Փոքրիկի զարգացումը 0-1 ամսականում․ ի՞նչ պետք է իմանա մայրիկը

0-3ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։

Նորածնի համար իր կյանքի առաջին ամիսն ադապտացիոն շրջան է, իսկ մայրիկի համար՝ ամենադժվարը։ Մայրիկը ողջ ուշադրությունը կենտրոնացած է երեխայի վրա, որպեսզի հասկանա նրա պահանջներն ու լացի պատճառները։  Լույս աշխարհ գալու պահից սկսած՝ փոքրիկն  ունենում է մի շարք ռեֆլեքսներ, որոնք օգնում են հարմարվել նոր միջավայրին։ Դրանցից մեկը որոնման ռեֆլեքսն է։ Մանուկը փնտրում է մոր կուրծքն և միաժամանակ լայն բաց անում բերանը: Երբ հպվում ենք մանկան բերանին կամ այտին, այդ ժամանակ էլ բացում է բերանը և շրջվում գրգռիչի կողմը: Որոնման ռեֆլեքսի հետ հանդես է գալիս ծծման ռեֆլեքսը: Սա ի հայտ է գալիս, երբ որևէ առարկա դիպչում է մանկան քիմքին: Հարկ է իմանալ, որ սկզբնական օրերին երեխան կորցնում է քաշի 3-10 %-ը, ինչը նորմալ է։ Մոտ 10-14 օրվա ընթացքում այն վերականգնվում է և կարող է նույնիսկ գերազանցել ծննդյան քաշը: Մինչև մեկ ամսականը երեխան պետք է ավելացնի նվազագույնը 500 գ քաշ, գրանցի 2-3 սմ աճ։

Խնամում ենք փոքրիկին ու կերակրում 

Նորածինները շատ են քնում, օրական 14-17 ժամ կամ ավելի՝ հաճախակի արթնանալով կերակրման համար: Կրծքով սնվող երեխաները սովորաբար  ուտում են 2-3 ժամը մեկ, իսկ արհեստական տարբերակով սնվող երեխաները կամ նրանք, ովքեր ընդունում են կրծքի կաթը և կաթնախառնուրդը միասին, ուտում են 2-4 ժամը մեկ: Ամեն դեպքում, պետք է կերակրել երեխային ըստ պահանջի, այլ ոչ թե ժամացույցով: Բալիկները շատ են ուտում հատկապես առաջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ առնվազն 8-12 անգամ 24 ժամվա կտրվածքով:

Նորաթուխ մայրիկը կարող է չկողմնորոշվել՝ արդյո՞ք  երեխան համապատասխան քանակով է սնվում: Նրան կօգնեն այս հուշումները՝

✓ երեխան հանգիստ է

✓ քաշի ավելացումը համապատասխանում է տարիքին

✓ օրվա մեջ օգտագործվող տակդիրների քանակը նորմալ է (5-12)

 

Վիտամիններ

 

Չմոռանանք, որ փոքրիկին տրվում է վիտամին D, որի պրոֆիլակտիկ դոզան կազմում է օրական 1 կաթիլ։

 

Մարսողություն

 

Բալիկի առաջին կղանքը  հիմնականում լինում է սև ու կպչուն և կոչվում է մեկոնիում։ 

 

Անկողին

 

Շատ կարևոր է պահպանել փոքրիկի քնելու վայրի անվտանգության կանոնները։ Երեխան պետք է քնի չոր ներքնակին առանց բարձերի և խաղալիքների, պառկեցվի մեջքի վրա՝ նվազեցնելու համար հանկարծամահության ռիսկը:

 

Լոգանք

 

Էական է պահպանել նաև լոգանքի անվտանգության կանոնները։ Նորածիններն ամեն օր լոգանք ընդունելու կարիք չունեն։ Հարկավոր է տակդիրը փոխելուց հետո ջրով լվանալ մանկիկի մարմնի տվյալ մասը և ոչ թե անձեռոցիկով սրբել,  իսկ լողացնել կարելի է շաբաթական 2-3 անգամ։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-38 ͦ C։  Չի կարելի թեկուզ մեկ վայրկյանով թողնել նորածնին առանց հսկողության, դնել նրան լոգաթասի մեջ։  Բացառում ենք ձեռքերի, ոտքերի ու վզի ձգումները, լոգանքի ժամանակ չենք օգտագործում մարգանցովկայի լուծույթ: Պորտալարի մնացորդը, որն ընկնում է սկզբնական շաբաթների ընթացքում, անհրաժեշտ է պահել մաքուր ու չոր:

  

Փոքրիկը լաց է լինում․ ինչու՞

 

Նորածնի լացի պատճառները տարբեր են: Հնարավոր է՝

․ երեխան քաղցած է

․ տակդիրը փոխելու ժամանակն է

․ անհարմարություն պատճառող իր կա, օրինակ՝ թաթիկին թել է փաթաթվել կամ վզին դիպչում է հագուստի պիտակը

․ կոլիկաներն են անհանգստացնում (կոլիկաները սկսվում են երեխայի կյանքի 2-րդ կամ 3-րդ շաբաթում, ամենից հաճախ դիտվում են 6-րդ շաբաթում) 

 

Ծնողի և երեխայի շփումը

 

Առաջին ամսվա վերջում երեխան կարողանում է որոշ չափով պահել գլուխը, կենտրոնացնում է հայացքը, ձայներ հանում, տեսնում է պատկերը 20-30 սմ հեռավորության վրա, ճանաչում մայրիկի ձայնը և հոտը։  Եթե ցանկանում եք զարգացնել ձեր 1 ամսական բալիկի լսողական ու ճանաչողական հմտությունները, ապա միշտ զրուցեք նրա հետ և երգեք:  Զբոսանքներ կազմակերպեք, ճանապարհին նկարագրեք մարդկանց, տներն ու շրջապատող ամեն բան։ Հաճախ գրկեք երեխային, ապահովեք մաշկը մաշկին շփում, թափահարեք վառ գույնի և  ձայն արձակող խաղալիքներ։ 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան