Ինչպե՞ս բարեկիրթ երեխա դաստիարակել

Դաստիարակություն

«Շնորհակալություն», «Խնդրում եմ», «Ներողություն». սրանք շփման մեջ շատ կարևոր բառեր են: Այս բառերը կօգնեն լուծել վիճելի հարցերը և հասնել փոխզիջման, նաև հաստատել լավ հարաբերություններ: Եվ որքան շուտ սկսեք երեխայի մոտ քաղաքավարության սկզբունքներն ամրապնդել, այնքան ավելի լավ:

Բարեկիրթ վարքի սկիզբը պետք է դնել դեռ վաղ մանկությունից, երբ փոքրիկը հետևում է մայրիկին և հայրիկին ու ջանասիրաբար փորձում կրկնօրինակել նրանց:  Ուստի ավելի արդյունավետ է երեխային օրինակ ծառայելը, քան թե բազմաթիվ դաստիարակչական քարոզները և հիշեցումները: 

«Խնդրում եմ»

Առաջին «տուր» արտահայտությունը երեխան արտասանում է կյանքի առաջին տարում, սակայն սա ավելի շուտ հրաման, ոչ թե խնդրանք է: Հենց այս ժամանակվանից էլ երեխային միշտ պետք է ասել «խնդրեմ» կամ «խնդրում եմ», որպեսզի նա աստիճանաբար հիշի, թե այս բառը որ դեպքերում է օգտագործվում:

Երեխաներին միշտ պետք է բացատրել մարդկանց հետ շփման կանոնները: Բացատրեք երեխային, որ «խնդրում եմ» արտահայտությունը կօգնի նրան ստանալ, օրինակ, իր սիրելի խաղալիքն առանց կոնֆլիկտային իրավիճակի:

Եթե ուզում եք երեխային բարեկիրթ վարմունք սովորեցնել, այդ ամենը ցույց տվեք ձեր օրինակով:  Դժվար թե երեխան քաղաքավարիության նորմերին համապատասխանող բառեր օգտագործի, եթե երբևէ դրանք չլսի իր ծնողներից: Իհարկե, դժվար է երեխային ասել .«Խնդրում եմ, արագ հագնվիր, մենք ուշանում ենք», երբ գործընթացը ձգձգվում է արդեն  30 րոպե: Սակայն ձեր համբերատարությունը կփոխհատուցվի, երբ իր տարեկիցների հետ շփման ժամանակ երեխան սկսի կիրառել «հրաշք» բառերը:

Բացի այդ, ավելի արդյունավետ է երեխայից ինչ-որ բան պահանջելու փախարեն խնդրել: Այդ պարագայում երեխան կզգա, որ ինքն ընտրություն ունի, այլ ոչ թե պարտադրաբար է ծնողի կամքը կատարում և ավելի արագ ու պատրաստակամ կկատարի այն:

«Շնորհակալություն»

«Շնորհակալություն» բառն ընդունված է հաճախ օգտագործել: Այն թույլ է տալիս երեխային ձևավորել ինքնահարգանք և ինքնավստահություն:  Եթե երեխային շնորհակալություն հայտնեք յուրաքանչյուր լավ արարքի համար, նա կհասկանա, որ իսկապես ինչ-որ  լավ բան է կատարել:

Մի նեղվեք, եթե երեխային ինչ-որ բան են հյուրասիրել, և ի պատասխան նա շնորհակալություն չի հայտնել: Նման դեպքերում պետք չէ երեխային ասել «ի՞նչ պետք է ասես» և այլն: Դրա փոխարեն ինքներդ շնորհակալություն հայտնեք, և երեխան հերթական անգամ կտեսնի, թե նման դեպքում ինչպես պետք է վարվել: Իսկ երբ երեխան նման իրավիճակում կասի «շնորհակալություն», մի մոռացեք գովել նրան: Այսպիսով ,քայլ առ քայլ կդաստիարակեք բարեկրթություն երեխայի մեջ:

«Ներողություն»

Հաճախ ծնողները կարծում են, որ երեխայից ներողություն խնդրել պետք չէ: Սա սխալ կարծիք է:

Բացատրեք երեխային, որ ամեն մարդ էլ կարող է տհաճ վիճակի մեջ ընկնել և եթե հնարավոր է, պետք է ներողություն խնդրել:

Օրինակ ծառայեք երեխայի համար, ներողություն խնդրեք նրանից, երբ սխալ կամ անարդար եք վարվել նրա հետ:  Երեխան դա կհիշի և նմանատիպ իրավիճակում նույն կերպ կվարվի:  Այսպես նա կսովորի ընդունել իր սխալները և շտկել դրանք:

Գովազդ