-ը հակացուցված է մինչև երեք ամսականներին, և բալիկներին ինքնուրույն մեծ քանակի դեղամիջոց տալը կարող է վատթարացնել վիճակը):
◾ Ջերմությունը բավականին բարձր թվերի է՝ 39°C ու ավելին:
◾ Տենդին ուղեկցում են ուրիշ ախտանշաններ․ առկա է ջրազրկում, բալիկի մաշկը չոր է ու մեզը քիչ, գաղթունն արտափքված է, շրթուքները կապտած են, աչքերի տակ փոսիկներ են, չի արձագանքում մայրիկին, ցնցվում է, հրաժարվում է սննդից և հեղուկներից, ունի մաշկի ցանավորում և այլն:
◾ Ջերմությունը տևում է հինգ օր և ավել:
Մասնագետը զգուշացնում է՝
✓ Մանկական տարիքում չկիրառել «Ասպիրին»՝ տենդը վերացնելու համար:
✓ Բալիկի մարմինը չշփել սպիրտով ու քացախով, քանի որ երեխայի մաշկի ներծծող հատկությունը բարձր է, հետևաբար առաջ կգան թունավորման նշաններ, տեղային մաշկային ռեակցիաներ:
✓ Բացառել տաք հագուստն ու հագցնել բալիկին թեթև:
✓ Չօգտագործել հակաբիոտիկներ ջերմության դեմ: Հակաբակտերիալ դեղորայք տալուց առաջ միշտ պետք է խորհրդակցել:
Ավելացնենք՝ տենդն առաջնային հիվանդություն չէ, այլ ֆիզիոլոգիական մեխանիզմ, որն ունենում է բարենպաստ ազդեցություն վարակի դեմ պայքարում: Ջերմության բարձրացումը դանդաղեցնում է բակտերիաների և վիրուսների աճը, ուժեղացնում է նեյտրոֆիլների արտադրությունն ու T-լիմֆոցիտների բազմացումը: Տենդով երեխայի բուժման հիմնական նպատակը պետք է լինի բարելավել երեխայի ընդհանուր ինքնազգացողությունը՝ շեշտը չդնելով նորմոթերմիայի վրա: