Երեխայի հոգեբանական զարգացման առանձնահատկությունները 0-8 ամսականում․ ի՞նչ է անհրաժեշտ նրան ծնողներից

0-3ամիս

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:

Փոքրիկի հոգեկանի զարգացումն ունի մի քանի կրիտիկական շրջաններ, որոնցում այն կամ առաջընթաց է ապրում, կամ անուշադրության մատնվում` բերելով անձնային խանգարումների, նևրոտիկ դրսևորումների և նման այլ խնդիրների: Անհրաժեշտ է, որ ծնողներն իմանան՝ որոնք են այն ճգնաժամային փուլերը, երբ դաստիարակությունը պետք է թիրախային ու նպատակային լինի: Դրանք են՝ 0-8 ամսականը, 1-3 և 3-6 տարեկանը: Ի դեպ, այն, ինչ ակտուալ ու կարևոր է առաջին փուլում, մյուսում կորցնում է իր արդյունավետությունը և նույնիսկ վնասում երեխային: Նշանակում է՝ յուրաքանչյուր էտապի համար հարկավոր է ունենալ բոլորովին տարբեր մոտեցումներ:

0-8 ամսականում դաստիարակության վեկտորն ուղղվելու  է երեխայի և շրջապատող աշխարհի միջև «պատնեշի» ստեղծմանը: Բալիկը պետք է որոշակիորեն պատկերացում կազմի՝ ով է ինքը, որոնք են իր պահանջմունքները, ինչն է գալիս դրսից: Եթե տվյալ «պատնեշը» չի ստեղծվում ընդհանրապես կամ ոչ բավարար չափով, ապա ապագայում կարող ենք գործ ունենալ հոգեկան զարգացման հապաղման հետ: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ երեխայի ու շրջակա միջավայրի միջև սահման դնելու համար: Սկզբում անհրաժեշտ է բազային պահանջմուքների բավարարում, օրինակ՝ կուշտ է, հագուստը՝ չոր, քունը՝ նորմալ: Որքան բավարարվածությունը մեծ լինի բազային պահանջմուքների բավարարումից, այնքան ամուր կլինի հոգեկանի զարգացման ֆունդամենտը: Պետք է ապահովել անընդմեջ բավարարում` պայմանական ռեֆլեքսներ առաջացնելու նպատակով: Ամեն անգամ գլխուղեղի նեյրոնների միջև ձևավորվում են ժամանակավոր կապեր, երբ բալիկը ստանում է խնամք արտաքին աշխարհից` նվազեցնելով իր ներսում կուտակված լարումը: Այսպես` փոքրիկը քաղցած է, ներքին լարվածությունն ու դիսկոմֆորտն աճում են, ինչի հետևանքով երեխան սկսում է գոռալ: Գալիս է մայրիկը, հանգստացնում նրան, կերակրում ու շոյում, որից հետո լարվածությունն իջնում է` տեղը զիջելով բավարարվածությանը: Ու եթե մայրիկը մի անգամ գա, մյուս անգամ չգա, փոքրիկը կկորցնի ապահովության և կայունության զգացումը` դառնալով նյարդային, լացկան, դյուրագրգիռ:

Խիստ ցանկալի է, որ բալիկի հիմնական խնամքն իրականացնի մեկը: Լավագույնը, անշուշտ, մայրիկն է: Սա չի նշանակում, որ հայրիկը կամ մեկ ուրիշը չի կարող օգնել: Ուղղակի տվյալ շրջանում երեխայի բուն խնամքը, ժամանակի մեծ մասը պետք է կիսի հենց մայրիկը: Ինչու՞: Նախ՝ երեխայի ու մոր միջև ձևավորվում է յուրահատուկ սիմբիոտիկ կապ, որից երեխան ոչ միայն ֆիզիոլոգիապես է սնվում, այլև հոգեբանորեն: Եվ հետո՝ ամեն ոք խնամելու իր ձևն ունի, իսկ փոքրիկի համար կարող է սթրեսային լինել, երբ ամեն անգամ խնամքի ոճը փոփոխման է ենթարկվում: Օրինակ` բալիկը լաց  է լինում, և մի դեպքում  մայրիկն է գալիս ու կրծքով կերակրում, հաջորդին` տատիկը կաթի շշով մոտենում, երրորդ անգամ` պապիկը երգում: Այդպես նորածնի միջավայրը միայն հագեցվում է նոր, ճնշող ազդակներով:

Ներարգանդային զարգացումից հետո փոքրիկը 0-8 ամսականում պետք է ապրի իր երկրորդ «ոսկե դարը»: Իհարկե, չենք համեմատի ներարգանդային կյանքի հարաբերականորեն կայուն վիճակի հետ, որի պարագայում երեխան միևնույն ջերմաստիճանում է, սնունդը պորտալարի միջոցով ստանում է, արտաքին սթրեսային ազդակներից առավելագույնս պաշտպանված է: Մեզ մոտ հարկավոր է երեխայի համար ստեղծել հանգիստ վիճակ, հուզական դրական արձագանքներ, կինեսթետիկ հպումներ, շոյանքներ ու երկխոսություններ, կրծքով կերակրումներ, համատեղ քուն, միասին զգոսանքներ և գրկախառնություններ: Այս ամենը հնարավորություն կտա բալիկին ունենալ հոգեկանի զարգացման առողջ հիմք, որի վրա էլ կկառուցվեն մյուս շրջանները: Արդեն 8 ամսականում երեխան առաջնային տարբերակում կդնի իր և շրջապատող միջավայրի միջև, սուբյեկտիվորեն կընկալի՝ սովը, լացը, տակը թաց լինելն իրենն են, իսկ կաթը, անուշ ու հանսգստացնող ձայնը, փափուկ և նուրբ ձեռքերը մայրիկինն են, իրենից դուրս են: Փոքրիկը ոչ հստակ, բայց հասկանալու է՝ գոյություն ունի ինքը ու իրենից դուրս այլ ինչ-որ մի բան: Մոտավորապես 8 ամսականից մինչև մեկ տարեկանը բալիկի մոտ ընթանալու է վաղ ուսումնասիրության փուլը: