Ինչպե՞ս ընտրել մանկական սայլակ. մասնագետի խորհուրդները

Խնամք

Ներկայացնում է մանկական խանութ-սրահի աշխատակից Դիաննա Հայրապետյանը։

Սայլակ  ընտրելիս նախևառաջ պետք է հաշվի առնել  բնակության վայրն ու տեղանքը: Օրինակ՝  ո՞ր հարկում եք բնակվում։

Եթե  բնակարանը բարձր հարկում է, մայրիկի համար դժվար կլինի տեղաշարժել այն: Ըստ այդմ պետք է ընտրել այնպիսի սայլակ, որն ունի համեմատաբար թեթև քաշ և հարմար է տեղաշարժելու համար: Կան տարբեր տեսակի սայլակներ` զբոսանքի, ճանապարհորդության, ինչպես նաև ունիվերսալ, որոնք ունեն 3,8 կգ մինչև 14 կգ քաշ։

Նորածինների համար պետք է ընտրել առավել հարմարավետ սայլակ` հաշվի առնելով նաև նրա՝ դեռևս չձևավորված ողնաշարը:  Կան 3-ը 1-ում տեսակի սայլակներ, որոնք հարմար են և հեշտացնում են մայրիկի գործը, օրինակ՝ ներառում են քնազամբյուղ, car seat և սովորական սայլակ։

Սայլակ ընտրելիս պետք է հաշվի առնել նաև եղանակը: Անիվները պետք է համապատասխանեն տվյալ սեզոնին բնորոշ եղանակին։ Ձմեռային անիվներն ավելի հաստ են լինում՝ նախատեսված ձմեռային եղանակի, ձյան, սառույցի համար։

Նորածինների համար նախատեսված սայլակները պետք է այնպես լինեն, որ երեխան լինի մայրիկի տեսադաշտում, որպեսզի փոքրիկն անընդհատ տեսնի մայրիկին։ Քանի որ 6 ամսականից սկսվում է երեխայի աշխարհընկալման և ճանաչողական շրջանը, այդ տարիքից կարելի է ընտրել մյուս տարբերակը, երբ երեխան դեմքով դեպի փողոցն է նստած։ Ցանկալի է, որ 6 ամսական երեխայի համար նախատեսված սայլակներն ունենան խաղալիքներ, քանի որ որքան երեխան մեծանում է, այնքան իր համար ավելի ձանձրալի է դառնում պարզապես նստած մնալը։

6 ամսականից մեծ փոքրիկների համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի սայլակներ, որոնց ներքնակներն ապահովում են երեխայի կիսապառկած վիճակը։ Քանի որ 6 ամսականից հետո նոր-նոր սկսվում է ձևավորվել փոքրիկի ողնաշարը, ամբողջովին նստած դիրքը չի թույլատրվում այդ տարիքում։

Առհասարակ սայլակների ներքնակները  պետք է ունենան 15 աստիճան թեքություն, որպեսզի փոքրիկը հեշտությամբ կարողանա մարսել կերածը և ունենա բաց տեսադաշտ։

Սայլակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև որակին։ Այսինքն՝ ընտրել այնպիսի սայլակներ, որոնց հովանոցները լինեն արևից և անձրևից պաշտպանող։

Եթե ընտանիքը հաճախ է ճանապարհորդում, հարկավոր է դրա համար հատուկ նախատեսված սայլակներ ընտրել, քանի որ հատկապես ինքնաթիռով ճանապարհորդելիս ոչ բոլոր սայլակներն են թույլատրելի օդանավի սրահ մտցնել։

Եվ վերջում նշենք, որ սայլակները նախատեսված են մինչև 3 տարեկան երեխաների համար են։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ