Կողային բարձիկներ․ ի՞նչ առավելություններ ունեն և ո՞րն է պետք գնել

0-3ամիս

Շատ կարևոր է, որպեսզի փոքրիկը հատկապես կյանքի առաջին տարվա ընթացքում զերծ լինի տրավմաներից։

Տարատեսակ վնասվածքներ ստանալու հավանականությունն, իհարկե, ամենուրեք է։ Նույնիսկ օրորոցում է տվյալ վտանգն առկա այն պատճառով, որ մանկիկի ձեռքերն ու ոտքերը հաճախ մնում են ճաղավանդակների արանքում, բալիկը գլխով հարվածում է ճաղավանդակին։ Նման ճանապարհով վնասումը կանխելու և փոքրիկի քնի միջավայրն առավել անվտանգ դարձնելու նպատակով երբեմն առաջարկվում է կիրառել կողային բարձիկներ։ Մայրիկներին բնականորեն կհուզի՝ անկողնային ինչ պարագա է դա, ինչպիսի միջուկներ է ունենում, ու ինչ չափանիշներով է անհրաժեշտ ուղղորդվել՝ լավագույն տարբերակը ձեռք բերելու համար։  

 

Նոր աքսեսուա՞ր

Կողային բարձիկներն օրորոցի ճաղերին ամրացվող փափուկ, տեքստիլից պատրաստված հարմարանքներ են։ Դրանց միջոցով ստեղծվում է փոքրիկին շրջապատող պաշտպանիշ «շերտ», որը ջերմությունը պահում է ներսում, արգելափակում տարածքները, որտեղից երեխան կարող է փորձել դուրս գալ կամ ծծակն ու խաղալիքն ընկնել։ Տվյալ բարձիկներն օգտագործելիս պետք է պարտադիր պահպանել մաքրության կանոնները։ Բարձիկները պարբերաբար պետք է լվանալ, այլապես փոշի կհավաքվի, ինչն էլ  բացասաբար կանդրադառնա երեխայի առողջության վրա։

 

Ընտրում ենք կողային բարձիկ

Շուկայի բազմազանությունը հնարավորություն է տալիս մայրիկին գնել նախընտրած դիզայնով ու սենյակի երանգներին համապատասխան հավաքածու։ Սակայն եթե արտաքին տեսքը մի կողմ թողնենք, կողային բարձիկները պետք է առաջին հերթին լինեն հեշտ խնամվող, այսինքն՝ նախատեսված լինեն հաճախակի լվանալու համար։ Այս չափանիշին են համապատասխանում ամբողջական կարված տարբերակները, որոնք տեղավորվում են լվացքի մեքենայում ամբողջությամբ, հանվող երեսներով տարբերակները, որոնց միջուկը ևս առանձին հնարավոր է լվանալ։

Հաջորդ կարևոր չափանիշը միջուկի տեսակն է։ Հաճախ օգտագործվում է սինտեպոն, քանի որ այն մատչելի է, լվացումը բարդ չէ, չի առաջացնում ալերգիա։ Համեմատաբար քիչ են օգտագործվում սպունգն ու բուրդը։ Եթե սպունգի միակ դրական կողմը լվանալուց հետո տեսքի պահպանումն է, ապա բրդյա արտադրանքը ոչ միայն չունի դրական կողմեր, այլ նաև, ըստ մասնագետների,  վտանգավոր է, որովհետև առաջացնում է ալերգիկ ռեակցիա։ Այս երկու տարբերակները խոչընդոտ են դառնում մաքուր օդի թափանցման համար։ Լավագույն տարբերակ է  համարվում հոլլոֆայբերը։ Սա սինտեպոնի տեսակ է, փոքր-ինչ ավելի թանկ, բայց ավելի «շնչող» ու թեթև։

Կողային ճիշտ բարձիկների ընտրության մյուս էական չափանիշը կտորն է։ Անկասկած, նորածնի համար անհրաժեշտ է ընտրել լավագույնը, այն է՝ բամբակը։ Նախընտրելի է «սատին» տեսակի բամբակյա կտորը կամ գոնե 100 % բամբակյա կտորը, որը մեզանում հայտնի է «չիթ» անվամբ։ 

Այնուամենայնիվ, արտաքին տեսքը ևս պակաս կարևոր բաղադրիչ չէ: Ցանկալի է ընտրել պատկերազարդ, դետալներով հագեցած ձևեր, քանի որ պատկերները գրավում են փոքրիկի ուշադրությունը, օգնում ֆիքսել հայացքը բարձիկին, դրդում մեկնել ձեռքը: Չենք ընտրում չափազանց վառ, խայտաբղետ գույներով հավաքածուներ։

Նշենք, որ կողային բարձիկները վաղ շրջանում կիրառելու դեպքում պետք է օրորոցի մեկ կողմը թողնել բաց մինչև 4-6 ամսականը։ Այդ պարագայում փոքրիկը  կգտնվի մայրիկի ուշադրության կենտրոնում։

 

 

Հեղինակ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Գաբրիելյան