Ինքնուրույն երեխա դաստիարակելու «գաղտնիքները»

Դաստիարակություն

Երեխան բավականաչափ վստահ չէ սեփական ուժերի կամ հաջողության հասնելու իր կարողության վրա և վախենում է նոր տպավորություններից ու դժվարություններից: Անսովոր իրավիճակներում երեխան կարող է կառչել ծնողներից:

Խնդրին նպաստող հանգամանքները

Սեփական անձի մասին դրական պատկերացումը և ինքնուրույնությունը անբաժան են. Դրանք փոխկապակցված են զարգանում: Ինքնուրույնության ձգտումն ակնհայտ է երկու տարեկան երեխայի մոտ, երբ նա պահանջում է, որ ամեն բան ինքն անի, և մշտապես կասկածի տակ առնում ծնողների հեղինակությունը: Երեխայի վրա չափից ավելիշատ դողացող  կամ չափազանց խիստ հսկողություն դրսևորող ծնողները կարող են կասեցնել ինքնուրույնություն ձեռք բերելու երեխայի  բնական ձգտումը` խոչընդոտելով նրա ազատությունը կամ անգիտակցաբար սահմանաակելով նրա միջավայրը` այսպիսով անհնար դարձնելով ինքնուրույնությունը:

Ի՞նչ կարող են անել ծնողները

  • Բավականաչափ ուշադրություն հատկացրեք երեխային: Այն երեխաները, որոնք բավականաչափ ուշադրության չեն արժանանում, ինքնուրույն դառնալու փոխարեն թրև են գալիս մեծահասակների շուրջը` ձգտելով ավելին ստանալ:
  • Անվտանգ ընտանեկան միջավայր ստեղծեք, որտեղից երեխան կարող է ինքնուրույն գործողություններ ձեռնարկել` իմանալով, որ կա ապահով տեղ, ուր ինքը միշտ կարող է վերադառնալ:
  • Ինքնուրույնության համար հատուկ ժամանակ տրամադրեք:Եթե դուք միշտ շտապում եք, որ երեխային դպրոց կամ մանկապարտեզ հասցնեք, ապա հավանաբար նա այնքան էլ շատ հնարավորություն չունի իր հագուստն ընտրելու կամ նախաճաշի տուփը պատրաստելու համար:
  • Ինքնուրույնությանը նպաստող միջավայր ապահովեք: Հագուստի դարակները դասավորեք այնպես, որ երեխան կարողանա հասնել դրանց, լվացարանի առաջ աթոռակ դրեք, մի խոսքով, այն ամենը, ինչը համապատասխանում է ձեր կյանքի ոճին և երեխայի զարգացման փուլին:
  • Հնարավորությն դեպքում միշտ բացատրություններ տվեք ձեր պահանջների և կանոնների վերաբերյալ:
  • Թույլ տվեք, որ երեխան ինքը դասավորի իր ննջասենյակը:
  • Երբ մեքենա եք վարում կամ ճամփորդում եք, ձևացրեք, որ չգիտեք, թե ուր պիտի գնաք, և թույլ տվեք, որ երեխան ինքն ուղղորդի ձեզ:
  • Խաղացեք նրա հետ «Իսկ ի՞նչ կանես»  խաղը, երբ նա պետք է կարողանա ելք գտնել  հիպոթետիկ իրավիճակներից: Հարցրեք նրան, օրինակ. «Իսկ ի՞նչ կանես, եթե կորցնես ծնողներիդ  գազանանոցում»: Կամ` «Իսկ ի՞նչ կանես, եթե պետք լինի շտապ օգնություն կանչել»:
  • Դրական վերաբերմունք և աջակցություն ցուցաբերեք երեխայի ինքնուրույնություն գործելու փորձերի հանդեպ: Հասկացրեք, որ հավատում եք, թե նա հաջողության կհասնի:
  • Գտեք այնպիսի զբաղմունքներ, որոնք երեխան կարող է հաջողությամբ ինքնուրույն կատարել, ինչը կնպաստի սեփական ուժերի հանդեպ վստահության զարգացմանը:
  • Գովեք երեխային ինքնուրույն գործողությունների համար:
  • Երեխային միշտ ընտրության հնարավորություն տվեք, օրինակ` կարող եք ասել. «Դու այս շաբաթ կարող ես գնալ տատիկիդ կամ մորաքրոջդ մոտ»:
  • Չի կարելի այնպես կազմակերպել երեխայի կյանքը, որ նա ինքնուրույն զբաղմունքների ժամանակ չունենա:

Նյութն ըստ «Այնքա՜ն ծանոթ և այնքա՜ն անծանոթ ... մեր երեխան» ձեռնարկի

Գովազդ