Ինչո՞ւ է փոքրիկը հաճախ հիվանդանում

Խնամք

Հաճախ հիվանդացող երեխա մասնագետները կոչում են նրանց, ովքեր տարվա ընթացքում 6 անգամից ավել են հիվանդանում և տարվա ընթացքում մինչև 10 անգամ են մանկապարտեզ հաճախում:

Հիմնականում 1-5 տարեկանում են երեխաները ինֆեկցիոն հիվանդություններ տանում: Առավել շատ տարածված են վիրուսային ինֆեկցիաները, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, կոկորդի կարմրությամբ և հարբուխով:

Հաճախ հիվանդացող փոքրիկի առողջությունը պետք է ամրապնդել: Բայց, նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչու են երեխաները հաճախ հիվանդանում:

Նորածնի առողջությունն ապահովում են մայրական իմունոգլոբուլինները, որոնք փոքրիկին են փոխանցվում ներարգանդային կյանքի ընթացքում: Այս  պաշտպանությունը տևում է վեց ամիս, իսկ հետագայում արդեն հակամարմինները երեխային փոխանցվում են մայրական կաթի միջոցով: Երեխայի իմունային համակարգը շարունակաբար զարգանում է մինչև 6-7 տարեկան հասակը: Եվ հենց մինչև այս տարիքը այն շատ խոցելի  է ու նրան պետք է «ամրացնել»:

Սակայն դեղահաբերին նախապատվություն տալ պետք չէ. դրանք վատ են ազդում իմունիտետի ձևավորման վրա: Իմունիտետի վրա ազդող միջոցներ կարելի է կիրառել բացառապես բժշկի նշանակմամբ: Նախընտրելի են փոքրիկին կոփելու տարբերակները: Օրինակ, սենյակում խաղալու փոխարեն կարող եք զբոսնել մաքուր օդին և խաղալ այգում:

Սովորաբար  հիվանդ երեխաների մայրիկները շտապում են շուտ աշխատանքի վերադառնալ: Սակայն փոքրիկի օրգանիզմը չի շտապում, նրան 2-3 շաբաթ ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Այլապես շուտով նորից ստիպված կլինեք արձակուրդ վերցնել` հիվանդ փոքրիկին խնամելու համար:

Բացի կոփելու ավանդական միջոցներից (ջրային և օդային լոգանք), որ խորհուրդ կտա տեղամասային բժիշկը, տանը ևս պետք է առողջ մթնոլորտ ապահովել: Պայմաններ ստեղծեք փոքրիկի առողջ խաղի և քնի համար: Սենյակը հաճախ օդափոխեք, օդը խոնավացրեք, սենյակը հնարավորինս  ազատեք իրերից, որոնք փոշի են հավաքում: Մաքրություն անելիս էլ խուսափեք քիմիական նյութեր օգտագործելուց: Հետևեք նաև Ձեր առողջությանը: Անգամ ծնողների քրոնիկ հիվանդությունները (օրինակ, բրոնխիտ, կարիես) ստեղծում են իրավիճակ, երբ միշտ հիվանդագին մանրէներ են ներկա: Դրա համար էլ շատ կարևոր է վնասակար սովորություններից հրաժարվելը:

Ուշադրություն դարձրեք նաև փոքրիկի սննդին: Նորածնի համար, իհարկե, իդեալական է մայրական կաթը: Սակայն հավելյալ կերակրատեսակներ ներմուծելուց էլ պետք է լուրջ մոտենալ փոքրիկի սննդակարգին: Պետք չէ ժամանակից շուտ փոքրիկի սննդացանկում ընդգրկել մթերքներ, որոնք ալերգիա կարող են առաջացնել: Փոքրիկին պետք չէ տալ նաև  կոնֆետներ, գազավորված ըմպելիքներ և շոկոլադ:

Աղբյուրը՝  vkusnyasha.ru

Գովազդ