10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 1

Դաստիարակություն

Աշխարհի 29 երկրներում ծնողին, ուսուցչին կամ որեւէ մեկին արգելվում է ապտակել երեխային, իսկ 113 երկրներում արգելված է երեխաների ֆիզիկական պատիժը դպրոցում:

Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, ծնողի կողմից ֆիզիկական ոչ շատ խիստ պատիժը դեռեւս ընդունելի տարբերակ է, երբեմն նույնիսկ խրախուսելի: Վերջին մի քանի տարում շատ հոգեբաններ, սոցիոլոգներ ու ծնողներ առաջարկում են երեխաների ծեծը օրենքով վերանայել:  «Վերջ երեխաների պատժին» (End Punishment of Children (EPOCH)  կազմակերպության համակարգող Փիթեր Նյուըլի դիտարկմամբ`  բոլոր մարդիկ ունեն  ֆիզիկական պաշտպանության իրավունք, եւ չպետք է մոռանալ, որ երեխաները նույնպես մարդ են:

Եվ այսպես, ինչու չի կարելի ծեծել երեխային.

1. Երեխան ծեծվելով սովորում է, որ ինքը նույնպես կարող է ծեծել:  Ուսումնասիրությունները վկայում են, որ մանկական տարիքի ծեծի ու պատանեկական տարիքի ագրեսիվության միջեւ ուղիղ կապ կա: Հիմնականում հանցագործները հենց այն մարդիկ են, որոնք մանուկ հասակում ենթարկվել են ֆիզիկական բռնության կամ պատժվել են ծեծով: Օրինաչափ է, որ երեխաները սովորում են իրենց ծնողներից, այսինքն` նրանց վարքն է առաջին հերթին, որ օրինակ  է ծառայում:  Եվ ահա, պետք է գիտակցել, որ  ծնողների պարտականությունն է իմաստության եւ կարեկցանքի մարմնավորմամբ օրինակ ծառայել:

2. Որպես կանոն, երեխայի` այսպես կոչված վատ վարքը պայմանավորված է նրա տարիքով  ու փորձով. ասել է թե` նա վարվում է այնպես, ինչպես կարողանում է: Եվ հիմնականում այդ վատ վարքն  ուղղված է նրա կարիքների անտեսմանը: Իսկ այդ կարիքներն են` քունը, սնունդը, մաքուր օդը, զբոսանքն ու մարզանքը, աշխարհաճանաճումը ու նույնիսկ թաքնված ալերգիաների բուժումը: Բայց ամենամեծ կարիքը ծնողների կողմից անվերապահ ուշադրությունն է: Մեր մշտազբաղ կյանքը շատ հաճախ թույլ չի տալիս  ծնողներին ինչպես հարկն է ժամանակ տրամադրել երեխաներին: Ծնողները շատ հաճախ տարված են իրենց սեփական  խնդիրներով ու մտահոգություններով, ինչի արդյունքում պատշաճ ուշադրություն եւ  կարեկցանք չեն դրսեւորում: Միանգամայն սխալ է եւ անազնիվ` երեխաներին պատժել այն բանի համար, որ նրանք շատ բնականորեն ընդվզում են իրենց հիմնական կարիքների անտեսման դեմ: Այս շարժառիթով  պատիժը ոչ միայն անարդար է, այլեւ չի կարող երկարատեւ ազդեցություն ունենալ:

3. Պատիժը շեղում է երեխային այն ճանապարհից, որը ցույց կտա, թե ինչպես պետք է լուծել խնդիրն ավելի հումանիստական ու արդյունավետ մեթոդով: Պատժված երեխան դառնում է բարկությամբ ու վրեժով լցված մեկը, որը չի փնտրում  խնդրի լուծման ավելի արդյունավետ ճանապարհ: Այսպիսով, ֆիզիկապես պատժվող երեխան շատ քիչ բան է սովորում, թե ինչպես պետք է կանխել խնդիրը  կամ գլուխ հանել դժվար իրավիճակներից:

 

Շարունակելի

 

Աղբյուրը` naturalchild.org

 

Գովազդ