Ինչպես խաղի միջոցով զարգացնել երեխայի ուշադրությունը, տրամաբանությունն ու խոսքը

Ժամանց

Այս խաղը կարելի է խաղալ 9 ամսականից սկսած: Անհրաժեշտ է վառ գույներ ունեցող գեղեցիկ տուփ, որը փակվում է, և որևէ խաղալիք:

Երեխային տալիս ենք տուփը, որի մեջ դրված է խաղալիքը, և փորձում ենք հետաքրքրություն առաջացնել դրա նկատմամբ: Օրինակ՝ ասում ենք՝ տե՛ս՝ սա ինչ է: Երեխան ուսումնասիրում է տուփը, շրջում, գուցե փորձի նաև բացել: Եթե չի հետաքրքրվում կամ մի քիչ հետո հետաքրքրությունն անցնում է, փորձեք թափահարել և ուշադրությունը հրավիրել ձայնին, կարելի է նաև խոսքով զարմանք արտահայտել և հարցնել՝ ի՞նչ կա մեջը, արի բացենք, տեսնենք: Բացեք տուփը ու անվանեք թաքցրած խաղալիքը: Հետո նորից տեղը դրեք խաղալիքը, փակեք տուփը այնպես, որ երեխան տեսնի ու թողեք, որ ինքը բացի, եթե դժվարանում է կամ դիմում ձեր օգնությանը, օգնեք, բայց եթե երեխան հետաքրքրությամբ փորձում է փնտրել ու գտնել, թողե´ք՝ ինքնուրույն անի:

Կարելի է խաղալիքները փոխել և ամեն անգամ անվանել տվյալ առարկան: Ցանկալի է խաղի ժամանակ երկխոսություն սկսել, որը հասկանալի կլինի երեխային՝ խուսափելով բարդ ու երկար նախադասություններ ասելուց:

Այս խաղը կնպաստի երեխայի մանր մոտորիկայի զարգացմանը, ուշադրությանը, ինքնուրույնությանը, էմոցիաների ընկալմանը և իհարկե կզարգացնի խոսքը, հատկապես՝ խոսքի ընկալումը, որն այս տարիքում առավել կարևոր է: Հիշեք՝ մեր խոսքը պետք է լինի այնպես, որ երեխան կարողանա այն կրկնել: 


Այս խաղը կարելի է խաղալ ավելի մեծ տարիքի երեխաների հետ՝ մի փոքր բարդացնելով խաղի կանոնները։ Օրինակ՝ 2-3 տարեկան երեխայի հետ խաղալիս կարելի է թաքցնել որևէ առարկա և շատ պարզ, հուշող նախադասություններով նկարագրել երեխային՝ ինչ է տուփի մեջ, իսկ երեխան պետք է փորձի կռահել: Այնուհետև կարելի է խաղի կանոնները փոխել: Առաջարկեք երեխային՝ ինքը թաքցնի առարկան ու նկարագրի ձեզ, իսկ դուք փորձեք կռահել: Նմանատիպ խաղերը զարգացնում են խոսքային մտածողությունը, երևակայությունը, տրամաբանությունը, կապակցված խոսքը:

 

Խաղի հեղինակ՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Պետրոսյան

 

Գովազդ