«Ցտեսություն, մայրիկ». սովորում ենք մայրիկին բաց թողնել

Դաստիարակություն

Նորածինը իր օրվա հիմնական ժամանակն անցկացնում է մայրիկի հետ: Սակայն վաղ թե ուշ գալիս է ժամանակը, երբ մայրիկը և փոքրիկը պետք է «բաժանվեն» միմյանցից, օրինակ, մայրիկը պետք է աշխատանքի, խանութ կամ հյուր գնա: Ինչպե՞ս սովորեցնել երեխային որոշ ժամանակ անցկացնել առանց մայրիկի:

Նախ` երեխայի հետ բացատրական զրույց պետք է ունենալ ու բացատրել որոշակի ժամանակով միմյանցից հեռու գտնվելու անհրաժեշտությունը: Չի կարելի երեխայից գաղտնի հեռանալ` նրա ուշադրությունը մեկ այլ բանով շեղելով: Նման պարագայում կարող են խնդիրներ առաջանալ: 

  • Նախ դուք երեխայից հեռու գտնվելու ողջ ընթացքում մտահոգված կլինեք, թե ինչպես է իրեն զգում փոքրիկը
  • Փոքրիկը մայրիկին «ցտեսություն» ասելու պահը կսկսի ընկալել որպես ողբերգություն, որը կարող է բերել շրջապատի մարդկանց միշտ աչքի առջև` հսկողության տակ պահելու ձգտման
  • Կարող է խանդ առաջանալ դեպի մայրիկի անձնական գործերը, որոնք իրենց «բաժանման» պատճառն են
  • Մայրիկի` գաղտնի ու հանկարծակի հեռանալու դեպքում երեխան իրեն խաբված և անուշադրության մատնված կզգա
  • Այսպիսով նաև հնարավոր է երեխայի մոտ բնավորության վատ գծեր ձևավորվեն, ինչպես ագրեսիվություն, մայրիկին մեկ քայլ անգամ բաց չթողնելու սովորություն և այլն:

Տնից դուրս գալուց 10 րոպե առաջ հանգիստ երեխային բացատրեք, թե ուր եք գնում և ինչու:

Բացատրեք նրան, որ քանի դեռ դուք աշխատավայրում եք, երեխան կմնա, օրինակ, տատիկի հետ: Երեխային ասեք նաև, թե այդ ընթացքում ինչով է զբաղվելու, օրինակ «տատիկի հետ կխաղաք, կգնաք զբոսանքի, հացիկ կուտեք» և այլն: Նշեք նաև, թե երբ կվերադառնաք, օրինակ «Մայրիկը կգա, մինչև դու խաղաս ու հաց ուտես»:

Բաժանման պահը ձգձգել պետք չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս բաժանման ամենօրյա «ծես» ձևավորել: Օրինակ, մայրիկը կարող է համբուրել փոքրիկին, ձեռքով «ցտեսություն» ասել ու հեռանալ: Գործընթացը նույնությամբ պետք է կրկնել ամեն օր:

Ըստ մասնագետների` բաժանման պահին պետք չէ երեխային նվերներ խոստանալ, սակայն տուն վերադառնալիս կարելի է երեխայի համար քաղցրեղեն կամ այլ բան բերել:

Կարևոր է նաև, որ մայրիկը տուն վերադառնալիս դեպի իրեն վազող երեխային միշտ սիրով ու ժպիտով դիմավորի:

Նյութն ըստ mamashkam.ru  և deto4ka.com   կայքերի

Գովազդ