Ի՞նչ պետք է կարողանա անել 1-2 տարեկան երեխան

Զարգացում

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի իր երեխայի  ներդաշնակ զարգացմանը։

Յուրաքանչյուր երեխա ունի զարգացման իր առանձնահատկությունները, հետևաբար նշված գործողություններից  մի քանիսը կարող են յուրացվել  Ձեր երեխայի կողմից հեշտությամբ, մի մասն էլ՝ դժվարությամբ։

 Մեր նպատակն է օգնել Ձեզ`ապահովելու Ձեր երեխայի զարգացման ճիշտ ընթացքը։ 

Եվ այսպես, եկեք, հասկանանք՝ ինչ է կարողանում անել երեխան կոնկրետ տարիքում.

13-14 ամսական 

  • Հասկանալով ասում է «մա-մա», «պա-պա»,
  • օգտագործում է 3 բառ,
  • նմանակում է պարզ գործողություններ (օրինակ՝ գրկում կամ սիրում է տիկնիկին),
  • քայլում է ինքնուրույն, կռանում և ուղղվում է,
  • բացի լացից, այլ ձևով է իմաց տալիս իր կարիքների մասին,
  • հասկանում է ավելի շատ, քան ասում է,
  • խաղալիքների արկղից հանում է փոքրիկ առարկան՝ արկղը շուռ տալով,
  • հագնվելու ընթացքում մի քիչ օգնում է: 

15 ամսական 

  • Կառուցում է երկու մասից բաղկացած աշտարակ,
  • գծում է մատիտով,
  • բարձրանում է հարմար աթոռի վրա,
  • ցանկալի առարկա վերցնելու համար շրջանցում է առջևում եղած արգելքը,
  • հանում է գուլպաները, փորձում է արձակել կոճակները։ 

16-17 ամսական

  • Հետևում է պարզ (մեկ գործողություն պահանջող) հրահանգներին, որոնք չեն ուղեկցվում ժեստերով,
  • օգտագործում է 4-6 բառ, գիտի 7-20 բառ,
  • իրար հետևից արտաբերում է բառեր, որոնց մի մասը հասկանալի է,
  • ցույց է տալիս մարմնի մինչև 5 մաս։ 

18-20 ամսական 

  • Զգուշությամբ հետ-հետ է քայլում,
  • մի ձեռքից բռնած՝ բարձրանում և իջնում է աստիճաններով,
  • ոտքով հարվածում և նետում է գնդակը,
  • վազում է՝ լայն քայլեր անելով,
  • բացի «մամա» և «պապա»-ից, ասում է ևս մի քանի բառ,
  • կրկնում է լսածը,
  • գիրքը թերթում է՝ 2-3 էջ միասին շրջելով,
  • խզբզում է,
  • սկսում է հետաքրքրվել դարակների, աղբամանների պարունակությամբ,
  • մինչև 10 խորանարդիկներ է լցնում տուփի մեջ,
  • ինքնուրույն ուտում է գդալով,
  • նմանակող գործողություններ է կատարում՝ ընդօրինակելով ցուցադրած խաղերը և ծնողների գործողությունները,
  • ցույց է տալիս մարմնի մինչև 8 մաս։ 

21-23  ամսականում 

  • Բառապաշարում ունի 5-ից ավելի անվանումներ,
  • իրար վրա դնում է 3-4 խորանարդիկ,
  • կատարում է մի քանի պարզ հրահանգ,
  • գործածում է 7-10 բառ,
  • գիրքը թերթում է էջ առ էջ,
  • խաղում է երեխաների հետ,
  • վազում է, կանգնած դիրքից նետում է առարկան՝ առանց ընկնելու,
  • բազրիքից բռնած ինքնուրույն բարձրանում և իջնում է աստիճաններով:

  

Աղբյուրը՝  առողջապահության նախարարության «1-2  տարեկան  երեխայի զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ուղեցույց

 

Գովազդ