Ի՞նչ սկզբունքով մահճակալ և ներքնակ ընտրել երեխայի համար

Խնամք

Երեխայի կյանքի առաջին իսկ օրերից ծնողները փորձում են նրա համար հնարավորինս լավ և ապահով պայմաններ ստեղծել: Հատկապես մահճակալ ընտրելիս նրանք նախապատվությունը տալիս են գեղեցիկ և վառ գույներ ունեցողներին: Սակայն պետք է հիշել, որ մահճակալը նախևառաջ պետք է լինի անվտանգ։ Ի՞նչ սկզբունքով մահճակալ ընտրել փոքրիկի համար:

Մանկական խանութ-սրահի աշխատակից Անուշ Մաճկալյանը ներկայացնում է մահճակալների և ներքնակների ընտրության սկզբունքները։

Մահճակալ գնելիս նախևառաջ պետք է հաշվի առնել փոքրիկի տարիքը, ինչպես նաև երեխայի սենյակի չափսերը:

Մինչև 10 տարեկան երեխայի համար պետք է ընտրել 160-180 սմ երկարությամբ մահճակալներ, մինչև 14 տարեկան երեխաների համար՝  170-180 սմ երկարությամբ: Արդեն մեծ  տարիքի պատանիների համար հարկավոր է սովորական չափս ունեցող մահճակալ ընտրել` 180-190 սմ: Պետք է ուշադրություն դարձնել մահճակալի եզրերին: Դրանք պետք է չունենան սուր ծայրեր։ Մահճակալի եզրերը պետք է լինեն կաուչուկով պատված։ Հատկապես օրորոցից հետո, երբ երեխան դեռևս սովոր չէ մահճակալին, հարկավոր է ընտրել հնարավորինս անվտանգ մահճակալ, որի կողքերը կլինեն փակ, այսինքն՝ կբացառվի գլորվելու և ընկնելու հավանականությունը։

Մահճակալ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև գույներին։  Եթե սենյակի պատերը ավելի բաց՝ պաստելային գույների են, հարկավոր է ընտրել ավելի վառ գույնի մահճակալ, իսկ եթե սենյակի պատերը գունավոր են, նախընտրելի է՝ մահճակալը լինի ավելի բաց գույնի` սպիտակ, երկնագույն կամ մոխրագույն:

Մահճակալի ճիշտ ընտրությունից ոչ պակաս կարևոր է ներքնակի ընտրությունը, ինչը ևս կախված է տարիքից։ Որքան փոքր է երեխան, այնքան նախընտրելի են կոշտ ներքնակները։ Օրինակ՝ մինչև 6 ամսական երեխայի և հատկապես նորածինների համար նախընտրելի են կոշտ ներքնակները, քանի որ փոքրիկը դեռևս չունի ձևավորված ողնաշար, հետևաբար պետք  է պառկի ավելի չոր ներքնակի վրա։ Տարիքին զուգահեռ կարելի է ընտրել ավելի փափուկ ներքնակ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ կոշտից փափուկ միանգամից անցումը կարող է վնասել փոքրիկին։ Անհրաժեշտ է  6 ամսականից հետո ընտրել միջին կոշտության կամ զսպանակավոր ներքնակներ։ Ներքնակը պետք է առնվազն 4 սանտիմետրով բարձր լինի  մահճակալի կողային փայտից, որպեսզի անկողնուց վեր կենալիս փոքրիկի ոտքերը գետնին չհասնեն: Իհարկե, ավելի փոքր տարիքի երեխաների դեպքում կարելի է ընտրել ավելի ցածր ներքնակ, օրինակ՝ օրորոցի ներքնակը կողային փայտից ցածր է։ Բայց երբ երեխան արդեն մահճակալին է քնում, ներքնակը պետք է մահճակալի կողային փայտից բարձր լինի։

Ի տարբերություն ներքնակների, մահճակալների բարձրությունն  այդքան էլ էական չէ։ Այն արդեն  կախված է ծնողի նախընտրությունից։ Կան մահճակալներ, որոնք ամբողջովին գետնին կպած են, կան մահճակալներ, որոնք հատուկ ոտիկների օգնությամբ բարձր են գետնից։ Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել մահճակալի լայնությանը։ Արդեն վերևում ասացինք, որ մինչև 10 տարեկան երեխաների մահճակալի երկարությունը պետք է լինի 160սմ, իսկ ահա լայնությունը՝ 80 սմ։

Մահճակալ ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դարակներին։ Ցանկալի է՝ դարակների բռնակները  արտաքին կողմից չլինեն, որպեսզի երեխան ոտքը չհարվածի դրանց։ Կարելի է ընտրել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս դարակը հրելու դեպքում բացել այն։ Եթե, այնուամենայնիվ, որոշում եք ընտրել դրսի կողմից տեղադրվող բռնակներով դարակներ, խուսափեք երկաթե սուր ծայրեր ունեցողներից։

Մահճակալ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև նյութի որակին։ Ցանկալի է ընտրել МДФ-ից պատրաստված մահճակալներ, որոնք  չեն պարունակում սոսինձ և քիմիական նյութեր: Իհարկե, ֆինանսական մատչելիության առումով ավելի հարմար է գնել լամինատե մահճակալ, սակայն մանակական կահույքի համար նախընտրելի է МДФ-ը։

Մահճակալ գնելուց հետո հաջորդ կարևոր քայլն այն սենյակում տեղավորելն է։ Այս դեպքում ևս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների։ Մահճակալը պետք է տեղադրել պատուհանից քիչ հեռու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն պատուհանից շատ հեռու տեղադրելն էլ խորհուրդ չի տրվում։ Պետք է այնպես անել, որ փոքրիկը կարողանա օգտվել բնական լույսից։ Պետք է կողմնորոշվել՝ հաշվի առնելով երեխայի տարիքը։ Հաճախ ծնողները փոքրիկի մահճակալը տեղադրում են ջեռուցման խողովակների մոտ՝ մտածելով, որ այդպես ավելի լավ և տաք կլինի փոքրիկի համար, սակայն ճիշտ հակառակն է նախընտրելի։ Եթե, այնուամենայնիվ, այլ տարբերակ չունեք, այնպես արեք, որ երեխայի ոտքերը լինեն ջեռուցման խողովակների մոտ, քանի որ չի կարելի, որ երեխայի գլուխը շատ տաքանա։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ