Ինչպես փոքրիկին դարձնել ստեղծագործող. հոգեբանական խաղեր ու վարժություններ

Ժամանց

Մարդու ստեղծագործականությունը չունի սահմաններ: Այն ծնում է որակապես նոր, նախկինում չեղած արժեքներ, երբ հայտնաբերվում, հորինվում է մի նոր բան:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի կատարել հետաքրքիր վարժություններ, որոնք կխթանեն ստեղծագործական մտածողությունը: Դրանք կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու, ծանոթ իրավիճակին նոր տեսանկյունից նայելու և մտքի ճկունությունը մարզելու համար են: Մասնագետների կարծիքով՝ վարժությունների հիմնական նպատակն այն է, որ մարդ դուրս գա իր սովորական մտածելակերպի սահմաններից և կարողանա հնարամիտ լուծումներ գտնել և´ առօրյա կյանքում, և´ աշխատանքային իրավիճակներում առաջացող խնդիրների համար:

Ստեղծարարությունը նույն կրեատիվությունն է, որի հիմնական բնութագիրը նոր բան ստեղծելու կամ հինը նոր ձևով վերարտադրելու ընդունակությունն է: Ստեղծագործական ընդունակությունները տարբեր ձևով  և մասշտաբով են արտահայտվում տարբեր մարդկանց մոտ, սակայն դրանք հնարավոր է ձևավորել և զարգացնել հետևյալ վարժությունների միջոցով:

Նկարչական վարժություն

Վարժության բնույթը հետևյալն է. պետք է ընտրել ցանկացած 10 կենդանի, ապա յուրաքանչյուր կենդանուց վերցնելով մի մաս (գլուխ, պոչ, քիթ և այլն)՝ դրանք միացնել իրար և հորինել մի նոր, գոյություն չունեցող արարած: Այդ կենդանուն կարող եք անուն տալ և հորինել, թե ինչով է նա սնվում, որտեղ է ապրում, ինչ ընկերներ և թշնամիներ ունի, ինչով է տարբերվում և ինչով է նման իր բաղկացուցիչ մասերը կազմող կենդանիներին:

Յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն զարգացնել իր ստեղծարարությունը՝ պարբերաբար նոր բաներ ստեղծելով: Օրինակ` դիզայներ, նկարիչ, երաժիշտ Բրոկ Դեվիսն իր կրեատիվությունը մարզելու պարզ միջոց էր գտել, որն անվանել էր «Հավես մի բան արա ամեն օր»: Ամեն օր՝ այսինքն տարվա մեջ 365 օր, պետք է հորինել, ստեղծել ինչ-որ անսովոր և հետաքրքիր մի բան՝ լուսանկար, նկար, լոգոտիպ, նոր գաղափար և այլն:

Գոյություն ունեն յուրահատուկ հանելուկներ, որոնց, անշուշտ, բոլորս էլ ծանոթ ենք որոնք զարգացնում են ոչ շաբլոն մտածողությունը և երևակայությունը: Դրանք լուծելիս շատ հաճախ պետք է որոնել ամենապարզ ելքը՝ վերացարկվելով խնդրի պայմանների մի մասից: Ահա մի օրինակ, որը վերցրած է Ռ. Սոլսոյի «Կոգնիտիվ հոգեբանություն» գրքից.

Դուք սարերում ման եք գալիս և հասնում եք խորը փոսի, որի խորությունը 12մ 192սմ է, լայնությունը՝ 18մ 288սմ, իսկ երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Դուք ունեք 6մ սանդուղք, անսահմանափակ քանակությամբ թելեր, մոմեր, լուցկի, կողքը լիքը թափված քարեր: Ինչպե՞ս կանցնեք փոսը:

Մինչ պատասխանը նայելը, որը հոդվածի վերջում է, փորձեք ինքներդ գտնել ճիշտ պատասխանը: Կարևոր է հասկանալ, թե որ պայմաններն են կարևոր լուծման համար, իսկ որոնք՝ երկրորդային:

Շատ հետաքրքիր և զվարճալի է նաև հետևյալ վարժությունը.

Վերցրեք ցանկացած առարկա ու դրան տվեք օգտագործման այլընտրանքային տարբերակներ: Օրինակ՝ ռետինը, բացի իր բուն նշանակությունից, կարելի է  վերածել ականջօղի, օգտագործել որպես պարսատիկի քար, լուցկիների առկայության դեպքում մարդուկ սարքել դրանից և այլն:

Երբևէ մտածե՞լ եք՝ ձեր կյանքն ավելի ստեղծարար ու հետաքրքիր դարձնելու մասին: Ի՞նչ անել, որ ամեն օրն անցնի ստեղծագործելով ու տարբերվի նախորդից: Այդպես ստեղծարարության զարգացման թրենինգներից մեկում խորհուրդ էին տալիս առանձնացնել երազներից ամեն օր մի բառ, և շաբաթվա վերջում 7 երազներից քաղված 7 բառերից մի նախադասություն կազմել, որը կուղղորդի և կոգեշնչի ապագայում:

Երեխաներին շատ դուր կգա նաև հետևյալ վարժությունը.

Թղթի վրա նկարած կլորները պետք է պատկերների վերածել, այսինքն՝ ավարտուն ինչ-որ նկար ստանալ: Միակ պայմանն այն է, որ պատկերները չպետք է կրկնվեն:

Իսկ վերը նշված հանելուկի պատասխանը հետևյալն է՝ պետք է պարզապես թելերը լցնել փոսը և անցնել դրանց վրայով, եթե հիշում եք, ձեր թելը անսահմանափակ քանակությամբ է:

Մասնագետները կարծում են, որ մարդու ստեղծարարության դրսևորման համար անհրաժեշտ են հետևյալ երեք գործոնները՝ համապատասխան ստեղծագործական մթնոլորտ, տվյալ ոլորտի վերաբերյալ որոշակի գիտելիք և նմանատիպ օրինակներ, որոնք թույլ կտան ոգեշնչվել ու ելման կետ կծառայեն ստեղծագործելու համար:

Այսպիսով, ստեղծարար լինելու համար պետք է հաճախ ստեղծագործել, չվախենալ տարբերվել և նորովի մոտենալ բարդ իրավիճակներին:

Գովազդ