Երեխան և ատամնաբույժը. առաջին ծանոթություն

Խնամք

Երեխայի ատամները, նույնիսկ  կաթնատամները, պետք է անպայման բուժել:

Իհարկե, դուք կմտածեք, որ կաթնատամներին փոխարինելու են հիմնական ատամները, և հենց այդ ժամանակից էլ կօգնեք երեխային խնամել ատամները: Ո՛չ: Ատամները պետք է սկսել խնամել ամենասկբից:

Բերանի խոռոչի հիգիենային պետք է սկսել հետևել դեռ մեկ տարեկանից, երբ արդեն երեխայի սննդակարգը հարստանում է ավելի շատ մթերքներով: Սովորական թանզիվը՝ փաթաթված մայրիկի մատին, համարվում է երեխայի առաջին ատամի խոզանակը: Թրջեք թանզիվի կտորն ու մաքրեք երեխայի լնդերն ու ատամիկը:

Ատամների առողջությունը գենետիկ է փոխանցվում երեխային: Լինում են դեպքեր և քիչ չեն, երբ մայրիկը շատ լավ է հետևում երեխայի ատամների առողջությանը, երեխան քաղցրավենիք չի ուտում, բայց կարիեսից խուսափել չի հաջողվում:

Ու հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի, որից, համաձայնեք, նույնիսկ մենք՝ մեծերս, շատ հաճախ սարսափում ենք:

Ի՞նչ պետք է հիշել երեխային ատամնաբույժի մոտ տանելիս.

Առաջին՝ երբեք  երեխայի ատամները չվստահեք անփորձ ուսանողներին: Գուցե անփորձ ատամնաբույժի  ծառայություններն ավելի էժան են, բայց թույլ մի տվեք որևէ մեկին սովորել՝ ձեր երեխայի ատամների վրա փորձարկումներ անելով:

Երկրորդ՝ ընտրեք հուսալի բժշկի: Հարցրեք ընկերների, բարեկամների կարծիքը:  

Երրորդ՝ երեխայի համար ընտրեք միջին տարիքի ատամնաբույժի: Երեխաները, որպես կանոն, վախենում են տարիքով բժիկներից: Բացի այդ, մեծահասակներից շատ քչերն են անընդհատ հետևում բժշկական ոլորտի զարգացումներին:

Չորորդ՝ հետաքրքրվեք ատամնաբույժից, թե ինչ ցավազրկող է պատրաստվում օգտագործել: Ավելի լավ է մի քիչ ավելի շատ գումար ծախսել, քան օգտագործել էժան ու անորակ ցավազրկող, որը կարող է որոշ հետևանքներ ունենալ:

Եվ վերջապես, երեխային նախապատրաստեք ատամնաբույժի հետ ծանոթությանը: Կարող եք նախապես այցելել ատամնաբույժին, ով երեխային կբացատրի, թե որ սարքով ինչ է անելու: Իհարկե, պետք չէ անմիջապես պատմել «ամբողջ ճշմարտությունը»: Մի քիչ մեղմ ներկայացրեք: Ատամը բուժելու ընթացքում կարելի է հայելու միջոցով երեխային բացատրել, թե այդ պահին բժիշկն ինչ է անում իր ատամիկի հետ: Հավատացեք՝ այս գործընթացը երեխային շատ կհետաքրքրի և կնվազեցնի վախը:

Պետք չէ երեխային նախապես վախեցնել, հետո քաջալերել՝ ասելով, որ «մի քիչ կցավի, բայց դու ուժեղ ես, պետք է դիմանաս»:

Հետևեք երեխայի առողջությանը հենց սկզբից: Դա հետագայում նրա համար կդառնա սովորություն:

Աղբյուրը՝ vospitaj.com 

Գովազդ