Ինչպես որոշել` երեխան տագնապայնություն ունի, թե ոչ. ուղղորդում է հոգեբանը

Խնդիրներ

Տագնապը բոլորիս ծանոթ մի զգացում է, որն ունենում ենք մեզ համար անորոշ, անհասկանալի, անծանոթ, նոր, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Եթե այդ իրավիճակը դառնում է մեզ համար հասկանալի, ծանոթ և որոշակի, տագնապը մարում է: Այս տեսակ տագնապը իրավիճակային է` կապված կոնկրետ իրավիճակի հետ:

Տագնապը բոլորիս ծանոթ մի զգացում է, որն ունենում ենք մեզ համար անորոշ, անհասկանալի, անծանոթ, նոր, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Եթե այդ իրավիճակը դառնում է մեզ համար հասկանալի, ծանոթ և որոշակի, տագնապը մարում է: Այս տեսակ տագնապը իրավիճակային է` կապված կոնկրետ իրավիճակի հետ:

Եթե տագնապային իրավիճակները երեխայի կյանքում գերակշռող են լինում, չի բացառվում, որ  ձևավորվի տագնապային անձ` մարդ, որն առավել հակված է տագնապի:

 

Վաղ մանկական տարիքում տագնապի պատճառ կարող են հանդիսանալ ծնողների վարքն ու վերաբերմուքնը երեխայի նկատմամբ: Այնուհետև մանկապարտեզում կամ դպրոցում մեծահասակների վերաբերմունքն ու դաստիարակչական մոտեցումները կարող են ազդեցություն ունենալ երեխայի անձի ձևավորման վրա: Սակայն տագնապայնության առաջացման համար առավել կարևոր ազդեցություն են ունենում երեխայի առանջնային միջավայրն ու ծնողները:

Երբ երեխան գտնվում է խաղաղ և կանոնավոր մթնոլորտում, նա առավել ամուր և վստահ է մեծանում: Երբ նորածին երեխայի կենսաբանական պահանջները բավարարվում են ժամանակին և կանոնավոր կերպով, դա նրան ապահովության և շրջապատի հանդեպ վստահության զգացում է տալիս: Ծնողների վստահությունն ու խաղաղությունը ևս անդրադառնում են փոքրիկի անձի ձևավորման վրա: Օրինակ` բազմազավակ ընտանիքներում միշտ նկատելի են առաջին և երկրորդ երեխաների բնավորության տարբերությունները: Առաջնեկները միշտ ավելի անվստահ են և կաշկանդված, իսկ երկրորդ երեխաներն ավելի վստահ և համարձակ: Սա կապված է ծնողների փորձառության հետ: Առաջին երեխային նրանք միշտ առավել անվստահ և վախով են մեծացնում, իսկ երկրորդի դեպքում արդեն փորձառու են լինում և վստահ են գործում:

Մանուկ հասակում տագնապայնության պատճառ կարող է լինել նաև մայրիկի խիստ անհանգստությունը փոքրիկի համար: Լինում են մայրիկներ, ովքեր երեխայի քունը հսկում են ամբողջ ընթացքում` օրորոցից չհեռանալով: Զարմանալիորեն այս վախերն ու տագնապները փոխանցվում են բալիկին:

Երեխայի մոտ բարձր տագնապայնություն կարող է առաջանալ, եթե.

  • երեխայի ծնողները վախեցել են նրան կորցնել հղիության ընթացքում,
  • երեխայի ծնողներն իսկ տագնապային անձինք են,
  • նորածնության ժամանակ երեխան հոսպիտալացվել կամ մորից երկար ժամանակով բաժանվել է,
  • ծնողները դժգոհ են սեփական կյանքից, աշխատավարձից, ապրելակերպից,
  • երեխան ապրում է կոնֆլիկտային իրավիճակում,
  • երեխան ապրում է անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջների ներքո,
  • երեխային շրջապատող միջավայրն անընդհատ նրան դնում է կախյալ վիճակի մեջ,
  • երեխան շրջապատված է հակասական պահանջներով` դպրոցի կամ ծնողների կողմից, և այլն:

Եթե ձեր երեխան մատն է ծծում, եղունգներն է կրծում, անընդհատ ճոճվում է աթոռի վրա, հաճախակի թմբկահարում է մատներով սեղանին, անընդհատ անհանգստության մեջ է, մազերի հետ է խաղում, ունքերն է պոկոտում, ձեռքերի մեջ պտտում է տարբեր իրեր, հաճախակի օնանիզմով է զբաղվում, տարաբնույթ կրկնվող գործողույթուններ է կատարում, ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարություն է ունենում, մկանային լարվածություն ունի, օրինակ` պարանոցի կամ դեմքի հատվածում, դյուրագրգիռ է, քնի խանգարումներ ունի, ապա կարելի է ասել, որ երեխան բարձր տագնապայնություն ունի:

 

Մեր հետագա հրապարակումներում կխոսենք տագնապի հաղթահարման միջոցների մասին:

 

Հեղինակ` Անուշ Ալեքսանյան

«Երկուսով»  հոգեբանական կենտրոն

Գովազդ