Երեխայի մազերը. ճի՞շտ է, արդյոք, կարծիքը, որ 1 տարեկանից հետո ցանկալի է սափրել գլուխը

Խնամք

Հարցերին պատասխանում է  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի  նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

 Ե՞րբ պետք է կտրել փոքրիկի մազերը:

 

Փոքրիկի մազերի առաջին կտրվածքը կարելի է անել առաջին տարին լրանալուց հետո։ Իհարկե, այն դեպքերում, երբ փոքրիկի մազերը երկար են, ընկնում են աչքերի մեջ և փոքրիկին խանգարում են, պետք չէ սպասել, կարելի է կարճացնել մազերը։ Այնուհետև պետք է պարբերաբար մազերի ծայրերից կտրել, որպեսզի դրանք  առողջ ու գեղեցիկ լինեն։

 

Ճի՞շտ է, արդյոք, կարծիքը, որ երկար մազերն ազդում են երեխայի աճի վրա:

 

Ցանկալի չէ երեխայի մազերը երկարացնել մինչև 4-5 տարեկանը, քանի որ շատ դժվար է ճիշտ խնամք ապահովել։ Եթե երեխայի օրգանիզմն անբավարար սննդարար նյութեր է ստանում, դա անդրադառնում է նաև մազերի վրա. դրանք դառնում են անփայլ, փխրուն, ծայրերը՝ ճյուղավորված, թափվում են և չեն երկարում։ Իսկ առողջ և երկար մազերը վկայում են օրգանիզմի առողջության մասին, և չեն կարող աճի խանգարման պատճառ լինել: Եթե երեխան ստանում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սնունդ։

 

Պե՞տք է, արդյոք, սափրել գլուխը:

 

Կա կարծիք, որ երեխայի գլուխը սափրելով՝ մազերի որակը լավանում է:  Իհարկե, դա այդպես չէ։  Մազերի որակական հատկանիշները պայմանավորված են գենետիկայով։ Սափրելուց դրանք չեն փոխվում, բայց այդպես կարող եք վնասել երեխայի գլխի նուրբ մաշկը: Եթե երեխայի մազերը բարակ և նոսր են, կարելի է պարբերաբար կտրել մազերը։

 

Ի՞նչ սանրով է հարկավոր սանրել մազերը:

 

Մազերը կարելի է սանրել գրեթե չոր վիճակում։ Պետք է օգտագործել բնական հումքից սանրեր (փայտ, ոսկոր)։ Սանրի ծայրերը պետք է կլորացված լինեն, որպեսզի սանրելիս մաշկը չվնասվի:  

 

 

 

Գովազդ