Մեկ տարեկանի ճգնաժամ. ինչպե՞ս հասկանալ, որ փոքրիկը ոչ թե կամակորություն է անում, այլ հասել է զարգացման այդ փուլին և ինչպե՞ս օգնել նրան

Զարգացում

Հաճախ ծնողները նկատում են, որ մեկ տարեկանին մոտենալուն զուգընթաց իրենց  փոքրիկները դառնում են ավելի քմահաճ: Նրանք սկսում են ավելի հաճախ կամակորություն անել և, ինչպես ասում են, «բնավորություն  ցույց տալ»: Նրանք հիմնականում հրաժարվում են ուտելիքից, քնից, լացում են, ավելի կպչուն դառնում մայրերից և այլն: Նման խնդրահարույց վարքագծի դրսևորումը պայմանավորված է մեկ տարեկանում ի հայտ եկող ճգնաժամով:

1 տարեկան փոքրիկի փոփոխվող վարքագծի համար անհանգստանալ չարժե. դա ժամանակավոր փուլ է նրա կյանքում: Ձեր գլխավոր խնդիրը պետք է լինի օգնել փոքրիկին հաղթահարել այդ բարդ ընթացքի բոլոր դժվարությունները:

 

Ի՞նչ է 1 տարեկանի ճգնաժամը

Գոյություն ունեն որոշակի էտապներ, երբ փոփոխվում են երեխայի վարքագիծն ու սովորությունները: Դրանք կոչվում են «տարիքային ճգնաժամեր»: Առանց դրանց հնարավոր չէ անհատականության ձևավորումը և հորմոնալ զարգացումը: Փոքրիկներն իրենց կյանքի առաջին  ճգնաժամն ունենում են ծնվելուց մի քանի շաբաթ անց, ապա 1, 3, 6 և 12-14 տարեկաններում: Մեկամյա փոքրիկը սկսում է կատարել իր առաջին քայլերը, արտաբերում է առաջին բառերը, սկսում է ճանաչել շրջակա աշխարհը: Ծնողներն էլ, իրենց  հերթին, հակառակվում են անմեղ երեխայի փորձարկումներին: Այստեղից էլ սկիզբ են առնում լացերը, կամակորությունները և համառությունը:

Այդ ընթացքում ծնողների համար կարևոր է հասկանալ, որ իրենց փոքրիկը արդեն չի կարող բավարարվել մահճակալի վերևում կախված խաղալիքներով: Նա դառնում է ինքնուրույն, շփվող ու ակտիվ անհատականություն: Ինչպե՞ս հասկանալ, որ այդ փոքրիկ անհատականությունը արդեն բախվել է մեկ տարեկանի ճգնաժամին:

 

Դրսևորումերը

Մեկ տարեկանում հանդիպող ճգնաժամի հիմնական դրսևորումներն են.

. փոքրիկը սկսում է լացել և հիստերիա բարձրացնել այնպիսի իրավիճակներում, որոնց ժամանակ նախկինում նման պահվածք չէր դրսևորում,

. մանկիկը հրաժարվում է կատարել սովորական թվացող գործողությունները,

. երեխան շատ էմոցիոնալ պահվածքով է արձագանքում ցանկացած արգելքի,

. ցանկանում է ամեն ինչ անել ինքնուրույն՝ առանց մեծերի օգնության,

. որոշ ունակություններ, որոնք ձեռք է բերել նախկինում, այլևս չեն դրսևորվում

. փոքրիկը հակասական պահվածք է դրսևորում, նա կարող է որևէ մեկին գրկի, հետո սկսի հարվածել, ուզի խաղալիքը, բայց ստանալու դեպքում շպրտի այն,

. նա վախենում է կորցնել մայրիկին տեսադաշտից,

. փոքրիկն անընդհատ ուշադրություն է պահանջում և խանդոտ պահվածք ցուցաբերում:

 

Պատճառները

Մեկամյա երեխայի մոտ առաջ են գալիս նոր պահանջներ, որոնք արդեն հնարավոր չէ բավարարել հին մեթոդներով: Այդ փուլում փոքրիկը սկսում է հասկանալ, որ ինքը երեխա է, իսկ իրեն շրջապատողները՝ մեծեր: Հենց այդ տարբերության բացահայտման մեջ է թաքնված մեկ տարեկանում արտահայտվող ճգնաժամի պատճառը: Այդ հասակում երեխայի մոտ հայտնվում են ինքնուրույնության առաջին նշանները՝ սկսում է խոսել, քայլել, փոխհարաբերության մեջ մտնել մարդկանց ու իրերի հետ: Բայց չնայած դրան՝ նրա հնարավորությունները դեռևս մնում են շատ սահմանափակ:

Առաջին քայլերին զուգընթաց երեխայի տարածությունն ընդարձակվում է: Նա արդեն ինքնուրույն ուսումնասիրում է տունը, գտնում է  առարկաներ, որոնցով կարելի է հետաքրքիր փորձարկումներ անել: Եվ այստեղ էլ փոքրիկ հետազոտողը բացահայտում է, որ մեծահասակներին թույլատրվում է օգտագործել այդ բոլոր հետաքրքիր առարկաները, իսկ իրեն՝ ոչ: Երեխան չի հասկանում, թե ինչու իրեն չի կարելի ուսումնասիրել շրջապատող առարկաները: Նա հրաժարվում է ընդունել արգելքները, փոխարենը սկսում է լաց լինել, հակառակվել և դժգոհություն արտահայտել:

Բոլոր երեխաները տարբեր կերպ են զարգանում: Մի մասը սկսում է արդեն 9 ամսականից քայլել, իսկ որոշ փոքրիկներ առաջին քայլերն անում են մեկ տարեկանից հետո: Հետևաբար, ճգնաժամը ևս վրա է հասնում տարբեր ժամանակահատվածներում: Սակայն հիմնականում դա տեղի է ունենում 12-ամսականում:

 

Տևողությունը

Ճգնաժամը փոքրիկների մոտ կարող է տևել 1 շաբաթից մինչև 12 շաբաթ: Այստեղ որոշիչ դեր են խաղում երեխայի բնավորությունը և այն, թե ծնողները որքանով են ճիշտ արձագանքում իրենց փոքրիկի հետ կատարվող փոփոխություններին:

Արդարության համար պետք է նշել, որ երբեմն ծնողները նույնիսկ չեն նկատում, որ երեխայի մոտ ճգնաժամ է սկսվել: Երեխան հանգիստ է լինում, իսկ նրա ցանկություններն ու կարծիքը հարգում են ընտանիքում:

 

Ինչպես հաղթահարել. հոգեբանների խորհուրդը

Որոշ ծնողներ, հարմարվելով փոքրիկի վարքագծին, կատարում են նրա քմահճույքնեդը՝ սպասելով, թե երբ դրանք կդադարեն: Մյուսներն էլ փոձում են պայքարել երեխայի կամակորությունների դեմ բղավոցների և ապտակների միջոցով: Պետք է նշել, որ երկու տարբերակներն էլ սխալ են համարվում: Շատ միջոցներ կան՝ փոքրիկ ըմբոստի հետ մտերմանալու համար: Մի քանիսը ներկայացնում ենք ստորև՝

  1. Եթե փոքրիկը չի ցանկանում ուտել, ապա մի ստիպեք նրան դա անել: Առաջարկեք, բայց մի պնդեք. երեխան, միևնույն է, սոված չի մնա:
  2. Մի՛ եղեք լուրջ մեծահասակ, փորձեք խաղալ նրա հետ: Երեխայի համար շատ հաճելի կլինի, եթե ծնողները պահմտոցի խաղան կամ բուրգ հավաքեն իր հետ:
  3. Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք փոքրիկի հետ և մասնակից դարձրեք կենցաղային գործերին: Նա մեծ հաճույքով կօգնի ձեզ, հատկապես եթե ընթացքում խրախուսեք նրան:
  4. Եթե Ձեր փոքրիկը կամակորություն է անում ու ոչ մի կերպ չեք կարողանում հանգստացնել նրան, ապա մի քանի վայրկյանով միայնակ թողեք նրան: Շուտով նա կձանձրանա և կսկսի մեկ այլ բանով զբաղվել:
  5. Սովորեք լսել Ձեր փոքրիկին: Իհարկե, նա դեռ չի կարողանում հստակ ձևակերպել իր միտքը, բայց մայրը կարող է հասկանալ իր փոքրիկին առանց խոսքերի:
  6. Զրուցեք երեխայի հետ: Դա ոչ միայն ուշադրության դրսևորում է, այլև խթան՝ երեխայի խոսքի ձևավորման համար: Հարցրեք՝ ինչով է նա զբաղված, ինչով կարող եք օգնել, հեքիաթներ կարդացեք նրա համար:
  7. Փորձեք արգելքների քանակը հասցնել մինիմումի: Եթե փոքրիկն ուզում է ինքնուրույն սնվել, ապա՝ ինչու՞ ոչ, թույլ տվեք նրան դա անել: Ուզում է նկարել իր ձեռքերի վրա, թող նկարի: Եթե երեխային ինչ-որ բան դուր չգա, նա, միևնույն է, կդիմի Ձեզ: Մի՛ արգելեք երեխային անել բան, ինչն ընդունելի չէ Ձեզ համար, բայց անվտանգ է իր համար:

 

Հետևեք այս խորհուրդներին և թե՛ Ձեր, թե՛ Ձեր փոքրիկի նյարդերը կխնայեք:

 

Ի՞նչ պետք չէ անել

 

  1. Ձեր երեխայի մեջ մի ճնշեք ինքնուրույնության դրսևորումները, հակառակ դեպքում հետագայում նրա համար դժվար կլինի ապրել առանց Ձեր օգնության:
  2. Բոլոր նրանք, ովքեր շփվում են փոքրիկի հետ, պետք է նույն մոտեցումը ցուցաբերեն երեխայի հանդեպ: Չի կարելի, որ պապիկը երեխային թույլ տա մի բան, ինչը նրան արգելում է հայրը:
  3. Երեխաներին բնորոշ է մեծերի վարքագիծն ընդօրինակելը, այդ իսկ պատճառով փորձեք նրանց ներկայությամբ վերահսկել Ձեզ:
  4. Երեխային շեղելու ժամանակ մի փորձեք գրկել կամ քաղցրավենիք տալ նրան: Դա արագ կմտնի նրա սովորությունների շարքը:
  5. Ճնշում մի՛ գործադրեք երեխայի վրա, որ ապացուցեք, թե ով է ձեզանից գլխավորը: Դուք պետք է նրա համար ընկեր լինեք, այլ ոչ թե տիրակալ ու բռնապետ:
  6. Արգելքները պետք է հնարավորին չափ քիչ լինեն, սակայն պետք չէ ամենաթողության հասնել:

Երեխան շատ ուշադրություն է պահանջում, սակայն պետք չէ նրա հետ անցկացնեք Ձեր ամբողջ ժամանակը: Փորձեք բացատրել փոքրիկին, որ Դուք այլ գործեր էլ ունեք:

Մի՛ բարկացեք նրա վրա, առավել ևս ֆիզիկական ուժ մի՛ կիրառեք: Իհարկե, նման ճգնաժամային իրավիճակում փոքրիկին հանգստացնելը հեշտ չէ, սակայն նրա ուշադրությունը շեղելը դյուրին է:

Մեկ տարեկանի ճգնաժամից զգուշանալ պետք չէ, չէ՞ որ դա բնական երևույթ է: Եվ թող Ձեզ չվախեցնեն դրա ծայրահեղ դրսևորումները, քանի որ դա երեխայի անհատականության ճիշտ ձևավորման նշան է: Հակառակը՝ դրա բացակայությունը կվկայի այն մասին, որ երեխայի մենթալ զարգացումը մնացել է նույն տեղում: Հիշեք, որ փոխըմբռնման բացակայությունը ավելի վտանգավոր է, քան ինքը ճգնաժամը:

 

Աղբյուրը՝ Babycenter.com

 

 

 

 

Գովազդ