Նորմա՞լ է, արդյոք, որ փոքրիկն իրեն նորածնի պես է պահում

Խնդիրներ

Այո, նորմալ է, որ Ձեր փոքրիկը վարքի որոշակի հետընթաց ունենա այս տարիքում: Այժմ նրա աշխարհը մեծ արագությամբ է ընդլայնվում, և նա երբեմն կարիք ունի հետ գնալու`իրեն ապահով զգալու համար:

Եթե տանը նորածին քույր կամ եղբայր ունի, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ երեխան կցանկանա` ինքն էլ նորածին դառնա: Նա, օրինակ, կարող է հանկարծ ջրին ջու-ջու ասել կամ սննդին նյամ-նյամ, չնայած որ ինքը շատ լավ գիտի համապատասխան բառերը և մինչ այդ օգտագործել է դրանք: Նա կարող է խնդրել, որ իրեն էլ կրծքով կերակրեք կամ ծծակ տաք, ինչպես փոքր եղբորը կամ քրոջը: 

Ռեգրեսիան փոքրիկի մոտ կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, օրինակ, ֆիզիկական: Եթե նա նախկինում կարողանում էր մագլցել, բռնելով քայլել, այժմ կարող է ձեւացնել, որ չի կարողանում:

Երկրորդը սոցիալական հմտությունների ռեգրեսիան է. նա ամփոփվում է իր փոքրիկ աշխարհում: Կարող է պատահել նաև, որ փոքրիկի խոսքը հետ զարգանա. նա, հնարավոր է, քիչ խոսի, եւ մի քանի բառանոց արտահայտություններով սահմանափակի խոսքը:

Թվարկված երեք նշանների ի հայտ գալու դեպքում ցանկալի է, որ խորհրդակցեք մանկաբույժի հետ:

Եթե փոքրիկն էմոցիոնալ առումով այնպիսին է, ինչպես նախկինում, պարզապես  ուզում է, որ իրեն որպես նորածնի վերաբերեք, ապա հանգիստ եղեք. շուտով նա կվերադառնա զարգացման իր նախկին մակարդակին ու կշարունակի առաջ գնալ, հենց որ իրեն նորից ապահով զգա:

Սակայն եթե չեք ուզում խրախուսել փոքրիկի նման վարքը, ապա հասկացեք, թե ինչ է ուզում և հիմնավորումներով նրան այլ բան առաջարկեք: Օրինակ, եթե նա ուզում է, որ իրեն կրծքով կամ շշով կերակրեք, ապա հիշեցրեք, որ նա արդեն մեծ աղջիկ է, որը կարողանում է բաժակ, գդալ և պատառաքաղ օգտագործել: Միասին ժամանակ անցկացնելու այլ ձևեր գտեք,օրինակ` միասին ընթերցանությամբ զբաղվեք:

Նյութնըստ babycenter.com կայքի

Գովազդ