Մեկ տարեկանի ճգնաժամը

Դաստիարակություն

Երբ մոտենում է փոքրիկի առաջին տարեդարձը, հաճախ մայրիկներն իրենց կարծիքով մտահոգիչ փոփոխություններ են նկատում երեխայի վարքում: Հոգեբանները նշում են, որ անհանգստանալ պետք չէ. մեկ տարեկանի ճգնաժամը դրսևորվում է գրեթե բոլոր երեխաների մոտ:

Ինչի՞ց է սկսվում

Առաջինը, որ ծնողները պետք է հասկանան, այն է, որ ճգնաժամը առաջանում է այն ժամանակ, երբ պետք է կտրուկ թռիչք տեղի ունենա երեխայի աշխարհայացքում:

Բացի մեկ տարեկանի ճգնաժամից, գիտնականները տարբերակում են նաև երեք և յոթ տարեկանի ճգնաժամ: Սրանցում ընդհանուրն այն է, որ երեխայի մտածողությունը և զարգացումը նոր որակական մակարդակ են թևակոխում:  Ինչ-որ առումով նա «նեղված» է, որ նախկինում չէր հասկանում «ճիշտը» , երեխան մի փոքր հեռանում է ծնողներից, դառնում է ավելի ինքնուրույն և ազատություն է պահանջում:

Փոխվում են երեխայի պահանջմունքները, և նա չի հասկանում, թե ինչու ծնողները դա չեն նկատում: Նախկինում ցանկացած ոչ կոնֆլիկտային իրավիճակ այժմ կարող է երեխայի մոտ բուռն էմոցիաներ առաջացնել, դառնալ կամակորության և հիստերիայի պատճառ:

Ի՞նչ է զգում երեխան

Մեկ տարեկան երեխան աստիճանաբար ավելի ինքնուրույն է դառնում: Նա կարողանում է շարժվել առանց ծնողների օգնության, կարող է ձգվելով հասնել որոշակի բարձրության վրա դրված իրերին, կատարում է իր առաջին քայլերը:  Երեխայի զարգացումը սրնթաց է տեղի ունենում:

Այս շրջանում երեխայի գլխավոր բացահայտումն այն է, որ մայրիկը և հայրիկը մեծահասակ են: Նրանք այնպիսին չեն, ինչպիսին ինքն է: Ծնողները կարող են ավելին, քան ինքը, նրանց թույլատրված է ավելին, քան իրեն:  Փոքրիկն առաջին անգամ իրեն որպես անհատականություն է ընկալում և սկսում է բնավորությունը ցուցաբերել:

Երբ երեխան մեկ տարեկանի ճգնաժամն է ապրում, նրան թվում է, որ արգելում եք կրծել լարերը կամ փողոցից հավաքել ծխուկները, քանի որ  իրեն չեք սիրում:  Նա չի հասկանում, թե այդ իրերը ինչով են տարբերվում «թույլատրելիներից»:  Նա վստահ է, որ ձեր արգելքներով խոչընդոտում եք նրա աշխարհաճանաչողության գործընթացին:

Ձեր փոքրիկն արդեն ուզում է ղեկավարել ձեզ, ոչ թե հակառակը: Ուզում է, որ ինքն ընտրի խաղի  և զբոսանքի ժամանակը, խաղալիքները, գուցե նաև հագուստը:  Եվ ամենակարևորը` ուզում է շփվել: Ցավոք մեկ տարեկան երեխայի խոսքային կարողությունները նրան թույլ չեն տալիս արտահայտել այն ամենը, ինչ ուզում է, իսկ եթե ծնողները չեն հասկանում իրեն, երեխան բարկանում է, դառնում չենթարկվող:

Երեխայի ինքնուրույնությունն այս տարիքում տարբեր կերպ է դրսևորվում: Նա կարող է նեղանալ, երբ իրեն հուշում են, թե ինչ անի, օրինակ, խաղալիքի կամ գրքի հետ, նաև փորձում է կրկնօրինակել ծնողների առօրյա գործողությունները:  Այս ժամանակ պետք է գործընթացը ձեր օգտին շրջեք:

Ցույց տվեք երեխային, թե ինչպես լվանա ձեռքերը հաց ուտելուց առաջ, ինչպես ինքնուրույն գդալ բռնի, դռան զանգը տա, երբ զբոսանքից եք վերադարձել և այլն:  Երեխայի մեջ պատասխանատվության և ինքնուրույնության  հիմքը պետք է դնել վաղ մանկությունից:

Ի՞նչ չի կարելի անել ճգնաժամային շրջանում

Տարբեր երեխաների մոտ ճգնաժամը տարբեր դրսևորումներ է ունենում: Ոմանց մոտ այն շուտ է սկսվում, երբեմն էլ ուշ, սակայն սրա միջով անցնում են գրեթե բոլորը: Այնպես որ համբերատար եղեք, մի բարկացեք երեխայի վրա, մի կոպտեք նրան:

Այս շրջանում երեխային ձգում է ամեն նորը և անհայտը: Իրերը, որոնք կարող են վնասել երեխային, կամ պետք չէ, որ դրանց ձեռք տա, անհասանելի տեղերում պահեք, տան մնացած իրերով թույլ տվեք, որ նա խաղա և մի շտապեք խլել նրա ձեռքից դրանք:

Սակայն մի բավարարեք նրա բոլոր կամակորությունները: Հիշեք, որ ճգնաժամը կանցնի, սակայն կամակորությունը կմնա:

Երբեմն էլ ճգնաժամի շրջանում երեխան չի ուզում գեթ մեկ վայրկյանով հեռու լինել մայրիկից: Սա նույնպես ճգնաժամի դրսևորումներից է:  Նման պարագայում աշխատեք երեխային  չթողնել լացելով և հիստերիայի մեջ, նույնիսկ եթե նրա մոտ հարազատներն են:

 

Նյութն ըստ supermams.ru կայքի

Գովազդ