«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Երկուսով» մասնագիտացված հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։
- Մանկահասակ երեխաները, որոնք դեռևս օրորոցում են քնում, շատ հաճախ հրաժարվում են իրենց մահճակալից, օրինակ՝ գիշերն արթնանում են և պահանջում տեղափոխվել ծնողի անկողին։ Ինչպե՞ս պետք է ծնողները վարվեն նման իրավիճակում։
-Այստեղ հստակ խորհուրդներ չեն կարող լինել: Ծնողները պիտի նայեն իրենց ցանկությանն ու հարմարավետությանը: Կան ծնողներ, որ նախընտրում են քնել երեխաների հետ նույն անկողնում մինչև նրանց ինքնուրույն, առանձին քնելու ցանկություն հայտնելը: Սա նաև շատ խրախուսվում է տարբեր մասնագետների կողմից: Եվ կան ծնողեր, որոնք չեն կարողանում քնել երեխայի հետ, վախեր ունեն կամ ֆիզիկապես անհարմարավետ են զգում: Հիմա, կախված այդ երկու մոտեցումներից, որոնք երունն էլ ընդունելի են, պիտի ծնողը որոշում կայացնի՝ ինչպես վարվել: Եթե պատրաստ է, որ երեխան իր անկողնում քնի, ուրեմն կարող է բերել իր անկողին, եթե դրանից խուսափում է, ուրեմն ավելի լավ է պառկի երեխայի կողքին կամ մնա նրա հետ, մինչև երեխան հանգստանա ու շարունակի քնել իր մահճակալում: Այսինքն՝ միանշանակ մոտեցում տվյալ հարցում չի կարող լինել:
- Եթե ընդդիմանալու դեպքում երեխան տևականորեն լաց է լինում, ի՞նչ պետք է անի ծնողը, ով գիտակցում է, որ մեկ անգամ իր անկողին բերելով՝ երեխային վարժեցնում է դրան։
-Արդեն նախորդ հարցում ասացի, որ պետք է պարզապես պառկել երեխայի կողքին, գրկել նրան, խաղաղեցնել ու օգնել, որ քնի իր անկողնում: Սա, կարծում եմ, լավագույն տարբերակն է հատկապես ավելի մեծ տարիքի երեխաների հետ: Երեխաները սովորում են այն պայմաններին, որոնք ծնողները ստեղծում են:
- Հաճախ է պատահում, որ երեխաներն առհասարակ հրաժարվում են քնել սեփական անկողնում։ Ի՞նչ խորհուրդ կտաք այդ երեխաների ծնողներին։
- Եթե ծնողներն ի սկզբանե նախընտրում են, որ բոլորը քնեն իրենց անկողիններում, ապա այդպես էլ ի սկզբանե երեխային սովորեցնում են: Չի կարող տվյալ պարագայում մեկ էլ մի օր երեխան համառի, որ ուզում է քնել ծնողների մոտ, ու ծնողները պատասխան չգտնեն դրան: Դա կարող էլինել միայն այն դեպքում, երբ երեխան մի օր քնում է ծնողների մոտ, մի օր իր անկողնում: Այսինքն՝ կանոնները, եթե հետևողականորեն պահվում են, դրանց խախտման դեպքերը շատ քիչ են լինում:
- Առհասարակ, ինչպե՞ս ձևավորել երեխայի քնի հետ կապված առողջ սովորույթներ։
- Հետևողականությամբ է հնարավոր ձևավորել որևէ կայուն սովորություն: Մանկուց առողջ ռեժիմ ձևավորելով և պահպանելով՝ հնարավոր է: