Ի՞նչը կարող է հուշել օրգանիզմում վիտամինի պակասի մասին

Խնամք

Հաճախ երեխաների թույլ վիճակը ծնողները պայմանավորում են օրգանիզմում վիտամինի պակասով։ Եվ նրանք իրավացի են, քանի որ օրգանիզմում վիտամինների պակասը շատ խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Այնպես որ, պետք է դիմել բժշկի։ Սակայն, մինչև այդ եկեք պարզենք, թե որ նախանշաններն են հուշում, որ երեխան ունի վիտամինի պակաս։ Պարզաբանում է մանկաբույժ Նոննա Եղոյանը։

Հիպովիտամինոզը կամ թերվիտամինությունը բավականին լայն տարածում ունի, և ցանկացած հիպովիտամինոզ ունի իր նախանշանները։

Վիտամին D

Ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպում  է վիտամին D-ի պակասը։ Այն շուտ վերականգնվող վիտամին է։ Մինչև 2 տարեկանը երեխան ընդունում է վիտամին D-ի կաթիլներ, քանի որ կրծքի կաթը չի պարունակում։ Բայց երբեմն պատահում են դեպքեր, որ D վիտամինի պակասը հանդիպում է նաև 2, 3 և ավելի մեծ երեխաների մոտ։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում պրոֆիլակտիկ  փուլից (օրական մեկ կաթիլ) անցնել բուժման փուլ (2-3 կաթիլ)։

Վիտամին D-ի պակասի մասին կարող են հուշել հետևյալ նախանշանները.

  • ոսկորների և մկանների ախտահարում,
  • վերջույթների դեֆորմացիա,
  • գաղտունի չափսերի մեծացում կամ տարիքային ոչ համապատասխան չափս։

Այս վիտամինի պակասի դեպքում հաճախ է հանդիպում նաև մազաթափություն և քրտնարտադրություն։ Այս երևույթը ծնողները հաճախ բացատրում են «իմ երեխան շատ է քրտնում» արտահայտությամբ։ Դրա համար գերքրտնարտադրության դեպքում անհրաժեշտ է համապատասխան հետազոտություն անցնել։

 

Վիտամին C

Վիտամին C-ի պակասը կարող է հանգեցնել լնդախտի առաջացման։ Այս հիվանդությունը ևս հաստատվում է համապատասխան հետազոտությամբ։ Քանի որ C վիտամինը օրգանիզմում չի արտադրվում, արյան մեջ դրա առկայությունը հնարավոր չէ ստուգել, հետևաբար նախանշանները ևս դժվար տեսանելի են։

 

Վիտամին A

Վիտամին A-ն ևս շատ կարևոր է, քանի որ այս վիտամինի պակասի դեպքում ախտահարվում է տեսողությունը։ Այս վիտամինի թիրախային օրգանը աչքերն են։ A վիտամինի իսկական աղբյուր է ձուկը։ Եթե 1 տարեկանից երեխան օգտագործի A վիտամինով հարուստ մթերքներ, հետագայում տեսողության խնդիրներ քիչ կլինեն։ Սակայն բացառություն են այն դեպքերը, երբ 1 տարեկանից երեխայի մոտ արդեն ի հայտ են գալիս տեսողական խնդիրներ։ Այս դեպքում հետազոտություն է արվում՝ հաստատելու օրգանիզմում A վիտամինի պակասը։ Հնարավոր է, որ տեսողության հետ կապված խնդիրը լինի բնածին։

Օրգանիզմում առկա վիտամինների պակասը կարող է պայմանավորված լինել ոչ բավարար քանակով վիտամիններ ընդունելով կամ օրգանիզմի կողմից դրանց յուրացման դժվարություններով։ Այսինքն՝ երբ  ծնողը երեխային բավարար քանակությամբ վիտամին տալիս է, սակայն օրգանիզմն այն չի յուրացնում՝ հանգեցնելով հիվանդությունների, օրինակ՝ անեմիայի (արյան տոկոսի ցածրացում)։ Սա առաջանում է B12-ի պակասի դեպքում։

Կալցիումի պակասի դեպքում ևս անհրաժեշտ է դիմել բժշկի։ Այս վիտամինի պակասի նախանշան կարող է լինել ատամների թափումը, որի դեպքում պրոֆիլակտիկ ձևով երեխաներին կալցիում է նշանակվում։

Ի դեպ, ոչ բոլոր դեպքերում է օրգանիզմում հիպովիտամինոզ կանխորոշվում, շատ հավանական է, որ երեխան ընդհակառակը՝ հիպերվիտամինոզ կամ գերվիտամինություն ունենա՝ վիտամինների մեծ քանակություն օրգանիզմում։ Այդուհանդերձ,  բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան բուժում ստանալու համար։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ