Փոքրիկի խոսքը զարգացնող խաղ, որի համար անհրաժեշտ է խաղալիք սպասք ու գազօջախ

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Մարիամ Պետրոսյանը։

Այս խաղի օգնությամբ զարգացնում ենք գրեթե բոլոր հոգեկան գործընթացները և հատկապես խոսքը (տարիքը՝ 2.6-ից սկսած): 

Մեզ անհրաժեշտ կլինի խաղալիք սպասք տարբեր չափսերի և խաղալիք գազօջախ: 

Տարաներից մեկի մեջ լցնում ենք ջուր և առաջարկում ճաշիկ եփել կամ թեյ: Լցնում ենք կաթսայի մեջ և դնում գազօջախին, միացնում, եփելու ձայն հանում, գդալով խառնում, ինչու չէ, նաև համտեսում: Հետո լցնում ենք ափսեների մեջ կամ բաժակների մեջ, հյուրասիրում միմյանց: Ողջ ընթացքում կառուցում ենք իրավիճակին համապատասխան երկխոսություն: Օրինակ՝ ջուր բերե՞մ, խաղանք, կուզե՞ս գազօջախին դիր կաթսան, փակիր կափարիչով, իսկ հիմա ջուրը լցնենք փոքր կաթսայի մեջ, կապույտ բաժակի ջուրը կարծես ավելի քիչ է, քան կարմիր բաժակինը, նայիր՝ սա դատարկ է, իսկ սա՝ լիքը, ջուրը թափվեց՝ ոչինչ, հիմա անձեռոցիկ կտամ, կմաքրես, տե´ս, քո մոտ անձեռոցիկը թաց է, իսկ իմ մոտ՝ չոր, հիմա բաժակների ջուրը ես ուզում եմ լցնել մեծ կաթսայի մեջ, կլինի՞: Յուրաքանչյուր ասված նախադասության ժամանակ թույլ ենք տալիս երեխան նայի, համեմատի, հասկանա մեր ասածը, գուցե կարիք լինի բաժակները միմյանց կողք դնել ու համեմատել: Օրինակ բերված նախադասությունների մեջ համեմատեցինք մեծն ու փոքրը, լիքն ու դատարկը, թացն ու չորը, շատն ու քիչը, գույները, առարկաների անվանումները. այսինքն՝ իրավիճակում համեմատելը երեխայի համար ավելի հեշտ է ընկալել, քան նկարների վրա ցույց տալով: Եվ մի կարևոր սկզբունք՝ խաղալիքները կարելի է շարել ձախից աջ հերթականությամբ, առանց երեխային որևէ բան բացատրելու, որը նպատակ ունի երեխայի մոտ զարգացնել տեսատարածական ընկալումը ձախից աջ ուղղությամբ (հետագայում գրելու ժամանակ հեշտ է ընկալում ձախից աջ գրելու սկզբուnքը, տառերի մասնիկների գրության ուղղությունը): Իհարկե, սա մի խաղի միջոցով զարգացնել հնարավոր չէ, ուղղակի սա խաղերի ժամանակ հաճախ կիրառվող սկզբունք պետք է լինի: 

Թույլ տվեք երեխան ինքնուրույն լցնի ջուրը, թող թափվի, կմաքրի և մյուս անգամ ավելի ուշադիր կլինի, մի՛ շտապեք ինքներդ մաքրել, այլ ուշադրությունը հրավիրեք թափված ջրի վրա և սովորեցրեք ինչպես մաքրել: Եթե ձեր առաջարկած խաղի սցենարից շեղվում է, թույլ տվեք երեխան խաղա իր ցանկալի սցենարով: Իհարկե, կարող եք ուղղորդել, բայց եթե երեխային հետաքրքիր է, կխաղա, եթե ոչ՝ հանգիստ թողեք, հետևեք երեխայի խաղին և փորձեք մասնակից լինել, եթե երեխան ցանկանա:

 

 

 
Գովազդ