Այն, ինչ պետք է իմանալ երեխայի մազերն առաջին անգամ կտրելուց առաջ

Խնամք

Երեխայի մազերն արդեն երկարել են և խանգարում են նրան՝ փակելով աչքերը, նա անընդհատ ձեռքերով այս ու այն կողմ է տանում դրանք․ ի՞նչ անել։ Իհարկե, պետք է շտապել վարսահարդարման սրահ։ Բայց մի՞թե երեխան հանգիստ կնստի վարսահարդարի աթոռին, երբ իր գլխի շուրջ «պտտվում են» մկրատն ու սանրը։ Դժվար հարց է։

Որպեսզի երեխան չսկսի լաց լինել ու կամակորություն անել վարսահարդարման սրահում, պետք է պատրաստվել նախապես։ 

 

Երբ կտրել մազերը 

Սա կախված է նրանից, թե որքան արագ են աճում երեխայի մազերը։ Երեխաների հիմնական մասը ծնվում է գլխի առատ մազածածկույթով, որը սկզբնական շրջանում շատ արագ է աճում։ Արդեն մեկ տարեկանից հետո կարելի է մտածել երեխայի մազերը կտրելու մասին, եթե դրանք բավականին երկարել են և փակում են երեխայի աչքերը։ Մյուս երեխաների դեպքում, երբ մազերն այդքան էլ շատ և երկար չեն, կարելի է կտրելու մասին մտածել երկու տարեկանից հետո։

 

Ո՞ր գնալ

Եթե բնակվում եք այնպիսի վայրում, որտեղ կան երեխաների համար նախատեսված վարսահարդարման սրահներ, ապա ընտրեք այդպիսինները, քանի որ այդ սրահները կահավորված են երեխաներին զբաղեցնելու համար անհրաժեշտ իրերով։ Իսկ եթե չկան, ապա պետք է ընտրել այնպիսի սրահ, որը հարմար կլինի երեխայի համար։ Չմոռանաք Ձեզ հետ վերցնել երեխայի սիրելի խաղալիքները։

 

Ի՞նչ ժամ ընտրել

Երեխային վարսահարդարման սրահ տանելու համար պետք է ընտրել այնպիսի ժամ, երբ երեխան չի լինի քաղցած, քնատ, կլինի առույգ ու տրամադրություն կունենա։ Եթե նախապես արդեն ժամ եք պայմանավորվել, սակայն երեխան լաց է լինում, տրամադրություն չունի, տխուր է, ապա ավելի լավ է զանգահարել և չեղարկել այցը, քանի որ երեխայի վատ տրամադրությունը սրահում էլ ավելի կվատանա։

 

Անվտանգություն 

Եթե երեխան թույլ է տալիս կտրել մազերն, ապա ընտրեք մկրատով կտրելու տարբերակը, քանի որ մազ կտրելու էլեկտրական սարքերը անմիջապես շփվում են մաշկի հետ, իսկ երեխայի մաշկը բավականին նուրբ է, կարող է վնասվել։ Բացի դա, սարքերն արձակում են ձայն, որից երեխան կարող է վախենալ։

Երեխայի մազերը կտրելն այնքան էլ վտանգավոր չէ, սակայն, եթե վախենում եք, որ երեխան անկանոն շարժումներ կանի, նստեք վարսահարդարի աթոռին, գրկեք երեխային, զբաղեցրեք նրան, որպեսզի շեղվի և ուշադրություն չդարձնի, թե ինչ են անում իր մազերի հետ։

Եթե արդեն վարսահարդարման սրահում եք և երեխան սկսել է լաց լինել, վախենալ, ապա դարձյալ չեղարկեք այցը, քանի որ վարսահարդարի աթոռից երեխան կփորձի փախչել, իսկ դա կարող է վտանգավոր լինել, երբ վարսահարդարի ձեռքում սուր մկրատ կա։

 

Ի՞նչ անել

Կտրված մազերը տեսնելիս երեխան կսկսի լաց լինել, կամակորություն անել, քանի որ նրանց համար շատ դժվար է, երբ խախտվում է իրենց «ամբողջականությունը»։ Դրա համար երեխաները չեն սիրում, երբ վերցնում են սիրելի խաղալիքը, հեռանում են սիրելի մարդիկ։ Որպեսզի նմանատիպ իրավիճակի մեջ չհայտնվեք, նախապես երեխայի հետ այցելեք սրահ ու բացատրեք, թե ինչպես են կտրում մյուսների մազերը, բացատրեք, որ երբ մազերը երկարում են, պետք է կտրել։ Կարևոր է երեխային բացատրել նաև, որ շատ շուտով նրա մազիկները նորից կերկարեն։ Ի դեպ, առաջին անգամ երեխայի մազերը կտրելիս կարող եք Ձեզ հետ մի մազափունջ վերցնել և պահել որպես հիշատակ։

 

Հարդարում՝ տանը 

Եթե, այնուամենայնիվ, Ձեզ չի հաջողվում երեխային տանել սրահ, ապա կարող եք վարսահարդարին հրավիրել տուն։ Երեխաների համար համեմատաբար ավելի հեշտ կլինի, եթե այդ ամենը կատարվի իրեն ծանոթ միջավայրում։

 

Աղբյուրը՝ vospitaj.com  

 

 

Գովազդ