Փոքրիկին կամակոր դարձնում են ծնողնե՞րը. մանրամասնում է հոգեբանը

Զարգացում

Լինում են պահեր, երբ փոքրիկը չի ցանկանում լսել ծնողների տեսակետը, հակադրվում է նրանց և առաջ տանում սեփական խոսքը:

Այս ու նման երևույթները երեխայի մոտ նկատվում են հատկապես երեք տարեկանին մոտ, երբ ի հայտ է գալիս հերթական ճգնաժամային շրջանը: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում փոքրիկը սկսում է բացահայտել իր «ես»-ը, առանձնանալ մայրիկից ու աշխարհից, ինքնուրույնանալ և հակառակվել: Նկարագրվածը բնորոշ է նեգատիվիզմին, ինչը շատ հաճախ ծնողները շփոթում են կամակորության հետ:

Կամակորությունն առաջանում է այն ժամանակ, երբ հարազատները երեխայի ցանկություններն անխտիր կատարում են՝ հաշվի չառնելով տեղ ու ժամանակ: «Կամակոր փոքրիկը դառնում է իր ցանկությունների գերին և մեծահասակին տեսնում դրանք ի կատար ածողի դերում: Մեծահասակներն իրենց հերթին փորձում են անվերջ հաճոյանալ  ու գոհացնել երեխային, որպեսզի նա չնեղվի և չհուզվի: Օրինակ՝ գիշերը բալիկն ուզում է կոնֆետ ուտել, իսկ ծնողը մտածում է՝ դա անպայման պետք է գնել ու հասցնել տուն»,- նշում է հոգեբանը:

Իսկ ինչպիսի՞ ռազմավարություն է պետք որդեգրել տվյալ պարագայում: Անի Ապիտոնյանը հարցին պատասխանում է հետևյալ կերպ. «Ծնողները նախևառաջ պետք է վերլուծեն իրենց վարքագիծն ու չկարծեն՝ միշտ ճիշտ են, երեխան պարտավոր է անվերապահորեն ենթարկվել: Անհրաժեշտ է լսել երեխային և թույլ տալ գործել, ձեռք բերել կյանքի փորձ ու դրա միջոցով հասկանալ մեծահասակի խոսքի կարևորությունը: Օրինակ՝ երբ նա կամակորություն է անում ու չի ուզում տաք հագնվել, հարկավոր չէ ստիպողաբար հագցնել: Պարզապես վերցնում ենք բաճկոնն ու դուրս գալիս: Երբ երեխան մրսի, կվերցնի ու կհագնի»: Հոգեբանը խորհուրդ է տալիս զգոն լինել ու հիշել՝ կամակորությունները հետագայում կարող են վերածվել հոգեբանական ճնշումների՝ հենց ծնողների դեմ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ