Երեխաները մինչեւ 3 ամսականը կարող են լողալ սովորել

Նորածինները ջրի մեջ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Պատճառն այն է, որ նրանք մինչև ծնվելը 9 ամիս շարունակ մոր արգանդի պտղաջրերում են: Բայց ջրում լինելը նրանց համար ոչ միայն սովորական ու հաճելի է, այլև օգտակար: Մանկական լողը կարող է բուժել կոնքազդրային հոդերի խախտումը:

Եթե ի ծնե երեխայի լողալու կարողությունը չզարգացնեն մինչև 3 ամսականը, այն կկորչի` պնդում են մասնագետները:

Պարապմունքները պետք է սկսել երեխայի կյանքի 2-3 շաբաթականից, երբ ապաքինվում է փոքրիկի պորտի վերքը: Մանկաբարձ- գինեկոլոգներն ահազանգում են` վերջին տարիներին շատացել են կոնքազդրային հոդի խախտումներով ծնված երեխաները: Եթե հիվանդությունը շուտ չնկատեն ու հնարավորին չափ շուտ չբուժեն, երեխան հետագայում կաղ կլինի: Բուժման լավագույն միջոցը լողն է: Ջրային վարժությունները երեխայի հոդերում կարգավորում է նյութափոխանակությունը: Բայց պրոցեդուրան պետք է կատարի մասնագետը, ծնողների թույլ տված փոքր սխալի պատճառով երեխան կարող է երկար ժամանակ վախենալ ջրից: Երեխայի համար լողալը պետք է լինի հաճելի ու գրավիչ խաղ:

Հենց ջրում էլ նա հեշտությամբ սովորում է քայլել: Ջուրը պետք է լինի մինչև երեխայի կրծքավանդակը: եթե ջուրը լցվում է նրա քիթը, պետք չէ նրան միանգամից հանել ջրից, երեխան կհազա ու հենց ջրի մեջ էլ կհանգստանա, հակառակ դեպքում նա ավելի շատ կվախենա: Պարապմունքից պարապմունք երեխան ավելի ինքնուրույն է դառնում: Փոքրիկ լողորդների լողավազանի ջերմաստիճանն էլ սկզբում պետք է համապատասխանի պտղաջրի ջերմաստիճանին` 37 աստիճան: Իսկ հետո աստիճանաբար կարելի է իջեցնել մինչև 34-ի ու երաշխավորված է երեխայի ճիշտ զարգացած կեցվածքը: Ջրային լոգանքները ամրացնում են երեխայի ոսկրերն ու ճիշտ ձևավորում թոքերը:

 

ԱրմՆյուզ, Բուժակ