Նորածին երեխաների համար մեկ սնունդը մայրական կաթն է: Բայց պատահում է, որ մոր կաթը չի բավարարում կամ երեխան չի ընդունում այն: «Սնուցման հետ կապված խնդիրներ լինում են այն ժամանակ, երբ ի սկզբանե լինում է սխալ մոտեցում, ինչի հետևանքով էլ երեխան հրաժարվում է կրծքից: Միայն այս դեպքում ենք ստիպված լինում նշանակել ադապտացված կեր»,- ասում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ Սուսաննա Աբրահամյանը:
Հայաստանում նորածինների 1-2%-ին են մանկաբույժները նշանակում կաթի փոշի: Մանկաբույժը շեշտում է, որ նորածիններին խստիվ արգելվում է տալ որևէ հավելյալ սնունդ, առավել ևս` կաթի փոշի:
«Կաթի փոշին չի կարելի համարել 100%-անոց բնական սնունդ, որովհետև նրա ստացման եղանակները տարբեր են:Միշտ չէ, որ կաթի փոշին ստանում են բնական կաթից. այն համարվում է պահածոյացված սնունդ: Կաթի փոշին` իր բաղադրությամբ, մարսողունակությամբ, կազմով, առավելագույնս մոտեցված է կովի կաթին, որն ունի բարձր սննդային արժեք և ցանկալի չէ տալ փոքրիկին»,-բացատրում է մասնագետը: Նա կաթի փոշին` որպես օժանդակ միջոց, համարում է օգտակար և կիրառելի, բայց ոչ վաղ մանկական տարիքի համար:
«Եթե երեխան կուրծք է ուտում, ապա ուրիշ բան պետք չէ: Բայց եթե հավելյալ սնունդն անխուսափելի է, պետք է նշանակել ադապտացված կաթնախառնուրդներ: Դրանք հատուկ կոմբինատների կողմից արտադրված կաթնամթերքներ են, որոնց բաղադրությունը մոտեցնում են մայրական կաթին»,-բացատրում է Աբրահամյանը` շեշտելով, որ ադապտացված կաթնախառնուրդները պետք է անպայման նշանակի մանկաբույժը:
«Ադապտացված կաթնախառնուրդներ նշանակում է մանկաբույժը`յուրաքանչյուր երեխայի անհատական պահանջներից ելնելով: Պետք է հաշվի առնել տարիքը, քաշը, ալերգիկ ֆոնը: Կան կերեր, որոնք ուղակի չի ընդունում երեխայի օրգանիզմը: Կան մարսողական համակարգի, երիկամային խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար այդքան էլ նպատակահարմար չէ կաթնախառնուրդների նշանակումը»,- նշում է մանկաբույժը:
Անի Ասատրյան