Մանկական կոշիկ. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն խանութում. մանկաբույժի խորհուրդները

Խնամք

Հարցերին պատասխանում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: 

 

Ո՞ր տարիքից պետք է կոշիկ հագցնել

 

Երեխային կոշիկ պետք է հագցնել այն ժամանակ, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնին և քայլել: Եթե երեխան դեռ չի քայլում, պետք չէ հագցնել կոշիկ:

 

Ի՞նչ կոշիկ ընտրել, ինչի՞ն ուշադրություն դարձնել

 

Կոշիկի ընտրությունը շատ կարևոր է: Կոշիկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել որակին, որպեսզի երեխայի ոտքը կարողանա «շնչել» և չքրտնել: Կոշիկի տակացուն պետք է լինի փափուկ, որպեսզի կրնկից թաթ անցումը կարողանա հեշտությամբ կատարել: Կոշիկի կրունկը պետք է լինի 1-1.5 սմ բարձրությամբ, իսկ հետևը` կրունկը պահող մասը, պետք է լինի պինդ, չծալվի աջ ու ձախ, որպեսզի քայլելու ընթացքում ոտքը չշեղվի և չդառնա ողնաշարի ծռության պատճառ: Եթե երեխայի քայլվածքի ձևը փոխվում է տվյալ կոշիկը կրելիս, պետք է այլեւ չօգտագործել: 

Շատ կարևոր է, որ մեծ երեխաների կոշիկները ժառանգաբար չփոխանցվեն փոքրերին, քանի որ կոշիկը մաշվում է յուրովի. նախորդ երեխայի ոտքի ձևը և քայլվածքի ֆիզիոլոգիան փոխանցվում է մյուս երեխային, որը կարող է լինել պաթոլոգիական:

 

Պե՞տք է, արդյոք, ընտրել ոտքի չափսից փոքր-ինչ  մեծ կոշիկ

 

Կոշիկը պետք է լինի ոչ մեծ, ոչ փոքր: Ճկույթի չափով` մոտ 1-1.5 սմ ազատ տարածք պետք է լինի կրնկի և կոշիկի հետևի մասի միջև: Ավելի մեծ կոշիկի դեպքում երեխայի ոտքը կսահի առաջ ու կծանրաբեռնվի երեխայի ոտքը: Իսկ ավելի փոքր կոշիկը կսեղմի, բայց երեխան չի զգա. փոքր երեխաների ոտքերի ճարպային հյուսվածքները շատ են ու դրանք կլանիչի դեր են տանում, ուստի երեխաները ցավ գրեթե չեն զգում: 

Կոշիկի չափսը որոշելիս հարկավոր է վերցնել մաքուր թուղթ, երեխային կանգնեցնել վրան և ուրվագծել ոտնաթաթը: Ըստ այդ չափսի՝ կարելի է կողմնորոշվել և ճիշտ կոշիկ գնել:   Սա շատ կարևոր է, քանի որ երեխան միշտ չէ, որ կոշիկը փորձելիս կարող է նկարագրել, որ այն ցավեցնում է, լայն է կամ նեղ:

 

Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել սխալ ընտրված կոշիկը

 

Սխալ  կոշիկը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Առանց սուպինատորի կոշիկը կարող է հարթաթաթության պատճառ դառնալ, իսկ առանց կրնկի կամ բարձր կրնկով կոշիկը կարող է առաջացնել ողնաշարի ծռումներ և կառուցվածքի փոփոխություններ: 

 

Գովազդ