Ինչպես եւ երբ կտրել երեխային մայրական կաթից. հոգեբանի խորհուրդները

Զարգացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNISEF) խրախուսում են երեխաների կրծքով կերակրումը ընդհուպ 3 տարեկան հասակը:

Նրանք համարում  են, որ մայրական կաթն ունի անփոխարինելի օգտակարություն երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման համար: Ինպես նաեւ, նրանք համոզված են, որ կրծքով կերակրումը  մի շարք կանացի հիվանդությունների կանխարգելման միջոց է: Նրանք գտնում են, որ պետք է հետեւել երեխայի պահանջմունքներին եւ կերակրել այնքան, որքան երեխան պահանջում է:  Չհակասելով վերոնշյալ տեսակետներին` այնուամենայնիվ ցանկանում եմ նշել եւ փոքր-ինչ մանրամասնել կրծքով երկարատեւ կամ կարճատեւ կերակրման դժվարություններն ու առավելությունները: Իսկ եզրակացությունները, հարգելի’ մայրիկներ, կթողնենք ձեզ:

Կրծքով կերակրման առավելությունները անհերքելի են, դրանց դեմ որեւէ բան ասել հնարավոր չէ: Սակայն յուրաքանչյուր երեխա եւ յուրաքանչյուր կին յուրօրինակ մոտեցում ունի երեխայի դաստիարակության եւ խնամքի հարցերին: Միայն կրծքով կերակրելը երբեք երեխայի առողջության գրավականը լինել չի կարող, քանի որ կրծքով կերակրելուց բացի, կան շատ գործոններ, որոնք ապահովում են երեխայի հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը: Կրծքով կերակրելը շատ կարեւոր է երեխայի կյանքի առաջին ամիսներին, երբ ձեւավորվում է կյանքի հանդեպ նրա վստահությունը և տեղի է ունենում նրա հուզական զարգացումը: Ամեն անգամ, երբ երեխան սովի կամ անհարմարավետության զգացում է ունենում եւ մայրիկն անմիջապես արձագանքում է, նրա մոտ ձեւավորվում է վստահության զգացում աշխարհի հանդեպ: Մոր հետ այդքան սերտ ֆիզիկական շփումը ստեղծում է հուզական եւ ֆիզիկական ջերմ կապ մոր եւ երեխայի միջեւ, որը կենսականորեն կարեւոր է երեխայի զարգացման համար: Այս ընթացքում շատ կարեւոր է մոր հաճույքի զգացումը իր բալիկի խնամքով զբաղվելու, նրան սիրելու եւ սնելու պահերին: Այդ հաճույքի զգացումն է, որ օգնում է երեխային ինքնավստահ մեծանալ, ուժեղ եւ համարձակ լինել. չէ որ մայրիկն իր բոլոր արարքներով ու ապրումներով ապացուցում է, որ փոքրիկւ  ցանկալի եւ սպասված էակ է այս աշխարհում:

Կրծքով երկար կերակրելը կարող է լինել եւ´ հաճույքով, եւ´ տհաճությամբ: Խնդիրն այն է, որ մոր հետ այդքան սերտ կապի եւ կախվածության մեջ լինելը հաճախ դժվարություններ է ստեղծում և´ երեխայի, և մոր համար: Ակնհայտ է, որ ինչքան երկար  է երեխան կերակրվում կրծքի կաթով, այնքան դժվար է լինում նրան կտրվել դրանից: Դրա պատճառները կարող են տարբեր լինել` երեխայի կամակորությունը, սեփականատիրության զգացումն ու, այո´, եսասիրությունը: Սակայն գործնականում շատ դժվար է  բոլորից զատ երեխային այդքան առանձնահատուկ ուշադրության արժանացնելն ու հետո ստիպել նրան հրաժարվել դրանից: Եւ դա բնական է, մեզնից ոչ ոք չի ցանկանում հրաժարվել միայն մեզ տրված առանձնահատուկ տեղից ու դերից:

Իմ սեփական կարծքին է, որ երեխայի պահանջը հաշվի առնելու հետ միասին` պետք է անպայմանորեն հաշվի առնել նաեւ մոր պահանջներն ու ցանկությունները: Կրծքով  կերակրումը  մոր եւ երեխայի համատեղ գործողությունն  է, որի ընթացքում երկուսն էլ պետք է հանգիստ եւ խաղաղ լինեն: Երեխային ամենեւին չի օգնի մոր նյարդային վիճակը կամ թերարժեքության զգացումը: Իսկ բոլորին հայտնի է, որ երկարատև կերակրող մայրիկները չեն կարող լիարժեք նվիրվել աշխատանքին կամ մեկ այլ ստեղծագործական գործունեության: Եթե դրա հետևանքով մայրիկը պիտի թերարժեքության կամ կյանքից հետ մնալու, իր ցանկացած զբաղմունքներից զրկված լինելու զգացում ունենա, ապա այսօրինակ կերակրումն ամենևին էլ օգտակար չի լինի բալիկի համար:

Ինչեւէ, միայն մոր որոշումն ու ցանկությունն է` երեխային կերակրել կրծքով մինչեւ 2 տարեկանը, թե մինչեւ 6 ամսականը: Այդ հարցում կողմնորոշվելու եւ հաստատակամ որոշում կայացնելու համար առաջարկում ենք հետեւել մի քանի խորհուրդների:

1. Երեխայի կրծքով կերակրումը չդադարեցնել մինչեւ 6-8 ամսական հասակը, եթե երեխան պահանջում է, եւ դուք ունեք այդ հնարավորությունը

2. Անկախ նրանից, թե ինչպես եք կերակրում երեխային, այդ ընթացքում պետք է նրան ջերմորեն գրկել, քնքուշ լինել, երեխայի հանդեպ ձեր հոգատարությունը չփոխարինել ընտանիքի այլ անդամների ջերմությամբ

3. Պահպանել զգոնությունը եւ վերլուծել` արդյոք երեխան ցանկանում է մայրական կաթ ուտել, թե պարզապես սովորություն է

4. Հստակ տարբերակել սեփական ցանկությունը երեխայի հետ սերտ կապը պահելու եւ երեխայի մայրական կաթը ուտելու ցանկությունը: Երբեմն մայրիկներն ունենում են երեխայից բաժանվելու վախ, որը իրենց ստիպում է շատ երկար ժամանակ երեխային կրծքով կերակրել: Այս դեպքերում մայրերն արհեստականորեն ձգում են երեխայի` կրծքից կտրվելու պահը:

5. Հիշեք, որ 2-2,5 տարեկան հասակում սկսվում է երեխայի սեռական զարգացման ամենակարեւոր շրջանը, երբ նա սկսում է տարբերակել իր սեռը: Այդ ընթացքում շատ կարեւոր է երեխայի նույնականացումը եւ սերտ շփումը իր սեռի ծնողի հետ: Հետեւաբար ցանկալի չէ այս տարիքում տղա երեխայի եւ մոր այդքան սերտ կապը:

6. Հաշվի առեք այն հանգամանքը, որ երեխաները պետք է սկսեն կոշտ սնունդ ուտել այն պահից սկսած, երբ դուրս են գալիս ատամները: Ի վերջո, բնությունը չէր կարող այդքան սխալվել:

Հեղինակ` Անուշ Ալեքսանյան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն

Գովազդ