Սովորեցրեք փոքրիկին լինել ուշադիր

Դաստիարակություն

Երեխաներն ընտանիքի «թույլ» կետերն են, ամենից խոցելի եւ առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների: Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար:

Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն եւ ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա եւ՛ նա, եւ՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում:

Դեռեւս վաղ հասակից երեխային պետք է ծանոթացնել իր անվտանգությունն ապահովելու տարրական հմտություններին: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս նրանց ուսուցումը տանել երկու զուգահեռ ուղղություններով:

Առաջինն, իհարկե, ուսուցումն է, երեխայի հետ տարվող բացատրական աշխատանքները: Ջանացեք նրա մեջ մշակել վարքի որոշակի կանոններ, որոնք նա պետք է դառնան համարյա մեխանիկական, բնազդային: Դրա համար անհրաժեշտ է.

• շրջապատում կատարվող իրադարձություններն ընկալելիս օգտագործել բոլոր զգայարանները (աչքեր, ականջներ, քիթ եւ այլն),

• վստահել բնազդին եւ գործել դրան համապատասխան,

• կարողանալ ժամանակին եւ ճիշտ որոշումներ ընդունել (երբ պետք է բղավել, երբ եւ ումից օգնություն խնդրել, երբ փախչել, երբ ուշադիր նայել շուրջը եւ այլն),

• նկատել եւ հիշել շրջապատում եղած բոլոր մանրուքները,

• լավ իմանալ այն տարածքը, որտեղ բնակվում եք,

• չմոտենալ լքված, ամայի վայրերին,

• հեռու մնալ թանձր բուսականությամբ ծածկված վայրերից, որտեղ կարող են մարդիկ թաքնվել,

• իմանալ մոտակայքում եղած բոլոր այն վայրերը (խանութներ, գրասենյակներ, պետական մարմինների շենքեր եւ այլն), որտեղ կարելի է թաքնվել, օգնություն խնդրել կամ որտեղ ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ կան,

• հնարավորության դեպքում միշտ շրջել մեծ ընկերախմբով,

• աշխատել քիչ ուշադրություն գրավել պահվածքով (բարձր-բարձր չխոսել, ոչ մեկին մատնացույց չանել եւ այլն) եւ արտաքինով (թանկարժեք զարդեր, բջջային հեռախոս եւ այլն),

Այս հատկություններն ու սովորությունները երեխայի մեջ պետք է մշակել աստիճանաբար, ժամանակ առ ժամանակ խոսելով ու բացատրելով նրան, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն պարագայում:

Երեխայի անվտանգությունն ապահովելու երկրորդ ուղղությունը շրջապատի հետ տարվող աշխատանքն է: Եթե ցանկանում եք փոքրիկին միայնակ ուղարկել դպրոց կամ խաղալ բակում, ապա նախապես շրջեք նրա հետ բոլոր հարակից փողոցներում՝ համոզվելու համար, որ այնտեղ երեխային որեւէ վտանգ չի կարող սպառնալ, ինչպես նաեւ նրան ցույց տվեք բոլոր այն վայրերը, որտեղ այնքան էլ ապահով չէ գտնվել: Նրա հետ որոշեք այն ճանապարհը, որով նա պետք է դպրոց գնա: Պայմանավորվեք, որ նա երեբք չպետք է շեղվի ձեր նախանշած ուղուց, փորձի ճանապարհը կարճել, շրջանցել կամ դասերից հետո ավելի երկար մնալ դպրոցի բակում, երբ դասընկերներն արդեն տուն են գնացել: Նրան միայնակ դպրոց թողնելուց հետո որոշ ժամանակ աննկատ կերպով կարող եք հետեւել նրան՝ համոզվելու համար, որ նա ճշտորեն կատարում է ձեր հրահանգները:

 

Շարունակելի

Աղբյուրը`  www.ema.am

Գովազդ