Ականջացավ. բացահայտումը և բուժումը

Խնդիրներ

Ձեր փոքրիկն անհանգիստ է, լացում է, ձեռքը  տանում դեպի ականջը.  սա կարող է  նշանակել, որ  ցավում է փոքրիկի ականջը:

Ականջի ցավի պատճառ կարող է լինել արտաքին լսողական ուղու բորբոքումը, որը կոչվում է  նաև «լողորդի ականջ» և միջին ականջի բորբոքումը: Երբեմն ականջացավի հետ շփոթում են հարականջային գեղձի բորբոքումը, օրինակ խոզուկի ժամանակ, կամ ատամնացավը, քանի որ երբեմն երեխան չի կարողանում հստակ ցույց տալ, թե որ տեղն է ցավում:

Կարևոր է նկատել ախտանիշերը, որպեսզի ժամանակին  կանխվի հիվանդությունը:  Եթե երեխան խոսում է, նա կասի, որ ցավում է ականջը, իսկ ավելի փոքրերը լացում են, ձեռքը տանում դեպի ականջը: Ուստի մայրիկները պետք է ուշադիր լինեն` հասկանալու, թե ինչն է անհանգստացնում երեխային:

Միջին ականջի բորոքումը հաճախ ուղեկցում է շնչառական վարակներին և  ընթանում է ինքնազգացողության վատացմամբ և  ջերմության բարձրացմամբ: Միջին ականջում հեղուկի կուտակումը կարող է լսողության ժամանակավոր վատացման պատճառ դառնալ: Միջին ականջի բորբոքման դեպքում, երբեմն թմբկաթաղանթը պատռվում է, և ականջից դեղնավուն հեղուկ  կամ թարախ է արտահոսում:

Բուժման համար նախ պետք է դիմել մանկաբույժին, իսկ անհրաժեշտության դեպքում քիթ-կոկորդի բժշկին: Առանց բժշկի խորհրդի ականջի մեջ ոչինչ մի կաթեցրեք: Խստորեն հետևեք բժշկի ցուցումներին: Սովորաբար ջերմությունն իջնում և  ցավը մեղմանում է 3 օրվա ընթացքում, բայց բուժումը  անհրաժեշտ է այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը, այլապես հիվնադությունը կարող է կրկնվել:

 

Նյությում օգտագործվել են տեղեկություններ  «Մեկից երեք տարեկան երեխայի խնամքը» գրքից, Հայաստան, 2002թ

Գովազդ