10 արտահայտություններ, որոնք պետք է բացառել. ուղեցույց ծնողներին

Դաստիարակություն

Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել որոշ արտահայտություններից փոքրիկին չվնասելու համար:

1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ

Հոգեբանները հավաստիացնում ես, որ այս արտահայտությունը վնասում է փոքրիկին և տրամադրում է անհաջողության: Նա իրեն հիմար և անփույթ է զգում և ապագայում վախենում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` մտածելով, որ մայրիկն էլի կբարկանա:

2. Վերցրու, միայն թե հանգստացիր

Ծնողներին դժվար է դիմանալ ժամեր տևող նվնվոցին` «լավ էլի, տուր, դե տուր»: Բայց համաձայնելով փոքրիկին տալ այն, ինչ նա ցանկանում է, ծնողները սովորեցնում են փոքրիկին, որ լացելով, նվնվալով և համոզելով կարելի է հասնել ամեն ինչի, իսկ մայրիկի «ոչ»-ին չի կարելի լուրջ վերաբերվել: 

3. Մի անգամ էլ տեսա, չփոշմանես

Ինչպես ցույց է տվել փորձը` սպառնալիքից այն կողմ գործը չի հասնում: Ոչ մայրիկը, ոչ հայրիկը չեն իրագործում իրենց խոստումը, իսկ փոքրիկը վախենում է: Այս արտահայտությունը փոքրիկի մոտ արթնացնում է միայն վիրավորանք: Մի վախեցրեք ձեր փոքրիկին:

4. Ասացի` հենց հիմա վերջացրու

Պետք չէ այդքան կտրուկ լինել փոքրիկի հետ: Չէ՞ որ նա ձեր փոքրիկն է: Եթե դուք մի պահ կորցրեցիք ինքնատիրապետումը, ավելի լավ է ներողություն խնդրել: Փոքրիկը նեղանում է և իրեն անզոր զգում: Եվ «վերջացնելու» փոխարեն փոքրիկները սկսում են արտասվել կամ կամակորություն անել, իսկ դեռահասները լուռ հեռանում են և ամփոփվում իրենց մեջ:

5. Դու պետք է հասկանաս, որ…

Փոքրիկները քարոզներ չեն ընկալում, և նրանց մոտ արթնանում է ինքնապաշտպանողական ռեակցիա: Հիշեք, որ փոքրիկը նույնպես մարդ է, ում մոտ «խնդիր» է առաջացել, և այդ պահին նա ձեր կարիքն ունի, այլ ոչ քարոզի:

6. Տղաները (աղջիկները) իրենց այդպես չեն պահում

Անընդհատ դա ասելով ծնողները երեխայի մոտ սերմանում են որոշակի կարծրատիպեր: Եվ մեծանալով տղան արդեն չի կարող ադեկվատ ընկալել իր էմոցիոնալությունը, իսկ աղջիկները բարդույթավորվում են, եթե չափազանց կանացի չեն լինում:

7. Մի նեղսրտիր մանրուքների պատճառով

Գուցե փոքրիկի համար դա բնավ էլ մանրուք չի: Հիշեք ձեզ մանուկ հասակում: Այո, փոքրիկը կարող է նեղսրտել, եթե իր տնակը փլվել է կամ խաղալիք մեքենան փչացել է: Չէ՞ որ իր փոքրիկ աշխարհում տնակն ու մեքենան արդեն իսկ շատ կարևոր են:

8. Խնայիր առողջությունս

Մայրիկները հաճախ են այդպես ասում: Բայց հիշեք` վաղ, թե ուշ այդ ամենը դադարում է լուրջ ընկալվել, և մայրիկի վատ ինքնազգացողությանը փոքրիկն արդեն լուրջ չի վերաբերում: Նա մտածում է, որ մայրիկն այդպես է ասում, որպեսզի ինքը դադարի թռչկոտել, աղմկել, խաղալ և այլն:

9. Ոչ, մենք դա չենք գնի, փող չկա, թանկ է

Դժվար է փոքրիկին բացատրել, թե ինչու չի կարելի ամեն ինչ գնել, բայց ստացվում է, որ երբ մայրիկի կամ հայրիկի մոտ փող լինի, կարելի է ամեն ինչ գնել: Փոքրիկը հենց այդպես է հասկանում այդ արտահայտությունը: Ավելի լավ է ասել` «դու արդեն նման խաղալիք ունես» կամ «այսքան շոկոլադը վնաս է»:

10. Բոլորը նորմալ երեխաներ ունեն, իսկ ես…

Այսպիսով դուք պիտակում եք երեխային, իջեցնում եք նրա ինքնագնահատականն, ու փոքրիկն իսկապես սկսում է մտածել, որ իր մոտ ամեն բան կարգին չէ:

 

 

Գովազդ