Ե՞րբ պետք է երեխային օրորոցից տեղափոխել մահճակալ

Խնամք

Չկա հստակ ժամանակ, թե երբ պետք է երեխային օրորոցից տեղափոխել մանկական անկողին, սակայն շատ երեխաներ 2-3 տարեկանում են «լքում» օրորոցը։

Շատ մասնագետներ կարծում են, որ երեխային օրորոցից անկողին տեղափոխելու լավագույն ժամանակը 3 տարեկանն է, քանի որ ավելի փոքր տարիքի երեխաները պարզապես պատրաստ չեն հրաժարվել օրորոցից։ Դուք կարող եք նաև Ձեր երեխային օրորոցից տեղափոխել մահճակալ այն ժամանակ, երբ նա այլևս չտեղավորվի օրորոցի մեջ, և նրա համար այդտեղ քնելը լինի անհարմար։

Շատ ծնողներ անհանգստանում են, երբ երեխաները սկսում են ինքնուրույն իջնել օրորոցից։ Սակայն չի կարելի միանգամից և շատ կտրուկ արձագանքել դրան, և պետք չէ շտապել խանութ՝ նոր մահճակալ գնելու։ Հնարավոր է՝ նա պատրաստ չլինի այլ տեղ քնելուն։ Պարզապես ապահովեք անվտանգության բոլոր միջոցները՝ օրորոցի շուրջը փափուկ բարձեր շարեք կամ, եթե կա այդ հնարավորությունը, բարձրացրեք օրորոցի կողային ճաղավանդակները, որպեսզի երեխան չկարողանա «փախուստի դիմել»։

Հաճախ երեխային օրորոցից մանկական մահճակալ տեղափոխելու պատճառն ընտանիքում մեկ այլ երեխայի հայտնվելն է։ Սակայն պետք է հիշել, որ այս պարագայում այդ գործընթացը պետք է սկսել առնվազն 6-7 շաբաթ շուտ, որպեսզի երեխայի համար դա հավելյալ սթրես չլինի։ Ընտանիքում երկրորդ երեխայի ի հայտ գալը առաջնեկի մոտ առաջացնում է խանդ, քանի որ ընտանիքի անդամների ուշադրությունը սևեռվում է երկրորդ երեխայի վրա. դրանից բացի, երեխայի համար դժվար կլինի տեսնել, որ իրեն զրկել են իր սիրելի օրորոցից, որպեսզի քույրիկը կամ եղբայրն այնտեղ քնի։

Երեխաները միշտ էլ դժվարությամբ են տանում փոփոխությունները. օրինակ՝ հրաժարվում են քնել նոր մահճակալին։ Սակայն պետք չէ հանձնվել, անհրաժեշտ է համբերատար լինել։ Որպեսզի երեխան հեշտ հարմարվի նոր մահճակալին, կարող եք այն սկզբում տեղադրել օրորոցի նույն տեղում։

Սպիտակեղենի հարցում մի՛ շտապեք և սկզբնական շրջանում օգտագործեք երեխայի հին սպիտակեղենը, որն օգտագործում էիք օրորոցի համար։

Մի՛ մոռացեք անկողնու կողքերը բարձեր շարել, որպեսզի երբ երեխան ընկնի, չվնասվի։

Երեխային կարող եք ասել, որ այսուհետև նա կունենա մեծ երեխայի մահճակալ կամ շուտով կունենա այնպիսի մահճակալ, ինչպիսին ունեն իր մեծ քույրը կամ եղբայրը։

Նոր մահճակալը ընտրեք երեխայի հետ ու օրորոցից նոր մահճակալ տեղափոխվելը դարձրեք «տոն»։ Այդ օրը հրավիրեք տատիկներին, պապիկներին, իր սիրելի մարդկանց։

Եթե երեխան չի ցանկանում հրաժարվել օրորոցից, մի՛ ստիպեք նրան։ Խնդրեք, որ փորձի պառկել նոր մահճակալին, բայց եթե տեսնեք՝ չի ցանկանում այնտեղ քնել, մի ստիպեք նրան։ Մի քանի օր խնդրեք, որ կարճ ժամանակահատվածով պառկի, ապա կամաց-կամաց մեծացրեք ժամանակահատվածը։ Այդպիսով՝ երեխան քիչ-քիչ կընտելանա քնելու նոր միջավայրին։

 

Աղբյուրը՝ www.babycenter.com

Գովազդ