Սովորեցնում ենք փոքրիկին քաղաքավարություն – մաս 2

Դաստիարակություն

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

  • Եղիր երախտապարտ եւ ասա «շնորհակալություն» ցանկացած նվերի համար, որ ստանում ես: Համացանցային դարում կարող է գեղեցիկ լինել  հատկապես ձեռագիր շնորհակալությունը:
  • Վատ կամ տարօինակ բառեր մի գործածիր` մեծահասակներին զվարճացնելու համար: Նրանք գիտեն այդ բառերը, եւ դրանք վաղուց ծիծաղելի չեն:
  • Մի կանչիր մարդկանց մականուններով կամ վատ դիմելաձեւերով:
  • Մի ծաղրիր որեւէ մեկին եւ ոչ մի պատճառով: Մարդկանց նյարդերի հետ խաղալով` դու կմատնես քո թուլությունը կամ մարդիկ կկարծեն, որ դու դաժան ես:
  • Եթե գնացել ես որեւէ միջոցառման, որին քեզ հրավիրել են, բայց ձանձրալի է, նստիր լուռ եւ ձեւացրու, որ հետաքրքրված ես, չէ՟ որ նրանք անում են իրենց ուժերի ներածի չափ:
  • Եթե տրորել ես որեւէ մեկի ոտքը, ներողություն ասա:
  • Հազալիս կամ փռշտալիս փակիր բերանդ ձեռքով, իսկ քիթդ մի մաքրիր հանրության առջեւ:
  • Դուռը բացել-անցնելուց հետո  նայիր` կա, արդյոք, հետեւիցդ եկող որեւէ մեկը: Եթե այո, մի քանի վայրկյան պահիր դուռը բաց: Եթե տարեց կամ հատուկ կարիքներ ունեցող  է մոտեցողը, բռնած պահիր, մինչեւ նա կանցնի:
  • Եթե նկատում ես, որ մայրիկդ, հայրիկդ, ուսուցիչդ կամ հարեւանն աշխատում են որեւէ բանի վրա կամ որեւէ իր են տանում, հարցրու` «կարո՟ղ եմ օգնել»: Եթե պատասխանեն «այո», օգնիր:.
  • Եթե որեւէ մեծահասակ հորդորում է քեզ անել որեւէ բան, արա առանց մրթմրթոցի ու ժպիտով:
  • Օգտվիր սպասքի պարագաներից ինչպես հարկն է:  Եթե չգիտես օգտագործման կանոնները, հարցրու ծնողներիդ կամ հետեւիր մեծահասակներին:
  • Մի վերցրու ամենամեծ պատառն առաջարկվող ափսեից եւ կեր այնքան, որ մյուսներին էլ բաժին հասնի:
  • Եթե սեղանի շուրջ նստած են մեծահասակները, խնդրիր մայրիկին կամ հայրիկին, որ քեզ փոխանցեն  այն, ինչ ուզում ես: Եթե մայրիկն ականջիդ ասի` «կգնանք տուն, կուտես» կամ «ես քեզ համար կգնեմ հետո», այլեւս մի շարունակիր պահանջել:
  • Ուտելիս անպայման անձեռոցիկ օգտագործիր: Եթե հատուկ առիթ է, կտորե անձեռոցը գցիր ծնկներիդ, որ կերակուրը չթափես հագուստիդ եւ հարկ եղած դեպքում սրբես բերանդ:
  • Մի ձգվիր դեպի սեղանի` հեռվում դրված կերակուրները: Խնդրիր, թող փոխանցեն:

 

 

Գովազդ