Ինչպես և երբ փոքրիկին սովորեցնել ինքնուրույն քնել

Դաստիարակություն

Երեկո է, փոքրիկի քնելու ժամը: Ժամանակն է սկսել մշտական երեկոյան ծեսը` քնելուն նախապատրաստվելը` լվանալ ատամները, լողանալ և պառկել քնելու: Շատ քիչ երեխաներ կգտնվեն, որոնց դուր է գալիս քնելուն նախապատրաստվելու գործընթացը: Առավել քիչ երեխաներ կան, որոնք առանց մայրիկի կարողանում են հանգիստ քնել:

Ամեն երեխա անկրկնելի է իր բնավորությամբ ու խառնվածքով: Ոմանք հանգիստ են ու ծննդյան օրվանից էլ առանց մայրիկի հանգիստ քնում են: Ոմանք էլ շատ դժվար են քնում, քնելիս էլ մայրիկի ներկայությունը պարտադիր է: Դժվար քնելու պատճառը երեխայի նյարդային համակարգի անկատարությունն է: Օրվա ընթացքում երեխան վազում է, խաղում, թռվռում և այնքան ինֆորմացիա է կուտակում, նյարդային համակարգը գերծանրաբեռնվում է, ինչի պատճառով երեխան երեկոյան չի կարողանում ինքնուրույն հանգստանալ և քնել:

 

Ի վերջո ինչպե՞ս երեխային սովորեցնել ինքնուրույն քնել:

Այս գործում շատ կարևոր է երեխայի տարիքը: Կրծքով կերակրվող երեխաները մայրիկի ջերմությունը զգալու, նաև իրենց պաշտպանված զգալու կարիք ունեն, դրան նպաստում է ծծելու ռեֆլեքսը (անկախ այն բանից` կրծքով է կերակրվում, թե արհեստական կաթով),  ուստի նրանք սիրում են քնել մայրական կրծքին մոտ և ընդհանրապես մայրիկի մոտ:  Ծնողները չպետք է պնդեն, որ կրծքով կերակրվող երեխաները ինքնուրույն քնեն, այս տարիքի երեխային ինչ-որ բան բացատրելը շատ բարդ է: Պետք է զինվել համբերությամբ ու սպասել, մինչև երեխան կմեծանա:

Արդեն 2-3 տարեկան երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել ինքնուրույն քնելուն: Կարելի է մշակել գործողությունների որոշակի հերթականություն, որպեսզի երեխան հասկանա, որ օրն ավարտվել է և արդեն քնելու ժամն է:

Այսպես, օրվա ավարտին խորհուրդ է տրվում երեխային ներգրավել հանգիստ խաղերում:

Ինչպե՞ս կարելի է խաղալ երեկոյան քնից  առաջ.

  • Կարդալ փոքրիկի սիրելի հեքիաթները
  • Հերթով փոքրիկի սիրելի խաղալիքներին պառկեցնել քնելու
  • Նկարել միասին
  • Փոքրիկի ավտոմեքենաները «կայանել» ավտոտնակում
  • Հավաքել խաղալիքները:

Ի՞նչ խաղեր ցանկալի չէ խաղալ քնից առաջ.

  • Շարժուն խաղեր խաղալ
  • Կարդալ նոր գրքեր
  • Խաղալ նոր խաղալիքներով:

Կարելի է երեխային որոշ ժամանակ սենյակում մենակ թողնել, որ ինքնուրույն խաղա: Սակայն ուշադիր եղեք, որ շատ չլացի և նաև խաղով չտարվի:

Բոլոր տրադիցիոն գործողություններից հետո փոքրիկին պառկեցրեք քնելու, գրկեք նրան, շոյեք գլուխը, կարող եք նաև մեջքը թեթևակի մերսել: Ասացեք նրան, թե ինչ լավ բալիկ է նա, թե որքան եք սիրում նրան, հետո ասացեք, որ օրվա ընթացքում թաթիկներն ու ոտիկները հոգնել են, ուզում են հանգստանալ: Ապա ասացեք նրան, որ նա արդեն մեծ է և պետք է ինքնուրույն  քնի, ինչպես բոլոր մեծերը: Նշեք, որ դուք իր կողքին եք, որ վախենալու առիթ չկա, պարզապես կողքի սենյակում գործ եք անում: Սկզբնական շրջանում կարող եք նաև սենյակի դուռը բաց թողնել, քանի որ շատ երեխաներ վախենում են, երբ դուռը փակ է լինում: Ուշադիր եղեք, որ կանչելու դեպքում երեխայի մոտ գնաք: Կանչելու դեպքում սենյակ մտեք, հանգստացրեք փոքրիկին, համբուրեք նրան և էլի մենակ թողեք: Սկզբնական շրջանում ստիպված կլինեք մի քանի անգամ սենյակ մտնել մինչև նա կքնի, սակայն աստիճանաբար կսովորի ինքնուրույն քնելուն:

Ծնողները պետք է համբերատար և  լավատես լինեն, քանի որ ծնողի տրամադրությունը փոխանցվում է երեխային:

Եթե օրվա ընթացքում երեխան ժամանակի զգալի մասն անցկացնում է մայրիկի հետ, երեկոյան նրան կարող է հայրիկը կամ տատիկը պառկեցնել քնելու: Սովորաբար երեխաները հայրիկի հետ իրենց այլ կերպ են պահում` կամակորություն չեն անում և լսում են, մինչդեռ մայրիկի դեպքում կարող են փորձել արցունքներով կամ կամակորություններով ազդել որոշման վրա: Ուստի ավելի հեշտ կլինի, եթե հայրիկը երեխային պառկեցնի քնելու:

Երբեմն երեխան ծնողների հետ շփման պակաս է ունենում: Բացը լրացնելու համար կարելի է երեկոյան հաճելի մթնոլորտ ստեղծել, հայրիկն ու մայրիկը միասին կարող են խաղալ երեխայի հետ, գրկել ու սիրել նրան, հեքիաթ պատմել,  օրորոցային երգել: Իսկ քնելու ժամին երեխային պառկեցնելուց հետո համբուրեք ու դուրս եկեք` հավելելով, օրինակ,  .« Դե հիմա մենակ քնի, մայրիկը գնա իր գործերին, որ վաղն էլ քեզ համար երգեմ»:  Հաճելի պահը կրկնելու հեռանկարը կստիպի փոքրիկին ինքնուրույն քնել:

Մեկ այլ տարբերակ է երեխային տալ իր սիրելի փափուկ խաղալիքը, որ միասին, միմյանց գրկած քնեն: Այսպես երեխան իրեն ավելի հանգիստ կզգա ու ավելի հեշտ կքնի:

Ինքնուրույն քնելուն կնպաստի նաև ճիշտ օրակարգը: Երեխան պետք է հստակ քնի ժամ ունենա: Եթե նման ժամ չկա, աստիճանաբար սովորեցրեք, որ ամեն օր նույն ժամին պառկի քնելու: Մի մոռացեք նար ամենօրյա զբոսանքները մաքուր օդում, դա ևս նպաստում է հանգիստ քնին:

Ինքնուրույն քնել սովորած երեխաները արագ են ննջում` 5-10 րոպեի ընթացքում:

Պետք է նաև հիշել, որ ամեն երեխա յուրօրինակ է, ուստի անհատական մոտեցում է հարկավոր: Ծնողը, ով ամենալավն է ճանաչում իր փոքրիկին, ավելի լավ կիմանա, թե որ պարագայում ինչպես վարվել:

Նյութն ըստ  ladushki.info և materinstvo.ru  կայքերի

Գովազդ