Ինչպես օգնել երեխային գազիկների դեպքում

Խնամք

Լացող փոքրիկ, անհանգիստ, շփոթված մայրիկ ու բազմաթիվ անքուն գիշերներ։ Սա ծանոթ իրավիճակ է գրեթե բոլոր նորածին ունեցող ընտանիքներում։

Թե ինչպե՞ս  փորձել մեղմել փոքրիկների փորիկի ցավն  ու օգնել մայրիկներին, այս և այլ մտահոգիչ հարցերի պատասխանները  «Իմ փոքրիկ»-ը փորձել է պարզել  «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանից:

 

-  Ինչու՞ է երեխաների մոտ առաջանում աղեխիթեր։

- Աղեխիթերի պատճառները վերջնականապես պարզաբանված չեն։ Հիմնական ենթադրյալ պատճառներից են․

  • Սննդի նոր և մինչև այդ չկիրառվող տարբերակներ
  • Աղիների ֆունկցիայի անկատարություն
  • Աղիների նորմալ ֆլորայի անլիարժեքությունը այդ տարիքում
  • Թթվային միջավայրի գերակայությունը և այլն

 

- Արդյոք նու՞յն են մանկական աղեխիթերը և գազիկները։

- Այո, նորածին երեխաների մոտ այդ երկու հասկացությունները ինտերպրետացվում են նույն կերպ։

 

- Գազիկները ո՞ր հասակից են սկսում և մինչև երբ են անհանգստացնում փոքրիկին։

- Մանկական աղեխիթը հիմնականում սկսվում է կյանքի 2-3 շաբաթից, իր գագաթնակետին է հասնում մինչև 2 ամսեկանը և վերանում է մինչև 3-4 ամսեկան հասակը։

 

- Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան լաց է լինում հենց գազիկների  կամ աղեխիթերի պատճառով։

Աղեխիթը առողջ փոքրիկների մոտ հիմնականում սկսվում է երեկոյան ժամերին: Ուղեկցվում է գրգռված լացով։ Երեխան ոտքերը տանում է դեպի որովայնը, հրաժարվում ուտելուց։ Նկատվում է որովայնի չափավոր փքվածություն։ Այս ամենը կարող է շարունակվել ժամեր։

 

- Որքանո՞վ է էֆեկտիվ դեղորայքային միջոցների կիրառումը։

- Դեղորայքային միջոցները քիչ էֆեկտիվ են, սակայն որոշ դեպքերում կարող են փոքր-ինչ թեթևացնել վիճակը։

 

- Կան բուսական հիմքով թեյեր, որոնք նախատեսված են մարսողական գործընթացի խթանմանը, ինչպես նաև գազիկները մեղմելու համար: Ըստ ցուցումի՝ թույլատրելի են 2 շաբաթական և ավելի տարիք ունեցող երեխաներին։ Ի՞նչ կարծիք ունեք նմանատիպ թեյերի և դրանց օգտագործման մասին։

Վերջինների էֆեկտիվությունն ապացուցված չէ։

 

- Ի՞նչ միջոցներով կարելի է մեղմել  առաջացած ցավերը և հանգստացնել երեխային։

Հիմնականում օգնում է երեխայի փորիկի տաքացումը։ Մայրը կարող է գրկել երեխային դեմքով դեպի իրեն՝ ապահովելով մաշկ-մաշկի շփում, որը նաև կտաքացնի երեխայի որովայնը։

 

-  Ինչպես է պետք մերսել երեխայի որովայնը, որպեսզի գազիկները դուրս գան։

Փորիկի մերսումների էֆեկտիվությունը շատ չէ, սակայն տաք ձեռքերով ժամշսլաքի ուղղությամբ մերսումը հնուց եկած մեթոդ է, որը որոշ դեպքերում իսկապես հաճելի է լինում փոքրիկին։

 

-  Ի՞նչ հաճախականությամբ են թույլատրելի տակ վաննաների կիրառումը։

Վաննաների կիրառումն ստույգ ուղեցույց չունի, ինչպես նաև սահմանափակումներ։

 

-  Երբ երեխան ցավեր ունի ու անհանգիստ է, ինքըստինքյան ծնողները ևս դառնում են անհանգիստ և նյարդային։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։

Պետք է հիշել, որ մանկական աղեխիթը բարորակ հիվանդություն է և ինքնուրույն անցնում է՝ առանց երեխային վնաս պատճառելու։ Ծնողներից միայն համբերություն է պահանջվում և ամուր նյարդեր։

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

 

Գովազդ