Փոքրիկը կամակորություն է անում և չի լսում մայրիկին․ ի՞նչ եղանակներով  հանգստացնել նրան՝ չկորցնելով ինքնատիրապետումը

Զարգացում

 

Սովորաբար, երբ փոքրիկը կամակորություն է անում, չի ընդունում «ոչ» բառը, հիստերիկ պահվածք դրսևորում և ուզում իրագործված տեսնել իր ամեն ցանկությունը, ծնողները մտածում են՝ երեխան երես է առել, նրա վարքը հարկավոր է շտկել։

Սակայն առաջնային պետք է փնտրել այդ վարքի պատճառները։ Արդյո՞ք ծնողի՝ նրան ոչնչում չմերժելն է հանգեցնում այս իրավիճակին, թե՞ այլ պատճառներ էլ կարող են ընկած լինել հիմքում։ Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան ասում է, որ բնական է, երբ երեխան ցանկանում է իրագործել իր յուրաքանչյուր պահանջմունքն ու ըմբոստանում է մերժում ստանալիս: Այստեղ կարևոր է շրջապատի արձագանքը: Որքան սուր, կոշտ և առանց մեկնաբանությունների արգելվի այս կամ այն արարքը, այնքան ըմբոստ վարքի ականատես կլինենք:

«Երեխան ապրում է սոցիալական միջավայրում, և մոտավորապես երեք տարեկանում, երբ զարգանում է նրա ինքնագիտակցությունը, նա, անկախ իր կամքից, սկսում է ենթարկվել սոցիումի պահանջներին, որի մեջ մտնում են «ոչ»-երը, «պետք է»-ները, «չի կարելի»-ները: Բայց դրանց արմատները դրվում են դեռ վաղ մանկությունից, երբ բալիկն, օրինակ, չհասկանալով ձեռքը տանում է դեպի հոսանքը կամ վազում լողավազանի մոտ ու ստանում շրջապատից սուր արձագանք: Երեխան արդեն գիտակցում է, թե որ դեպքում կարժանանա շրջապատի գովասանքին, որ դեպքում՝ բացասական վերաբերմունքի»,- ասում է մասնագետը:  Նրա ընդգծմամբ՝ խիստ ցանկալի է, որ պահանջը մերժելուց կամ որևէ արարք արգելելուց առաջ ծնողը նկարագրողական նախադասություն հնչեցնի, ասի՝ «Ծառից քաղած ծիրանը, ցավոք, չենք կարող ուտել, քանի դեռ չենք լվացել: Այն կեղտոտ է, ուտելու դեպքում կարող է ցավել փորիկը», «Ես հասկանում եմ, որ դու դեռ ուզում ես հեծանիվ քշել, բայց արդեն երեկո է, ու քնելու ժամն է մոտենում, վաղն արևի դուրս գալուն պես անպայման կշարունակենք»:

Բացի վերոնշյալը, հարկավոր է ուշադրություն դարձնել երկու նուրբ հարցերի․

 Երբ երեխան հիստերիկ պահվածք է դրսևորում, լաց լինում, ի՞նչ անենք՝ իրավիճակը մեղմելու և նրան հանդարտեցնելու նպատակով, արդյո՞ք նպատակահարմար է նման պահերին բալիկին սենյակ ուղարկել ու մենակ թողնել, որ հանգստանա։ 

Բալիկները երբեմն կարող են ուժեղ լաց լինել, ոտքերը խփել գետնին, թավալվել հատակին,  ու տպավորություն ստեղծվի, որ անհնար է համագործակցության եզրեր գտնել: Ծնողի ամոթի զգացումն այդ պահին կարող է խիստ խանգարող հանգամանք լինել, քանի որ նա կփորձի ամեն գնով բավարարել երեխայի այս կամ այն պահանջմունքը, միայն թե փոքրիկը դադարի լաց լինել և իրեն «խայտառակ» չանի այլ մարդկանց մոտ: Սա այդքան էլ ճիշտ մարտավարություն չէ, քանի որ երեխայի մոտ կստեղծվի ախտաբանական կապ` ուժեղ լաց-պահանջմունքի բավարարում:

Պետք  է հաստատակամություն ցուցաբերել ու դիմել մի քանի պարզ մեթոդների. «Արի միասին հաշվենք մինչև 5-ը, ու դու կվերադարձնես բալիկի խաղալիքը», «Շոկոլադն ատամներին վնաս է, ընտրի՛ր այս երկուսից մեկը (օրինակ՝ չիր ու ընդեղեն), և ես սիրով կգնեմ քեզ համար», «Ես հաշվում եմ մինչև 10-ը, ու դու ինքնուրույն անջատում ես հեռուստացույցը»:

Լավագույն դեպքում հարկավոր է նստել երեխայի կողքին, բռնել ձեռքը, շոյել, մինչև որ հանգստանա, քանի որ բացասական հույզերի դուրսբերումը ևս շատ բնական է: Բալիկին սենյակ ուղարկելն ինչ-որ տեղ ևս լուծում կարող է լինել, բայց դրանից առաջ հիշեցրեք բալիկին՝ կողքի սենյակում անհամբեր սպասում եք նրա վերադարձին, որ շարունակեք միասին խաղալ: 

 

 Իսկ եթե ծնողն էլ այնպես է բարկացել երեխայի պահվածքի պատճառով, որ չի կարողանում կառավարել իրեն 

Այո՛, ծնողները կարող են շատ վատ օր ունենալ` սթրեսային վիճակ աշխատավայրում, անբարեհամբույր տաքսու վարորդ, վառված ընթրիք, չկայացած գործնական հանդիպում ու վերջում` երեխայի «անիմաստ ու անարդար կամակորությունները», որը կարող է վերջին կաթիլը լինել՝ ափերից դուրս գալու: Բայց հիշենք, որ մեր երեխաներն ընդօրինակում են մեր արարքները՝ թե՛ լավը, թե՛ վատը: Եթե մենք այսօր ծեծենք, քաշքշենք նրան, չի բացառվում, որ նա թույլ տա՝ իր շրջապատում էլ իրեն ծեծեն ու դրան նայի որպես նորմա կամ ինքն էլ ծեծի իր քրոջն ու եղբորը:

Հաճախ ծնողները մեծ սպասելիքներ են ունենում երեխաներից, ինչը շատ վնասում է հարաբերությունները: Նախ՝ պետք է ընդունենք ու հասկանանք, որ երեխաները հրահանգներ ընդունող ու կատարող ռոբոտներ չեն: Նրանք անհատականություններ են, որոնք ունեն իրենց պահանջմունքներն ու հույզերը: Եթե ուզում ենք, որ մեր երեխաները ներդաշնակ կապի մեջ լինեն մեզ հետ, ոսկե կանոնը` «հարգել երեխային ու սիրել նրան առանց նախապայմանների»: Հաջորդ սկզբունքը` ժամանակ անցկացնել երեխայի հետ: Ծնողները երբեմն շատ են տարվում իրենց գործնական առօրյայով, երեխաները մանկապարտեզում են, տատիկի տանը կամ էլ հեռուստացույցի առջև, շատ քիչ են շփվում ծնողների հետ, որի արդյունքում էլ տուժում է ծնող-երեխա հուզական, անմիջական կապը: Սա էլ իր հերթին կաշկանդում է առողջ հարաբերությունները ծնողների ու երեխաների միջև:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ