Ի՞նչ անել, եթե երեխան ամաչկոտ է

Դաստիարակություն

Երեխաների մոտ որոշակի տարիքային փուլում սկսում է զարգանալ ամաչկոտությունը: Սա, սակայն, երկարատև չէ. այն բնավորության կայուն գծի չի վերածվում, այլ աստիճանաբար վերանում է: Սակայն կա նաև ամաչկոտության այլ տեսակ, որը տարիքային չէ և ձևավորվում է տարբեր գործոնների ազդեցությամբ:

Ամաչկոտ երեխաները շատ զգայուն են, սուր կերպով զգում են իրենց թերությունները, իսկ իրենց դրական հատկանիշներն, ընդհակառակը, չեն նկատում և չեն գնահատում: Այսպիսի երեխաներն, օրինակ, վախենում են, որ հիմար տեսք ունեն, որ կդառնան այլոց ծաղրի առարկան, որ գեղեցիկ չեն հագնված և այլն: Նրանք շատ զգայուն են քննադատության նկատմամբ:  Մտավախությունների պատճառով նրանց վարքը բնական չէ:

Այլ երեխաների շրջապատում ամաչկոտ երեխաները  խուսափում են շփումից, քանի որ իրենց մյուսներից ցածր են դասում: Նրանք հաճախ տատանվում են որոշումներ կայացնելիս, նախաձեռնություն չեն ցուցաբերում, չեն կարողանում իրենց պաշտպանել: Այդ իսկ պատճառով նրանց հաճախ չեն էլ նկատում, ուստի ամաչկոտությունը երբեմն ուղղորդվում է չիրագործված հնարավորություններով և հասարակական կյանքից դուրս մնալու պատճառով առաջացած անբավարարվածությամբ:

 

Ինչպե՞ս օգնել ամաչկոտ երեխային

Պետք չէ երեխային տալ առաջադրանքներ, որոնք նա ի վիճակի չէ կատարել, քանի որ այսպիսի առաջադրանքները երեխային ստիպում են վախենալ, որ նա չի կարող, գլուխ չի հանի իրավիճակից: Դա բերում է նրան, որ երեխան մշտապես վստահ չէ իր ուժերին և դադարում է իրեն ադեկվատ գնահատել: Եթե ամեն անգամ երեխային ծույլ կոչեք, երբ ցածր գնահատական ստանա դպրոցում, նա շուտով իսկապես իրեն ծույլ կհամարի, քանի որ չի արդարացնում ձեր սպասելիքները:

 

Պետք չէ միշտ խրատել, թե ինչպես իրեն պետք է պահի «լավ աղջիկը կամ տղան» և ամոթանք տալ ամեն առիթով:

Ինքներդ օրինակ ծառայեք ձեր երեխային, ակտիվ շփվեք մարդկանց հետ, անհարկի խնդիրներ մի ստեղծեք ձեր շփումներում:

Եթե երեխան խնդիրներ ունի հասակակիցների հետ, դա դեռ աշխարհի վերջը չէ, հանգիստ վերաբերվեք այդ փաստին և աշխատեք օգնել կամ ուղղորդել երեխային:

Երեխայի համար խաղեր կազմակերպեք, որտեղ նա ինքնավստահ և համարձակ մարդու դեր կունենա:  Թող երեխան դերը ճիշտ կատարելու համար ուսումնասիրի, թե ինչպիսին է համարձակ մարդկանց վարքը, խոսելաոճը:

Խոսեք երեխայի հետ իր հատկանիշների մասին, մատնանշեք նրան, թե ինչ դրական հատկանիշներ նա ունի, փորձեք հասկանալ, թե ինչ բացասական հատկանիշներ է տեսնում իր մեջ երեխան և ինչու:

Երեխայի հետ փորձարկեք իրավիճակներ, երբ նա նոր հասակակիցների հետ է շփվում, ծանոթանում: Այդ ամենը կօգնի նրան ավելի համարձակ գործել նմանատիպ իրավիճակում:

Երեխային վախերից ազատելու համար կարող եք դիմել նաև հումորի կամ չափազանցության, որպեսզի նա ծիծաղի իր վախի վրա ու հասկանա, որ դա այնքան էլ սարսափելի չէ:

Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխային և օգնեք, որ ինքնավստահություն ձեռք բերի, դա կյանքում անհրաժեշտություն է:

 

Նյութն ըստ kid.ru կայքի

Գովազդ