Նորածինը և մայրիկը. միասին լինելու առավելությունները

Խնամք


Նախկինում ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինն առանձին սենյակում գտնվի, իսկ մայրը յուրաքանչյուր երկու կամ չորս ժամը մեկ տեսնի նրան` կերակրելու համար: Հայրը, եղբայրները և քույրերը փոքրիկին տեսնում էին միայն ապակու հետևից:

Այսպես էին վարվում` հիգիենայի պահանջներից ելնելով: Վիճակը, բարեբախտաբար, փոխվել է: Մորը երեխայի հետ նույն սենյակում պահելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է 1994-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան մոտ 24 ժամ գտնվում է նույն սենյակում, եթե չկա խանգարող որևէ լուրջ պատճառ` մոր կամ երեխայի առողջության հետ կապված:

Մոր և երեխայի միասին գտնվելն ունի մի քանի առավելություն:

  • Մայրն արագ և լավ է ճանաչում երեխային, նրա կարիքները:
  • Առաջնածին մայրերն ավելի վստահ են լինում երեխայի հետ հարաբերություններում, քանի որ լողացնելու, հագցնելու հնարավորություն ունեն: Այդ ընթացքում անհետանում է մոր վախը, որ չի կարողանա լավ կատարել իր պարտականությունները:  Կարիքի դեպքում օգնում է բուժքույրը:
  • Նորածնի աճն արագանում է, նա հաճախ ժպտում է, ավելի քիչ լալիս, քան առանձին գտնվող երեխաները:
  • Այս եղանակն օգնում է հեշտ հարմարվել կրծքով կերակրելուն, քանի որ մայրը կարող է փոքրիկին կերակրել այն պահին, երբ նա քաղցած է: Դա խթանում է կաթի առաջացումը, բացի այդ` ավելանում է կրծքով և ոչ թե շշով կերակրելու մոր ցանկությունը:
  • Աճում է երեխայի վստահությունը , քանի որ մայրը  նրան կերակրում է  լաց լինելու առաջին իսկ պահին: Փոքրիկներին իրենց սիրված և հասկացված են զգում:
  • Այս  եղանակը  դրական ազդեցություն ունի նաև հետծննդյան դեպրեսիայի վերացման համար:   Երբ երեխան կողքին է, մայրն այլևս չի անհանգստանա ու մտահոգվի նրա համար: