Ինչպե՞ս ապահովել փոքրիկի ժամանցը. հոգեբանների խորհուրդները

Ժամանց

Երեխաների ժամանցի ճիշտ եւ արդյունվետ կազմակերպումը մայրիկների առաջնային խնդիրներից է:  Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել արդյունավետ ժամանց անվտանգ միջավայրում, ներկայացնում են մանկական հոգեբաններ  Իրինա Խանամիրյանը եւ Դիաննա Գրիգորյանը։

Հոգեբան Իրինա Խանամիրյանի խոսքով՝ հաճախ մայրիկներն ընտրում են  ժամանցի ապահովման հեշտ միջոցներ՝ համակարգիչ, հեռախոս կամ պլանշետ։ Մասնագետներն ասում են,որ դրանց գերօգտագործումը կարող է տարբեր խնդիրներ առաջացնել՝  խոսքի զարգացման հապաղում, ուշադրության պակաս,  ցրվածություն: Հոգեբանը նշում է, որ անգամ ճաշ պատրաստելիս կամ այլ գործով զբաղվելիս  հնարավոր է երեխայի համար ապահովել ժամանցի այլընտրանքային միջոցներ։ Շատերին թվում է, թե ակտիվ ժամանցի համար անհրաժեշտ է այցելել  երեխաների զարգացման կենտրոններ, խաղահրապարակներ, սակայն տանը ևս հնարավոր է զբաղեցնել երեխային։ Հոգեբաններն առաջարկում են, օրինակ, երեխային զբաղեցնել խոհանոցային պարագաներով. օրինակ՝ ձավարեղենը կարող է ժամանցի հիանալի միջոց լինել. բրինձ, ձավար, վարսակ, հնդկաձավար՝ այն ամենը, ինչով հնարավոր է տարբեր պատկերներ ստանալ, հատ-հատ առանձնացնել՝զարգացնելով երեխայի շոշափելի զգայարանները։ Այս դեպքում դրանք փոխարինում են այդ նպատակով օգտագործվող ավազահատիկներին: Այն առավել արդյունավետ եւ հետաքրքիր է 1-3 տարեկան երեխաների համար։

Իրինա Խանամիրյանի խոսքով՝ ժամանցի մի տեսակ էլ երեխաների համար պատմություններ հորինելն է նրանց առօրյայի մասին։ Պետք չէ անտեսել նաև ժամանցի կարևոր մաս կազմող զբոսանքը։ Հաճախ օրվա ծանր գրաֆիկից եւ հոգնությունից հետո ծնողները ալարում են երեխաներին զբոսանքի տանել։ Հոգեբանը խորհուրդ է տալիս օրական 2 ժամ հատկացնել փոքրիկների զբոսանքին։ Պետք չէ երեխաներին արգելել անել այն, ինչ իրենք ցանկանում են։ Պարզապես անհրաժեշտ է անվտանգ պայմաններ ստեղծել նրա համար:

Հոգեբան Դիաննա  Գրիգորյանի  խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել անընդմեջ շփուը երեխայի հետ, նրան մասնակից դարձնել կատարվող գործողությանը, անգամ ճաշ պատրաստելիս մանրամասնորեն պատմել,  զրուցել նրա հետ, թույլ տալ՝ որևէ բան էլ նա անի:  Այդպես թե' շփման կարողությունն է զարգանում, թե'  հիշողությունը:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ