Ե՞րբ է առաջին անգամ ժպտում նորածինը և ի՞նչ է ուզում ցույց տալ

0-3ամիս

Մեծահասակը կարող է վերահսկել  իր ժպիտը, թաքցնել այն՝ ջանք գործադրելով առաջացնել կամ «փոխանցել» մյուսին: Նորածինների մոտ լիովին այլ մեխանիզմ է գործում:

Նորածնի դեմքին ժպիտ հնարավոր է նկատել առաջին իսկ շաբաթներին, բայց այն ռեֆլեքսային է։ Ռեֆլեկտիվ  կերպով երեխան դադարում է ժպտալ մոտավորապես երկու ամիս անց: Առաջին գիտակցված ժպիտը նրա դեմքին հայտնվում է 1.5-3 ամսականն ընկած ժամանակահատվածում։

Ինչպե՞ս տարբերել դրանք․ ռեֆլեքսային ժպիտներն ավելի կարճ են և սովորաբար հայտնվում են, երբ երեխան քնած է: Իսկական ժպիտն ինչ-որ բանի պատասխանն է, ինքնարտահայտման միջոց։ Օրինակ՝ փոքրիկը ժպտում է՝ տեսնելով մայրիկին կամ լսելով եղբոր ձայնը, փորձելով ուշադրություն գրավել, իր սերը դրսևորել։ Մայրիկն ու հայրիկն այդ պահին կզգան նորածնի աչքերում առկայծող փայլը: Երեխայի առաջին իսկական ժպիտը խոսում է նրա զարգացման մասին։ 

Ժպտալը ոչ միայն էմոցիոնալ արժեք ունի, այլև սոցիալական։ Մանուկ հասակից երեխան սկսում է հասկանալ, որ տվյալ ձևով նա կարող է շփվել այլ մարդկանց հետ: Սովորում է հասկանալ իր զգացմունքները և ընկալում այն փաստը, որ ունակ է ազդել ուրիշների վրա: Դա գոհունակություն, ուրախություն, հուզմունք և երջանկություն արտահայտելու մեթոդ է դառնում: Ի դեպ, մոտ երեք շաբաթականում՝ կյանքի առաջին ամսվա վերջում, երեխան սովորում է հայացքն ուղղել հետաքրքրության առարկայի վրա, ուշադիր նայել մայրիկին և հայացքը հառել նրան, մայրիկի ու բալիկի միջև հայացքների միջոցով հաստատվում է կապ, հաղորդակցություն: Նման պահերին մայրիկը պետք է հնարավորինս շատ սիրալիր խոսքեր ասի փոքրիկին, երգի նրա համար, տա անունը, ուրախացնի տարաբնույթ հնարքներով, հպվի մարմնին ու շոյի։

Երեք ամսականից հետո փոքրիկը, ժպտալուց բացի, սկսում է նաև ծիծաղել, ապա ավելացնել ձայնային հնչյուններ: Անծանոթ մարդկանց տեսնելիս էլ մինչև վեց ամսական հասակը ժպտում է, բայց հետագայում ուրիշների դեմքերը կարող են երեխայի մեջ անհանգստություն առաջացնել, ինչը նորմալ է։

Եթե ցանկանում եք տեսնել բալիկի ժպիտը, իսկ նա դեռ չի պատրաստվում իր ժպիտը նվիրել, մի՛ վհատվեք․ դա չի նշանակում, որ նա դժգոհ է։ Ամեն երեխա ծնվում է յուրահատուկ բնավորությամբ և կառուցվածքային առանձնահատկություններով։ Մեկը ժպտում է չորրորդ շաբաթականում, երկրորդը՝ յոթերորդ կամ ութերորդ, իսկ երրորդն էլ՝ տասներկուերորդ: Բայց եթե երեխան արդեն չորս ամսական ու ավելի է, և դուք երբեք չեք տեսել նրա ժպիտը, մանկաբույժի հետ խորհրդակցելու կարիք կա։

 

Աղբյուրը՝ parents.ru