Ինչպե՞ս պատրաստվել երկրորդ երեխայի ծննդին. ներկայացնում է հոգեբանը

Դաստիարակություն

Ընտանիքում առաջնեկը միշտ սպասված է և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, սակայն գալիս է մի պահ, երբ այդ ուշադրությունը պետք է կիսել մեկ այլ մարդուկի հետ: Երկրորդ երեխայի ի հայտ գալը մեծ փորձություն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար: «Իմ փոքրիկ»-ն այս անգամ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ փորձել է պարզել՝ ինչպես պատրաստվել երկրորդ երեխայի ծննդին:


- Ծնող լինելը բարդ գործընթաց է: Ամեն անգամ մենք գործ ունենք տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ: Յուրաքանչյուր երեխայի դաստիարակություն փորձություն ու փորձարկում է: Կարծում եմ՝ որքան պլանավորված լինի ապագան ու ներկան, այնքան ավելի հեշտ կլինի ծնողի համար ընդունել երեխային: Այս դեպքում շատ կարևոր է, որ ծնողը դասավորի ներկա կյանքը՝ և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական տեսանկյունից, կազմի երեխային պահելու ծրագիր:

Երկրորդ երեխայի կամ հերթական երեխայի լույս աշխարհ գալուն պատրաստ լինելը յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է դրսևորվում: Եթե դիտարկենք հարցը կենսաբանական տեսանկյունից, ապա բավական է՝ օրգանիզմը վերականգնվի, և կինը կլինի պատրաստ ևս մեկ երեխա լույս աշխարհ բերելուն, մինչդեռ հոգեբանական տեսանկյունից այս ընթացքը կարող է փոքր-ինչ ավելի երկար տևել: Իհարկե, կոնկրետ ժամկետ չկա, յուրաքանչյուրը պետք է հետևի իր մարմնի վերականգման ընթացքին և երեխա ունելու ցանկությանը:

Երկրորդ երեխայի ծնունդը պլանավորելիս պետք է հաշվի առնել նաև առաջնեկի տարիքը: Որպեսզի ճիշտ կազմակերպվի երեխաների դաստիարակման աշխատանքը, կարևոր է նաև իմանալ երեխաների տարիքային առանձնահատկությունները, իմանալ՝ տարբեր տարիքում ինչ փոփոխություններ են կատարվում երեխաների հետ, որովհետև հաճախ փոքրը ձգտում է ունենալ իշխանություն, իսկ մեծն էլ երբեմն հոգնում է պատասխանատվության զգացումից:

Եթե Ձեր առաջնեկը խանդով է ընդունում երկրորդ բալիկի ծննդյան մասին լուրը, ապա փորձեք նրա մեջ արթնացնել եղբայրական կամ քույր լինելու զգացմունքը:
Պետք է երեխային բացատրել, որ ծնողը սիրում է յուրաքանչյուրին յուրովի, քանի որ բոլորը անհատականություն են:

Երբ կա խանդ, ուրեմն կա երեխային մերժելու, ինչ-որ տեղ չնկատելու դեպք: Այսինքն՝ խանդը կա, բայց այն առաջանում է ծնողի՝ երկրորդի խնամքին, նրան մեծացնելու վրա սևեռվելուց հետո: Խանդը նորմալ է, եթե այն չի վնասում երեխային: Եթե երեխան դառնում է ագրեսիվ, եթե այլևս չի լսում ծնողներին, չի ցանկանում կատարել նրանց ասածը, դառնում է ինքնամփոփ, լացկան, նկատվում են արտահայտություններ՝«ես ուզում եմ փոքր լինել», սա ազդակ է, որ պետք է դիմել մասնագետի: Մայրիկը պետք է կարողանա բաշխել սերն ու ուշադրությունը՝ միաժամանակ կազմակերպելով իր հանգիստը: Պետք է հիշել, որ երջանիկ են այն երեխաները, որոնց մայրիկները երջանիկ են:
Այս ամենի համար ես առաջարկում եմ մի պարզ բանաձև՝ սեր: Մենք պետք է պարզապես մարդուն սիրենք միայն այն բանի համար, որ նա կա: Այս դեպքում մեծ խնդիրներ չեն առաջանա:
                                           

Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան

Գովազդ