Ինչու՞ է փոքրիկը կոտրում խաղալիքները․ հոգեբանը թվարկում է պատճառները

Զարգացում

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

 

Փոքրիկն ուսումնասիրում է

Իմացական գործընթացների զարգացումը ենթադրում է երեխայի կողմից առարկաների, խաղալիքների ուսումնասիրություն։ Երբ փոքրիկը խաղալիքի մասերն առանձնացնում է, այն կոտրում, որպեսզի տեսնի, թե ինչ կա ներսում, ապա ձգտում է, փորձում ճանաչել։

 

Նա ուշադրություն է պահանջում

Երեխան ցանկանում է խաղալիքը կոտրելով գրավել ծնողների ուշադրությունը և հասնում է իր ուզածին: Պետք է լուռ, առանց բառերի փոքրիկի ուշադրությունը շեղել: Եթե 2-4 տարեկանում ծնողն առանց զայրանալու փոքրիկի ուշադրությունը կենտրոնացնի այլ ուղղությամբ, ապա որոշ ժամանակ անց կնկատի՝ երեխայի մոտ ևս ֆիքսվածություն չկա։

 

Խաղալիքների քանակն է խնդիրը

Փոքրիկի առջև դրված են չափից դուրս շատ խաղալիքներ: Նրա տեսադաշտում պետք է թողնել քիչ քանակով խաղալիք, կոտրելու դեպքում չավելացնել, որպեսզի նա տեսնի, որ կոտրելուց հետո կարող է այլևս խաղալիք չունենալ։ Ինչպես նաև հիշե՛ք՝ ծնողը չպետք է անընդհատ բառերով երեխային արգելի, կենտրոնանա նրա գործողության վրա:

 

Տարիքին համապատասխան չէ

Ծնողները խաղալիքներ ընտրելիս պետք է չմոռանան փոքրիկի տարիքի մասին: Նրանք հաճախ վերցնում են գունագեղ, գեղեցիկ տեսք ունեցող, թանկ, սակայն երեխայի տվյալ տարիքի զարգացման համար ոչ պիտանի խաղալիքներ: Ծնողները պետք է ընտրություն կատարեն ոչ թե «թանկ է, ուրեմն լավն է» սկզբունքով, այլ՝ ըստ օգտակարության։ Օրինակ՝ մինչև մեկ տարեկան երեխայի համար հարկավոր է ընտրել էկոլագիապես մաքուր խաղալիքներ, դրանք պետք է լինեն զարգացնող, որպեսզի հնարավոր լինի 6-12 ամսականում աշխատել մանր և խոշոր մոտորիկայի վրա, զարգացնել երեխայի տեսողական, լսողական զգայարանները, շոշափելիքը։

 

Հույզերն է արտահայտում

Երբեմն երեխան կոտրում է խաղալիքը՝ դրսևորելով ագրեսիվ վարք: Այդ դեպքում փոքրիկի հույզերի հետ աշխատելու կարիք կա:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

Գովազդ