Փոքրիկի լսողությունը. ո՞ր տարիքից է լսում, ինչպե՞ս է արձագանքում, ե՞րբ պետք է անհանգստանալ

Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:

Ո՞ր տարիքից են սկսում լսել փոքրիկները:

Հղիության 20 շաբաթականից սաղմն արդեն ունենում է ռուդիմենտար լսողություն, որը զարգանում է մինչև երեխայի ծնվելը։ Հենց այդ պահից սկսած սաղմը կարող է լսել արտաքին աշխարհից

եկող ձայները։ Նորածնի լսողական ընկալումը շատ լավ է զարգացած հենց ծնվելու պահից, պարզապես նրա լսողական և տեսողական համակարգերը կոորդինացված չեն: Այդ է պատճառը, որ երեխան չի շրջվում, երբ ձայն է լսում:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան նորմալ լսում է:

Դա կարելի է հասկանալ երեխայի վարքից։ Ծննդյան պահից մինչև 3 ամսական հասակը երեխան ձայնից արթնանում է, բարձր ձայնից վախենում, աղմուկից աչքերը չռում է։ 3-4 ամսականում մոր ձայնից հանգստանում է, նոր ձայն լսելիս սկսում է այն փնտրել տեսադաշտում։ 6-9 ամսականում երեխան բլբլում է, երաժշտական խաղալիքներից ուրախանում։ Ներկայում գրեթե բոլոր ծննդատներում իրականացվում է լսողության ստուգման սկրինինգ։ Եթե երեխան ունենում է լսողության հետ կապված խնդիր, ծննդատնից դուրս գրվելիս մայրն արդեն տեղյակ է լինում դրա մասին։

Ե՞րբ անհանգստանալ:

Պետք է անհանգստանալ, եթե երեխան արդեն նշված ամիսներին  համապատասխան վարք չի դրսևորում։ Լսողության խանգարումների մասին կարող է վկայել խոսքի զարգացման հապաղումը, խոսքի բացակայությունը, խոսքի որակի իջեցումը։ Ծանրալսություն ունեցող երեխաների մի մասը մտավոր զարգացման խնդիրներ են ունենում։ 

Ի՞նչն է լսողության կորստի պատճառը:

Լսողության կորուստ կամ ծանրալսություն կարող է զարգանալ ականջի զարգացման արատների, ականջի բորբոքային հիվանդությունների (օտիտ, մաստոիդիտ), ներարգանդային ինֆեկցիաների (հերպես, սիֆիլիս, կարմրախտ, տոկսոպլազմոզ), որոշ դեղորայքների, գանգուղեղային վնասվածքների հետևանքով։ Լսողության կորուստը կարող է լինել ժառանգական, այսինքն՝ փոխանցվել ծնողներից։ 

Ի՞նչ անել խնդրից խուսափելու համար:

Եթե առկա են զարգացման արատներ, անհրաժեշտ է դրանց վիրահատական շտկում, բորբոքային հիվանդությունների և ինֆեկցիաների բուժում, իսկ ծանրալսությունն ախտորոշվելուց հետո անհրաժեշտ է կիրառել լսողական սարքեր։