Ինչու՞ են երեխաները կծում․ պարզաբանում է հոգեբանը

Զարգացում

Ներկայացնում է հոգեբան Ելենա Սարդարյանը։

«Ինչու՞ են երեխաները կծում»․ այս հարցը հուզում է շատ ծնողների, ովքեր փորձում են երեխային սովորեցնել, որ կծելը վատ բան է:

Սակայն, մի՛ մոռացեք, որ մենք՝ մեծահասակներս, ևս կծում ենք, բայց խոսքերով. փորձում ենք գտնել կյանքի խոչընդոտները հաղթահարելու առավել անվտանգ ճանապարհներ:

Իսկ «ինչու՞ ենք կծում» հարցի պատասխանը մեկն է՝ մենք պաշտպանվելու կարիք ունենք: Նույն պատասխանն է նաև «ինչու՞ են կծում երեխաները» հարցի պարագայում։ Երեխան իր ներքին անհանգստությունը  և անպաշտպան լինելը հաղթահարում է պաշտպանվելով՝ կծելով:

Պատմական զարգացման ընթացքում կծելը մարդուն օգնել է գոյատևել և շարունակում է նույն դերը կատարել մեր կյանքում մինչև օրս:

Մինչև երեխայի այսօրինակ վարքի շտկումը, կան մի շարք հարցեր, որոնք մեծահասակը պետք է տա ինքն իրեն։

Առաջին հարցն է՝ արդյո՞ք կշտամբելը, պատժելը, նկատողություն անելը, մեր երեխային «առավել խելոք» երեխայի հետ համեմատելը օգնում են շտկվել, թե՞ հակառակը՝ նրան դարձնում են առավել ագրեսիվ։

Եթե ցանկանում ենք, որ երեխան այլևս չկծի, ապա պետք է հասկանանք, թե ինչն է նրան անհանգստացնում և ինչի կարիք ունի դեռևս սեփական մտահոգությունները բառերով արտահայտել անկարող մեր փոքրիկը։ Պարզեք՝ արդյո՞ք նա նմանատիպ վարք է դրսևորում համանման իրավիճակներում, ու՞մ է առավել շատ կծում, կա՞ ինչ-որ մեկը, որը երեխային կծելով է սիրում, ընտանեկան մթնոլորտը խաղա՞ղ է, իսկ միգուցե նա նմանակում է մեկին, ով իր համար հեղինակություն է, և շատ այլ նմանատիպ հարցեր:

Հիշեք` հեշտ է երեխայի վրա զայրանալ, առավել դժվար է հասկանալ և օգնել: Եկեք օգնենք նրանց մեծանալ:

 

Շարունակելի

Գովազդ